Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԻԼԱՆ ԵՓՈՂԸ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ Է

Մարտ 04,2003 00:00

ՇԻԼԱՆ ԵՓՈՂԸ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ Է «Առավոտի» 22.02.2003-ին տպագրված «Չինովնիկների փնթիության պատճառով» հրապարակումը խմբագրություն էր բերել «Սունկ» կոոպերատիվի տիրոջը՝ Մակար Ալեքսանյանին։ Վերջինիս խոսքերով, իր եւ Միքայե լ Մանգասարյանի միջեւ մի քանի տարի շարունակվող այս «շիլաշփոթի» հեղինակը նախկին քաղաքապետ Ն. Մնոյանն է։ Նշենք, որ 97-ին Ն. Մնոյանը «Սունկ» կոոպերատիվի հարեւանությամբ Մ. Մանգասարյանին հատկացրել էր տարածք՝ ժամանակավոր տաղավար տեղադրելու համար։ Սակայն չանցած մեկ ամիս, քաղաքապետն իր մեկ այլ որոշմամբ Մ. Մանգասարյանից պահանջել էր տաղավարը հանել։ Իսկ որոշումը Ն. Մնոյանը հիմնավորել էր, թե «Սունկ» կոոպերատիվը դիմել է իրենց՝ նշելով, որ ֆիրմային խանութի շինարարության համար անհրաժեշտ շինանյութերի տեղափոխմանը խոչընդոտում է Մ. Մանգասարյանի տաղավարը։ Մակար Ալեքսանյանի պարզաբանմամբ, դեռեւս 93-ին քաղաքապետ Ն. Մնոյանի թույլտվությամբ, իրեն ժամանակավոր տաղավար տեղադրելու համար հատկացրել են 12 քմ տարածք, սակայն. «Ես օգտագործել եմ 8 քմ-ն։ Ն. Մնոյանը անօրինականություն արեց եւ ինձ տրամադրած 12 քմ-ից 4 քմ-ն հատկացրեց Մ. Մանգասարյանին, բայց ժամանակավոր, քանի որ ինձ պատկանող տարածքն արդեն ես սեփականաշնորհել էի՝ խանութ-սրահ կառուցելու նպատակով։ Մանգասարյանի որոշման մեջ էլ նշված է, որ տաղավարը ժամանակավոր է։ Մանգասարյանն էլ մեղավոր չէ, բերեցին, մտցրեցին ու կռվի բուն սարքեցին»։ Հրապարակման մեջ նաեւ նշված էր, որ «Սունկ» կոոպերատիվի խանութ-սրահի շինարարական աշխատանքներն ավարտվելուց հետո ոչ միայն Մանգասարյանների տաղավարը պետք է հանվեր, այլեւ երկու այլ տաղավար եւս։ Որքան էլ հետաքրքիր էր, խմբագրություն այցելած Մակար Ալեքսանյանը չէր հերքում նյութում տպագրված որեւէ փաստ, սակայն ինքն էլ բողոքում էր, որ արդեն ինը ամիս է, ինչ վերջացրել է խանութ-սրահի ե՛ւ շինարարական, ե՛ւ կոսմետիկ աշխատանքները, սակայն նշյալ երեք տաղավարատերերը տարածքը չեն ազատում, որպեսզի ինքը բիզնես ծավալի։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել