ԱՄՆ-Ի ԿՈՉԸ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՄՆ-ը ակնկալում է, որ ՀՀ իշխանությունները հաստատեն Հայաստանի պատրաստակամությունը ՀՀ նախագահական ընտրությունների 2-րդ փուլում արդար ընտրություններ անցկացնելու խնդրում: «ԱՄՆ-ը համաձայն է ԵԱՀԿ եւ ԵԽ ԽՎ դիտորդական առաքելությունների համատեղ գնահատականին, թե ՀՀ-ում նախագահական ընտրությունները «ընդհանուր առմամբ անցել են հանգիստ եւ կազմակերպված, բայց ձայների հաշվառման գործընթացը խեղաթյուրվել է, եւ ընտրությունների ընթացքը մի քանի առանցքային ասպեկտներում չեն համապատասխանել միջազգային չափանիշներին»: ԵԱՀԿ Մշտական հանձնաժողովում դեսպան Ստիվեն Մինիկաեսի հայտարարության մեջ նշված է. «Մենք ողջունում ենք ընտրական գործընթացում մի շարք դրական տարրերը, որոնք մատնանշված են ԵԱՀԿ եւ ԵԽ դիտորդների համատեղ գնահատականում: Այդ թվում՝ ընտրություններին ինը թեկնածուների մասնակցությունը, ինչը ընտրողներին տվել է ընտրելու իրական հնարավորություն, ամբողջ երկրի տարածքում քարոզարշավի եռանդուն բնույթը, ընտրությունների մասին օրենքում շտկումներ կատարելը, ընտրական հանձնաժողովների կողմից տեխնիկական պատրաստվածության բավարար մակարդակը, ընտրացուցակների ճշտումները: Ցավոք, մենք ուշադրություն ենք դարձրել նաեւ մի շարք լուրջ խախտումների վրա, որոնք նկատելի են եղել նախընտրական փուլում, այդ թվում՝ ընտրողների ահաբեկման, պետական հեռուստաընկերության կողմից բոլոր թեկնածուների համար հավասարապես հասանելի լինելու եւ պետության գործող ղեկավարի կողմից պետական ռեսուրսների օգտագործման փաստերին: Մենք նաեւ չենք կարող չնշել, որ ընտրությունների օրը տեղի են ունեցել մի շարք խախտումներ, որոնք պրոբլեմատիկ ընթացակարգով են տեղի ունեցել, այդ թվում՝ ձայների հաշվառումը եւ ընտրական տեղամասերի մակարդակով քվեատուփերում հավելյալ քվեաթերթիկներ նետելու փաստերը»,- հայտարարել է դեսպանը: Վերջինս միաժամանակ արձանագրել է, որ ԱՄՆ-ը կոչ է անում բոլոր կողմերին հաստատել 2-րդ փուլում ազնիվ եւ ամբողջությամբ թափանցիկ ընտրություններ անցկացնելու իրենց պատրաստակամությունը. «Մենք ողջունում ենք ԿԸՀ-ի խոստումները՝ ժամանակին բարելավել մարտի 5-ին նշանակված ընտրությունների 2-րդ փուլը: Հայաստանի իշխանությունները՝ 2-րդ փուլի ընտրությունների ընթացքը բարելավելու իրենց խոստումները պետք է ամրապնդեն այդ պարտավորության իրագործմանն ուղղված արագ եւ կոնկրետ միջոցառումներով: Պետք է մեծ աշխատանք տանել, որպեսզի 1-ին փուլում տեղ գտած հիմնախնդիրները 2-րդ փուլում չկրկնվեն»: Սեփ. լր.