Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկչություն լրագրողի նկատմամբ

Մարտ 05,2003 00:00

Ահաբեկչություն լրագրողի նկատմամբ Փետրվարի 28-ին, Վանաձորում, Սպայի տան դահլիճում ընթացող դատաքննության (ասպիրանտ Արտյոմ Սարգսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործով) ընթացքում հայտարարված կարճատեւ ընդմիջման ժամանակ վկա, հոսպիտալի բուժքույր Գայանե Մկոյանը, մոտենալով ամբաստանյալ, բժիշկ Անահիտ Սաքանյանի պաշտպան Կարինե Գասպարյանի հետ զրուցող «Առավոտի» լրագրող Գայանե Հովսեփյանին, սկսել է վարկաբեկիչ խոսքեր ու սպառնալիքներ տեղալ նրա հասցեին (հիշեցնենք, որ դատաքննության լուսաբանումն ընթանում է միայն «Առավոտում» եւ վանաձորյան ԶԼՄ-ներից ոչ մեկը դատաքննությանը չի մասնակցում)։ Գ. Հովսեփյանը վկային սառնասրտորեն բացատրել եւ հիշեցրել է, որ նրա վկայության մի հատված (որը տպագրվեց «Առավոտում») հերքվել է ե՛ւ վկա, հոսպիտալի նախկին պետ Սամվել Մանուկյանի, ե՛ւ բուժծառայության պետ Գ. Մարտիրոսյանի կողմից։ «Մանուկյանը մեղավոր ա, դրա համար էլ հերքել ա, բա ի՞նչ պիտի անի»,172 հիստերիկ ճչոցով շարունակել է վկա Մկոյանը, չդադարեցնելով զազրախոսության տարափը լրագրողի հասցեին, իսկ Գայանե Հովսեփյանի դիտողությանը՝ «Ձեզ կարգին պահեք», նետել է. «Ուզում ե՞ս մի հատ էլ խփեմ»։ Հովսեփյանի հավաստմամբ, եթե այդ պահին ոստիկանները չլինեին (թեպետ ոչ մի շարժում չեն կատարել վկային կարգի հրավիրելու համար), հավանաբար, վերջինս կիրագործեր իր սպառնալիքը։ Գայանե Հովսեփյանի հավաստմամբ, պաշտպան Գասպարյանն էլ փորձել է ուղղորդել իր աշխատանքը, ասելով, թե շեշտը պետք է դնել բանակի վրա եւ ոչ թե բժիշկների, եւ սա այն դեպքում, երբ դատաքննությունն առայժմ լուսաբանվում է՝ ով ինչ ասաց, եւ ոչ թե մեկնաբանվում։ Տեսնելով, որ այլեւս հնարավոր չէ այդ պայմաններում աշխատել, Հովսեփյանը հարկադրված դուրս է եկել դահլիճից, ի լուր ամենքի հայտարարելով, որ իր ֆիզիկական անվտանգությունը այդտեղ չի երաշխավորվում, ուստի հարկադրված է լքել դահլիճը։ «Դու դա վաղուց պիտի անեիր»,172 նրա ետեւից նետել է Գ. Մկոյանը, որին, այդպես էլ հայտնի չէ, վարչական պատասխանատվության հոդված առաջադրվե՞լ է, թե՞ ոչ, եւ արդյո՞ք դատավորը թույլ է տվել կարգազանց վկային մասնակցել դատական նիստին։ Այդ ամենին ներկա են եղել Հելսինկյան ընկերակցության ներկայացուցիչներ Արարատ Մարգարյանը եւ Աշոտ Վարդումյանը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կատարվածը համարում է Հայաստանում հերթական անգամ լրագրողի նկատմամբ ահաբեկչության դրսեւորում։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել