Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՄԻԱՍԻՆ

Մարտ 05,2003 00:00

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՄԻԱՍԻՆ Երեկ ուշ երեկոյան ՀԺԿ գրասենյակում ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբում մամլո ասուլիս էր հրավիրվել: Վերջիններս ահազանգեցին, որ ՀՀ նախագահական ընտրությունների առաջին փուլում սկսված օրինախախտումներն ու կեղծիքներն իրենց ողջ թափով արդեն սկսվել ու շարունակվելու միտում ունեն այսօր: ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 53-ի 1-ին կետով նախատեսվում է, որ «քվեարկության նախորդ օրը տեղամասային հանձնաժողովն իր նիստում վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի 3 անդամների, որոնք պարտավոր են մինչեւ ժ. 24:00-ն ստորագրել բոլոր քվեաթերթիկները (քվեաթերթիկների հակառակ կողմում)», նույն հոդվածի 2-րդ կետում արձանագրված է՝ «քվեարկության օրը՝ ժ. 07:00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովը տեղամասային կենտրոնում կայացած իր նիստում վիճականահանությամբ որոշում է քաղաքացիների գրանցումն իրականացնող, քվեաթերթիկներ հատկացնող անդամներին, քվեաթերթիկները կնքող մեկ անդամին եւ քվեատուփի համար պատասխանատու մեկ անդամին, ինչպես նաեւ որոշում է նրանց հերթափոխային աշխատանքի ժամանակակարգը»: Ընտրությունների առաջին փուլում ընտրական հանձնաժողովների ընդդիմադիր ներկայացուցիչները, թեկնածուների վստահված անձինք, լավ թե վատ, բայց կարողացել էին վերահսկել քվեարկությունների, դրա արդյունքների հաշվառման ընթացքը, ի հայտ բերելով զանգվածային ընտրախախտումներ: Ահավասիկ երկրորդ փուլում իշխանությունները, ինչպես փաստաբան Աշոտ Սարգսյանն ասաց, որոշել են ընտրախախտումների բացահայտման որեւէ սողանցք չթողնել ընդդիմության համար: Ըստ նրա, հենց ընդդիմության հանձնաժողովականներին մեկուսացնելու համար էլ երեկ տեղամասային եւ ընտրատարածքային հանձնաժողովներից զանգվածաբար հեռացվել են ընդդիմության ներկայացուցիչները, որոնց թույլ չի տրվել մասնակցել ինչպես օրենքի վերոհիշյալ երկու կետերով սահմանված վիճակահանություններին: Պետք է ենթադրել, որ վերջիններս այսօր մինչեւ քվեարկությունը քվեատուփերի դատարկ լինելու մեջ համոզվելու, կնիքների սահմանված ու պատշաճ կարգով բացելու եւ այլ գործողությունների մասնակցելու իրավունքը չեն ունենա: «Արվել է ամեն ինչ, որ ընդդիմադիր հանձնաժողովականները հնարավորություն չունենան ներկա լինել այսօրվա նիստերին՝ պարարտ հող ստեղծելով զեղծարարությունների համար»,- երեկ ընդգծեց փաստաբան Վարդան Պողոսյանը: Վերջինիս հավաստմամբ, երեկ արդեն ժ. 21-ի դրությամբ, նախընտրական շտաբում հասցրել էին մուտքագրել՝ ավելի քան 100 ընտրական տեղամասում տեղի ունեցած նման օրինախախտումներ: «Մենք զրկված ենք ունենալ հանձնաժողովի անդամներ եւ չկարողացանք մասնակցել տեղամասային հանձնաժողովների աշխատանքի այդ կարեւոր փուլին»,- արձանագրեց պրն Պողոսյանը: Փաստաբան Աշոտ Սարգսյանը հայտարարեց, որ ընտրակեղծիքները նոր ու աննախադեպ որակ են ստանում, որոնք չեն կիրառվել 91- 99թթ., նաեւ 2003-ի նախագահական ընտրությունների 1-ին փուլում. «Սրանք օրենքի այնպիսի խախտումներ են, որոնք կասկածի տակ են դնելու ընտրության արդյունքները»: Նա հայտարարեց, որ ընտրատարածքային հանձնաժողովներում ընդդիմադիր անդամները նույնիսկ սահմանված կարգով չեն կարողանում ընտրական տեղամասերում փոխել իրենց անդամներին: «Բանն այն է, որ օրենքի կոպիտ խախտմամբ ու առանց որեւէ պատճառաբանության, հանձնաժողովի անդամին, որի ձեռքում կա համապատասխան վկայական՝ տվյալ տեղամասի հանձնաժողովի անդամ լինելու մասին, ուղղակի թույլ չեն տալիս մասնակցել նիստին: Կան դեպքեր, երբ հանձնաժողովներն արդեն կազմված արձանագրություններ են ունեցել, թե այդ հանձնաժողովականը երեք նիստի չի մասնակցել: Բայց հարցն այն է, որ տեղամասային հանձնաժողովն իր առաջին նիստը գումարում է երկրորդ փուլի քվեարկության նախորդ օրը, որովհետեւ մեկ խնդիր ունի՝ վիճակահանությամբ որոշել քվեաթերթիկների հակառակ կողմում ստորագրող անդամներին: Ինչո՞ւ այդ ամենը սկսվեց հենց այսօր: Միակ պատճառը հենց երեկ կայանալիք վիճակահանությունն էր: Այսինքն, այդ անդամները երեկ տեղամասերում չպետք է լինեին, որ հանկարծ վիճակահանությանը չմասնակցեին ու հանկարծ նրանցից որեւէ մեկը քվեաթերթիկներ ստորագրող չլիներ: Թե այսօր այդ խնդիրն ինչպես կլուծվի՝ կվերականգնվե՞ն արդյոք այդ հանձնաժողովի անդամների իրավունքները, թե՞ ոչ, արդեն էական չէ»,- պարզաբանեց պրն Սարգսյանը: Վերջինս տեղեկացրեց, որ այդ բովանդակությամբ ավելի քան 100 ընտրատեղամասերից ստացված դիմում-բողոքների մասին տեղեկացված է ԿԸՀ-ին, որը «մատնված է բացարձակ անգործության»: «Ես արդեն կասկածում եմ, որ նման հրահանգ տվել է հենց ԿԸՀ-ն: Ընտրություններն արդեն վտանգված են»,- հայտարարեց Ա.Սարգսյանը՝ հայտարարելով, որ այս ամենի մասին, բացի այն, որ տեղեկացված են ԵԱՀԿ եւ ԱՊՀ դիտորդները, նաեւ դատախազությանն ուղղված համապատասխան դիմումներ են պատրաստված ԿԸՀ-ին անգործության համար պատասխանատվության ենթարկելու, իսկ Երեւանի թիվ 15 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գոհար Քյալյանի նկատմամբ՝ հանձնաժողովի անդամների ու վստահված անձանց աշխատանքը խոչընդոտելու համար քրգործ հարուցելու վերաբերյալ: Երեկ մինչեւ ուշ երեկո ԿԸՀ-ն եւ ընտրատարածքային հանձնաժողովները որեւէ կերպ չէին արձագանքել այս զանգվածային օրինախախտումներին, եւ ընտրական հանձնաժողովների ընդդիմադիր ներկայացուցիչների իրավունքները չէին վերականգնվել: «Տեղամասային հանձնաժողովի բոլոր այն նիստերում ընդունված որոշումներն ապօրինի են, որովհետեւ դրանց ընդունմանը չեն մասնակցել հանձնաժողովի ընդդիմադիր անդամները: Նման եզրակացությամբ մենք դիմելու ենք ԿԸՀ-ին, ԵԱՀԿ եւ ԱՊՀ դիտորդներին: Հնարավոր է, որ արդյունքում մեր երկիրը հայտնվի անցանկալի իրավիճակում, իսկ իշխանությունների այս պահվածքի պատճառով տուժելու են ոչ թե նրանք, այլ՝ ժողովուրդը»,- եզրափակեց Ա.Սարգսյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել