Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՔԱՅՔԱՅՎԱԾ ԵՐԱԶԸ

Մարտ 05,2003 00:00

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՔԱՅՔԱՅՎԱԾ ԵՐԱԶԸ Իր բարդությամբ, կարեւորությամբ ու արժեքով Արփա-Սեւան թունելն ատոմակայանից հետո երկրորդ օբյեկտն է։ Փոքր տնտեսություն ունեցող մեր երկրի համար երբեւիցե նման կառույց ստեղծելու հնարավորություն էլ չի կարող լինել։ Իսկ այսօր այն պահպանել անգամ չենք կարողանում։ Ավելի քան 20 տարի աշխատող (1981-ից) թունելի պահպանության եւ շահագործման համար անցած տարիներին տրամադրված գումարները եղել են խիստ անբավարար։ Վերջին հատկացումը եղել է 2000 -ին՝ շուրջ 600 մլն դրամ, որն «Արփա-Սեւան» ՊՓԲԸ-ն ստիպված էր խնայողաբար ծախսել նաեւ 2001-02 թվականներին նույնպես։ Վերջին երկու տարում բյուջեի հնարավորությունները սահմանափակվել են «ապարատի» պահպանության համար 50-55 մլն դրամ տրամադրումով։ Բայց դա էլ բավարար չէ։ Աշխատակազմը զրկված է տարրական պայմաններից։ Շահագործող չորս տեղամասերի եւ մայր գրասենյակի միջեւ նորմալ գործող կապ չկա, ճանապարհները քայքայված վիճակում են, արհեստանոցները զրկված են տարրական աշխատանքային- կենցաղային պայմաններից, իսկ ջուր կուտակող-բացթողնող սարքավորումները չեն թարմացվել տեղադրման օրվանից։ Ինչ վերաբերում է թունելին, ապա այն ավելի քան անմխիթար վիճակում է։ Այսօր 1300 մետր երկարությամբ հատված հիմնովին վերանորոգման կարիք ունի։ Երկու տարի առաջ այդ հատվածը կիսով չափ քիչ էր, չորս տարի առաջ՝ ընդամենը 120 մետր էր։ Ինչպես տեսնում եք, չվերանորոգվելու պատճառով վնասված հատվածի երկարությունն աճում է օրեցօր՝ վտանգի տակ դնելով 250 մլն դոլար արժողության կառույցի կյանքն իր բոլոր չարաղետ հետեւանքներով։ Անցած տարի արդեն տեղի է ունեցել վթար, որի պատճառով դադարեցվել է ջրի տեղափոխումը։ Այն կարող էր ավարտվել նաեւ ավելի ծանր վերջաբանով։ Ընդհանրապես, շահագործման կանոններով նախատեսվում է տարվա մեջ երկու անգամ դադարեցնել ջրի տեղափոխումը, կատարել պրոֆիլակտիկ աշխատանքներ, ինչը չի արվում կրկին ֆինանսների սղության պատճառով։ Ըստ նախնական հաշվարկների, անհրաժեշտ է շուրջ 8 մլրդ դրամ, որպեսզի Արփա-Սեւան թունելը բերվի բնականոն շահագործման վիճակի։ Այս տարվա բյուջեով նախատեսված է տրամադրել 320 մլն դրամ։ Բայց պարզվում է, որ եթե նույնիսկ տրամադրվեր ողջ 8 միլիարդը, այն իրացնել չէր լինի, որովհետեւ այսօր պատրաստ են ընդամենը 2,5 մլրդ դրամի աշխատանքների նախագծերը։ Իսկ ամբողջությամբ պատրաստ չեն, որովհետեւ մինչ այդ պետք է լիներ մասնակի ֆինանսավորում, որպեսզի մասնագետները կարողանային հորանները նորոգել, իջնել ներքեւ, ուսումնասիրել տեղամասի վիճակը եւ ըստ այդմ էլ կազմեին նախագծեր։ Սկզբունքն այնպիսին է, որ միջոցների հատկացումն ու աշխատանքների կատարումը պետք է լինեն հաջորդական, որպեսզի չընդհատվի ջրամատակարարումը, ինչն առայժմ չի հաջողվում։ Թունելի վիճակն էլ գնալով դառնում է դժվար վերականգնելի։ Այնինչ, այս տարվա երկրորդ կեսից նախատեսվում է շահագործման հանձնել նոր՝ Որոտան-Արփա թունելը։ Դա նշանակում է, որ Արփա-Սեւան թունելն իր վրա վերցնում է լրացուցիչ դեր (նաեւ՝ բեռ) եւ այդուհետ պետք է Որոտան գետից Կեչուտի ջրամբար տեղափոխված տարեկան 160 մլն խորանարդ մետր ջուրն ավելանա Արփա գետից ու Եղեգիսի կիրճից Սեւանա լիճ տեղափոխվող ջրի ծավալին՝ տարեկան կազմելով 400-450 մլն խորանարդ մետր։ Այս ծավալների պայմաններում մեծանում է թունելի վերանորոգման ու շահագործման կանոններով խստիվ պահպանման խնդիրը։ Այլապես պետությանը չի հաջողվի իրականացնել առաջիկա 20 տարիների ընթացքում Սեւանա լճի մակարդակը 6 մետրով բարձրացնելու իր ռազմավարական ծրագիրը։ Արփա-Սեւան թունելի շահագործումն այժմ տրված է Ջրային ռեսուրսների պետական կոմիտեին։ Բայց այստեղ գտնում են, որ այդ աշխատանքը մեկ գերատեսչության լուծելու խնդիրը չէ։ Հաշվի առնելով թունելի կարեւորությունն ու բարդությունը, այստեղ հսկայական անելիք ունեն քաղաքաշինության, բնապահպանության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունները նույնպես։ Ի դեպ, վերջերս կառավարության որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի եւ կայացնի որոշումներ այն խնդիրների շուրջ, որոնք նպատակաուղղված կլինեն կառույցի վիճակի բարելավմանը։ Քննարկման նյութ է նաեւ թունելի կառավարման համակարգը, քանի որ պետական վարչահրամայական մեթոդով կառավարման ձեւը, մեղմ ասած՝ չի ոգեւորում կոլեկտիվին։ Հանձնաժողովի կարեւոր խնդիրներից մեկն էլ անընդմեջ ֆինանսավորման աղբյուրներ գտնելն է։ Նկատի ունենալով, որ Արփա-Սեւան թունելն ունի տարածաշրջանային բնապահպանական կարեւորագույն նշանակություն, կարծիք կա, որ միջազգային կազմակերպություններին ֆինանսավորելու համար երկար համոզելու կարիք չի լինի։ Եթե, իհարկե, կառավարությունն էլ իր հերթին ուշադրության տակ պահի խնդիրը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել