Նա նույնպես հերոս է Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, եւ բոլոր թերթերը /նաեւ մերը/, բնականաբար, գրելու են նրա մասին: Եվ դա ճիշտ է՝ Վազգեն Սարգսյանի ծառայությունները մեր ժողովրդի եւ պետության առջեւ հսկայական են: Ի դեպ, այսօր, քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, զոհվածի «կլանի» մասին խոսելը չի տեղավորվում նույնիսկ ժուռնալիստական ցինիզմի սովորական /բավականին լայն/ շրջանակներում: Այդքան խիզախ եք՝ խոսեք ներկայիս պաշտպանության նախարարի կլանի մասին, որը շատ ավելի հզոր է եւ ճյուղավորված: Բայց ես ուզում եմ հիշել, որ այսօր եւս մի հերոսի ծննդյան օրն է՝ Սամվել Բաբայանի: Երբ նա Ղարաբաղի տերուտիրակալն էր, մենք նրա մասին միայն վատն էինք գրում, ինչպես բոլոր տիրակալների մասին: Հիշում եմ, նրա՝ Ղարաբաղի փաստացի ղեկավար լինելու շրջանում «Առավոտի» խմբագրություն ներխուժեց Շմայսը /ներկայումս՝ նշանավոր ընտրակեղծարար/ եւ պահանջեց հերքել անհերքելին՝ որ Սամվել Բաբայանը զբաղվում է բիզնեսով: Այսօր Շմայսը ծառայում է ուրիշ տերերի, իսկ Սամվելի մասին շատերը կարծես թե մոռացել են: Մինչդեռ Սամվել Բաբայանը, անկախ նրանից, թե ինչ է արել 1994-ից հետո, Ղարաբաղյան պատերազմի ամենափայլուն, ամենախիզախ հերոսներից մեկն է, եւ մեր հաղթանակների մեջ մեծ է նրա կամքի, նրա հնարամտության, նրա կազմակերպչական տաղանդի ներդրումը: Արդեն երեք տարուց ավելի է, որ նա բանտում է՝ կատարած թե չկատարած հանցագործության համար, ես չգիտեմ: Մեր քննչական ու դատական մարմիններն այն վիճակում չեն, որ կարողանան հանրությանը որեւէ բան ապացուցել: Բայց անկախ ամեն ինչից, Սամվելը արժանի է մեծահոգության: Անձամբ չեմ ճանաչում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, բայց նա, ի տարբերություն ոմանց, հիշաչար եւ մանրախնդիր մարդու տպավորություն չի թողնում: Ուստի, եթե ինչ-որ բան նրանից է կախված, նա ի վիճակի է ներում շնորհել Սամվել Բաբայանին՝ մանավանդ, որ ահաբեկչությունն ուղղված էր հենց իր՝ Ղուկասյանի դեմ: Իսկ մենք պարտավոր ենք հարգել նաեւ այդ հերոսի վաստակը: Ծնունդդ շնորհավոր, Սամվել: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ