Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿԱՆՈՒՆԱՎՈՐՆԵՐԸ ԱԺ-Ի ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍՆ ԵՆ

Մարտ 05,2003 00:00

ՄԱԿԱՆՈՒՆԱՎՈՐՆԵՐԸ ԱԺ-Ի ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍՆ ԵՆ ԱԺ գարնանային նստաշրջանի երրորդ եռօրյան եւս կարելի է համարել տապալված: «Ազգընտիր» պատգամավորների քվորումի բացակայության պատճառով երեկ այն նույնպես չկայացավ: Պատճառն այսօր կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է, որին իրենց ամենաակտիվ մասնակցությունն են ցուցաբերում մեր խորհրդարանականները, ինչը, սակայն արգելված է իրենց իսկ կողմից ընդունված Ընտրական օրենսգրքով: Նախորդ օրն իրենց պարտականությունները կատարելու էին ներկայացել թվով 28 պատգամավորներ, իսկ երեկ նրանց թիվն էլ ավելի պակասեց՝ հասնելով 13-ի: Մինչ այս եռօրյան, ԱԺ ղեկավարության ներկայացուցիչներից մեկը մեզ վստահեցնում էր, թե մինչ նախագահական ընտրությունների ավարտը որեւէ նիստ չի կայանա, իսկ երեկ ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը մեկ այլ համոզմունք հայտնեց, ըստ որի՝ ԱԺ հերթական նիստեր այլեւս չեն կայանա, քանի որ արդեն սկսվում են խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Իսկ արտահերթ նիստեր, ըստ պատգամավորի, կառավարությունը կհրավիրի, որպեսզի «իրենց պետքական օրենքներն ընդունի»: ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն, ԱԺ համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերը ԿԸՀ-ին, իսկ մեծամասնական համակարգի դեպքում՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, պետք է հանձնվեն մարտի 11-16-ը: Եվ ԱԺ պատգամավորներից շատերը զբաղված են նաեւ այդ փաստաթղթերի հավաքագրմամբ՝ մի կողմ թողնելով այն, որ իրենք պետք է դեռեւս ավարտեն այս խորհրդարանում իրենցից պահանջվող աշխատանքներն ու հասցնեն ընդունել մի շարք այլ օրենքներ, ինչի համար իրենք դարձել կամ դարձվել են պատգամավորներ ու ձգտում են նաեւ ընդգրկվել առաջիկա խորհրդարանի կազմում: «Սկսվում է պատգամավորների քարոզարշավը, եւ ես ենթադրում եմ, որ նաեւ առաջիկայում ԱԺ նիստեր չեն կայանա»,- ասաց Վ. Դալլաքյանը՝ շարունակելով, որ այն պատգամավորները, որոնք ցանկանում են նաեւ «մտնել» հաջորդ խորհրդարան, զբաղված են լինելու ստորագրահավաքներով, քարոզարշավներով… Փորձեցինք պարզել, թե այս խորհրդարանում ընդգրկված պատգամավորներից հատկապես ովքեր կարող են լինել նաեւ առաջիկա խորհրդարանում: Այս հարցին ի պատասխան՝ Վ. Դալլաքյանն ասաց. «Կարծում եմ, այս կազմի 50 տոկոսը կանցնի նաեւ առաջիկա ընտրություններով»: Իսկ կոմունիստ պատգամավոր Խորեն Սարգսյանի հավաստմամբ, մինչ խորհրդարանական ընտրությունները լինելու է իշխանափոխություն, եւ թույլ չեն տալու՝ առանց ազատ, արդար ու թափանցիկ ընտրված որեւէ պատգամավորի ներխուժել նաեւ ապագա խորհրդարան: «Կլինեն մարդիկ, որոնք պետք են ազգին ու մեր երկրին»,- վստահեցնում էր Խորեն Սարգսյանը: Իսկ եթե այսօրվա ընտրություններն անցկացվեն կեղծիքներով, ապա, ըստ Խ. Սարգսյանի, այդ իշխանությունները չեն մնա մինչեւ խորհրդարանական ընտրություններ: Իսկ թաղային հեղինակությունները, որոնց պակասը չի զգացվում գործող Ազգային ժողովում, կլինե՞ն նաեւ ապագա խորհրդարանում: Մեր այս հարցին Վ. Դալլաքյանն այսպես արձագանքեց. «Դա մեր խորհրդարանի անբաժանելի մասն է, ցավոք: Բայց Աստված մի արասցե, որ նրանք լինեն նաեւ հաջորդ խորհրդարանի կազմում: Լավ կլինի, որ այս անգամ լինեն ոչ թե մականունավորներ, այլ՝ անվանիներ, իհարկե, լավ իմաստով»: Իսկ Խորեն Սարգսյանի կարծիքով՝ ապագա խորհրդարան մտնելու համար մականունավորները «պրոբլեմներ» են ունենալու, քանի որ նրանց մուտքը ԱԺ մինչ օրս «հովանավորել» են իշխանությունները, ինչը «նորերը թույլ չեն տալու»: Վիկտոր Դալլաքյանը նոր խորհրդարանի ձեւավորման ժամանակ չափազանց կարեւորում է այն, որ այնտեղ մաս կազմեն ոչ թե կոնյունկտուրային կուսակցությունները, որոնք ենթարկվում են այս կամ այն քաղաքական ազդեցություններին, այլ լինեն սկզբունքային քաղաքական «չբզկտված» ուժեր: Քանի որ, ինչպես նշեց Վ. Դալլաքյանը, անհրաժեշտ է լուրջ փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում ու կատարելագործել այն, որպեսզի ընտրահանձնաժողովները ձեւավորվեն հավասար պայմաններում եւ այնտեղ հավասարապես ընդգրկված լինեն բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել