Լրահոս
Օրվա լրահոսը

Հույսն իրենց վրա են դրել

Մարտ 05,2003 00:00

Հույսն իրենց վրա են դրել Խորհրդային կարգերի փլուզումից հետո Տավուշի մարզի Այրումի «Գիգանտ» պահածոների գործարանն աստիճանաբար գցելով արտադրության մասշտաբը, թուլացավ եւ դադարեցրեց աշխատանքը։ Բնակչությունը մատնվեց անգործության։ Գործարանը տարածաշրջանի հազարավոր մարդկանց եկամտի աղբյուրն էր։ Այժմ այն լուռ է։ Անցած տարի գործարանում ստեղծվել էր մուրաբայի արտադրություն, մարդիկ էլ այս դժվարին պայմաններում ընտանիքի համար հաց էին վաստակում մրգեր հանձնելով։ Գործարանը փողը վճարում էր կանխիկ։ Սակայն ամեն ինչ կարճ տեւեց՝ մինչեւ ձմռան գալն ու բերքի սպառվելը։ Պահածոների գործարանի ղեկավար Արմեն Սահակյանին հարցրինք, թե կշարունակվի՞ արդյոք աշխատանքը։ Ըստ պարոն Սահակյանի. «Նախորդ տարիներին կառավարությունը գործարանին խոստացել էր Լինսի հիմնադրամից վարկ տրամադրել։ Գործարանն էլ արդեն քանի տարի հույսով լեցուն սպասում էր խոստացված վարկին։ Սակայն տեսնելով, որ վարկը չկա, որոշեցի այլ ուղիներ որոնել։ Այժմ մենք պայմանավորվածություն ունենք Մոսկվայի գործարարներից մեկի հետ, համաձայն որի, զբաղվում ենք մուրաբայի արտադրությամբ։ 2002թ. արտադրվել է 100000 հատ 0,5լ տարաներով մուրաբա եւ առաքվել Մոսկվա։ 2003թ. համար ավելի մեծ ծրագրեր ունենք եւ եթե անցած տարի գործարանում աշխատողների թիվը կազմում էր 35-40 մարդ, ապա այս տարի պատրաստվում ենք լիովին շահագործման հանձնել գործարանի 1-ին արտադրամասը, ուստի այս տարի աշխատողների թիվը կկազմի 100-ից ոչ պակաս։ Այս տարի պատրաստվում ենք նաեւ վերսկսել հյութերի արտադրությունը»։ Սակայն, ըստ գործարարի, կան մի շարք դժվարություններ եւ դրանցից ամենամեծ խնդիրն այն է, որ «մենք պատրաստվում ենք մեր արտադրանքը դուրս բերել միջազգային շուկա, որի համար չունենք միջազգային ստանդարտներին համապատասխան հատուկ փաթեթավորման սարքավորումներ, այդ իսկ պատճառով մեր պատրաստած մուրաբան Մոսկվայում վերամշակվում է, ստանում հատուկ տետրոպարկերով փաթեթավորում եւ նոր միայն համաշխարհային շուկայում «փայլելու» իրավունք ստանում»։ Աշխատում են վարկ ստանալու ուղղությամբ։ ԲԲԸ նախագահի խոսքերով, տարածաշրջանում ստեղծվել են դեղձենու այգիներ, որոնք երկու տարի անց գործարանին կապահովեն դեղձով։ Իսկ դեղձը, առավել եւս Նոյեմբերյանինը, մեծ պահանջարկ ունի միջազգային շուկայում։ Այս պահին գործարանի 5 արտադրամասից 3-ը գտնվում է սարքին վիճակում եւ առաջին իսկ հնարավորության դեպքում ի վիճակի է զբաղվելու արտադրությամբ, որի համար առայժմ միջոցներ չկան։ Ուստի առայժմ ամբողջ ուշադրությունն ուղղված է նրան, որ այդ միակ արտադրամասը գոնե լիարժեք շահագործման հանձնվի։ ԳԱԳԻԿ ԱԲՈՎՅԱՆ Տավուշի մարզ, Այրում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել