«Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրս վառի իր մոմը» Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է Մտադիր էի Վազգենի ծննդյան օրը զրուցել նրա հարազատների եւ ընկերների հետ։ Այս դեպքում՝ եղբոր՝ Արամ Սարգսյանի եւ ընկերոջ՝ Ալբերտ Բազեյանի հետ։ Բայց քանի որ այսօր նաեւ նախագահական ընտրությունների օրն է, նրանք սաստիկ զբաղված էին եւ ասացին, որ Վազգենի հիշատակն իրենք փորձելու են վառ պահել գործերով։ Այլ տարբերակ չէր մնում, քան կրկին Վազգենի օգնությանը դիմելը։ Ի՛ր մասին՝ միայն իրենով։ Վազգենի ու մեր այսօրվա մասին՝ իր գնահատմամբ. «Ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, եւ այդ մարդն ինքն է։ Եթե համոզված չէ, որ մենք, միայն մենք ենք կառուցելու մեր տունը։ Եվ վերջապես, ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից։ Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրս վառի իր մոմը, եւ համոզված եմ, մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ։ Ցանկանում եմ բոլորիս հույս, համախմբվածություն եւ բարի աշխատանք» (28 հուլիսի, 1999 թ.)։ «Գաղջ մի մթնոլորտ են ստեղծել, որի մեջ հրաշալիորեն սունկերի նման աճեցնում են նորանոր «գեներալներ»։ Ու եթե այսպես շարունակվի եւս մեկ-երկու ամիս, Հայաստանը թերեւս վերածվի համատարած շտաբների, ուր զինվորներ չկան, կան «գեներալներ» ու «ծառայողական» մեքենաներ… եւ յուրաքանչյուր «գեներալ» գոռում է «միասնություն» եւ հանուն միասնության սպառնում է զինաթափել մյուսին։ Ու հարցնող էլ չկա, թե ինչքա՞ն զենք ունեք, որ զինաթափում եք մեկմեկու… Աշխարհն իր ունեցածը թաքցնելով չի պրծնում, մենք մեր չունեցածն ուզում ենք կոխել աշխարհի աչքը» (հուլիս, 1990 թ.)։ «Երբ մենք միասին ենք, պիտի զգուշանանք միայն մեր ցանկություններից, քանզի նրանք իրականանում են։ Սարդարապատից սկսած մինչեւ Արցախի հերոսամարտը մեզ օրինակ, Գորիս-Լաչին մայրուղին, 907 բանաձեւի էպոպեան մեզ օրինակ։ Ցավոք, շատ ավելի շատ են հակառակ օրինակները։ Խոստացա էմոցիոնալ չլինել ու չստացվեց։ Ու չի ստացվելու, քանի դեռ ձեր խոնարհ ծառան բարգավաճ երկրի վարչապետ չէ, քանի դեռ հայ ժողովուրդը չի ապրում իր տառապանքին ու տաղանդին արժանի կյանքով։ Ինչեւիցե, հուսով եմ, որ 2001 թվականին, երբ 1700-ամյակի կապակցությամբ մենք նորից կհավաքվենք, իրավիճակն անհամեմատ շատ ավելի լավ կլինի։ Սա մեր շանսն է, մենք համատեղ եւ գեղեցիկ պիտի շուռ տանք պատմության 20-րդ էջը» (23 սեպտեմբերի, 1999 թ.)։ 1999 թ. հոկտեմբերի 21-ին՝ Ազգային ժողովում տեղի ունեցած արյունոտ դավաճանությունից վեց օր առաջ Վազգեն Սարգսյանը ելույթ ունեցավ ազգային հեռուստատեսությամբ, խոսեց կոռուպցիայի, դրա վերացման անհրաժեշտության եւ ուղիների մասին եւ խնդրի լուծման պարտականություններից մեկը համարեց այդ օրերին տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Այսօր՝ 2003 թ. մարտի 5-ին՝ Հայաստանի Հանրապետությունը կրկին կանգնած է ջրբաժանի առաջ՝ ընտրություն է կատարվելու երկու խիստ տարբեր ուժերի միջեւ։ Ու յուրաքանչյուր քաղաքացու ընտրելու իրավունքը պարզապես չպետք է ոտնահարել թվեր կեղծելով ու քվեաթերթիկների տրցակներ լցնելով։ Մ. ԵՍԱՅԱՆ