Կրակն ենք ընկել Մենք խաղաղ էինք մինչեւ ընտրությունները Այո, խաղաղ էինք, հանգիստ էինք, ապահով էինք մինչեւ ընտրությունները։ Այս էլ որերորդ անգամ մեր հանգիստը խանգարվում է, ժողովուրդը իրար Է խառնվում, անապահովության տագնապները ոտքի են կանգնում ու ուտում մեզ։ Հասարակության մի մասը թշնամանում Է մյուս մասի հետ, սրեր են ճոճվում, աշխարհի վերջի մասին կոչեր են հնչում երկուստեք, բոլորը դեմքով շրջվում են դեպի հասարակ մահկանացուն եւ երկրի ու ժողովրդի բախտի բանալին դնում մինչ այդ իրենց համար հանգիստ ապրող խեղճերի բուռը։ Այս ամենը հար եւ նման կրկնվում է ամեն նախագահական ընտրություններից առաջ։ Յուրաքանչյուր հաջորդ թեկնածուն հայտնվում է մեզ անդունդից փրկելու առաքելությամբ, երկիրը խառնում է իրար, մի կերպ իրեն ընտրել տալիս, հետո գալիս է հաջորդը, որպեսզի այդ ազգակործանից մեզ փրկի, գուրգուրի, հարստացնի, երջանկացնի։ Այն օրից, ինչ մեր գլխին փաթաթել ենք նախագահական կառավարումը, կներեք, բայց իսկապես կրակն ենք ընկել։ Ընտրությունները մոտենալու նախորդ տարուց սկսած, Հայաստանի բոլոր հավակնոտ մարդիկ պլաններ են մոգոնում իշխանությանը մերձենալու ուղղությամբ։ Մի մասը ինքն է իրեն արժանի համարում գահին նստելու համար, մի մասը գահին մոտիկ պաշտոններով է բավարարվում։ Հեռու-մոտիկ բոլոր բարեկամներն իրենց շահերն են որոնում, աշխատանք ունենալու հույսեր են փայփայում, մի խոսքով՝ բոլորը խառնվում են իրար, մոռանում մի քանի օր առաջվա հանգիստ կյանքը։ Այս դաժան կյանքը մենք ինքներս ենք մեզ համար հորինել։ Աղմուկ-աղաղակով, կռվով172 դավով նախագահ ենք ընտրում, հինգ տարում նախագահը հասցնում է այնպիսի բաներ անել, որ հիմա էլ աղմուկ-աղաղակով, կռվով-դավով նրան հեռացնել ենք ցանկանում։ Հետո նույնը, ճիշտ նույն սցենարով կրկնվում է հաջորդի հետ։ Միշտ գործող նախագահն ու նրա մերձավորները (այսինքն՝ նրա շնորհիվ աշխատանք, վաստակ, պատիվ-հարգանք ունեցողները) ժողովրդին վախեցնում են նորահայտ թեկնածուով, թե նա բոբո է, երկիրը կործանելու է։ Իսկ նորահայտն էլ՝ հնին է՛լ հանցագործ, է՛լ թշնամի, ինչ սարսափազդու բաներ կան՝ շարում է, վարկաբեկում մեզ էլ, մեր երկիրն էլ, որ այդպես էլ երբեք արժանի չենք լինում մի կարգին նախագահի։ Բայց, ինչո՞ւ, կարելի՞ է անընդհատ տանջվել այս չարության լաբիրինթոսում։ Վերջիվերջո ժողովուրդն ի՞նչ անի։ Առանց այն էլ օրվա հացը վաստակելու, տունուտեղ պահելու վրա այնքան ուժ ու զգացմունքներ են վատնվում, մարդն ինքն է իր տերը մնացել, իր գլխի ճարը մի կերպ տեսնում է, փող է ստեղծում, բերում է մի գործի տեր է դարձնում իրեն, հիմա էլ ընտրություններ կոչվածով հունից հանում են բոլորին, ուժ չեն թողնում մարդ շարունակի իր հանգիստ կյանքը։ Պատճառն էլ՝ իբր թե դեմոկրատական երկրի սկզբունքներով նախագահ ենք ընտրում մեզ համար։ Նախագահական կառավարումը Հայաստանում չի արդարացնում իրեն։ Զգացմունքային ժողովրդի համար ցնցումների մեջ ընկնելը մեկից մեկ է։ Միանգամից սիրում ենք, միանգամից ատում, այս ի՞նչ բան է։ Եկեք մեզ ազատենք հինգ տարին մեկ մեզ պատուհասող այս ընտրություն կոչվածից: Եկեք Ազգային ժողովին լիազորենք կամ նախագահ ընտրելու պատասխանատվությունը, կամ էլ Ազգային ժողովի նախագահին վերապահենք երկրի գլխավոր անձը լինելու պարտականությունը։ Ճիշտ չի, երբ ասում ենք, թե մեր ազգային դիմագիծը ենթադրում է նախագահական կառավարում։ Ոչ մի հայկական ավանդական ընտանիքում միայն ընտանիքի ավագով հարց չի լուծվում։ Հայկական ավանդական ընտանիքը սիրում է կոլեգիալություն, հաշվի են առնվում նույնիսկ երեխաների կարծիքները։ Այլ բան, որ ընտանիքը հարգում է մեծի խոսքը, եթե այն տեղին ու արդարացի է։ Ինչեւէ, նախագահական ընտրություններ կոչված այս համաժողովրդական ստրեսը մի՞թե բավարար պատճառ չէ մեզ դրանից ազատելու որոշումը կայացնելու համար։ Մենք ընտրենք Ազգային ժողով, ազգային ժողովականներն էլ թող իրենց ընտրած նախագահի հետ միասին կոլեգիալ կառավարեն երկիրը։ Մեզ էլ ազատեն այս համընդհանուր թշնամությունից ու անլիարժեքության բարդույթից, ինչ է թե մեր ոչ մի նախագահ չի կարողանում դիմանալ իշխանության գայթակղություններին ու պատվով կրել առաջին դեմքի տիտղոսը։ Ինչքա՞ն պետք է ժողովուրդը հիասթափվի ինքն իրենից։ Իսկ իր երեխաների՞ն ով պետք է պահի, մի հարցնող լինի։ ԼՈՒՍՅԱ ՄԵՀՐԱԲՅԱՆ