Լրահոս
Օրվա լրահոսը

Հավաքականները վեր են ամեն ինչից

Մարտ 04,2003 00:00

Հավաքականները վեր են ամեն ինչից ՈՒԵՖԱ-ն, որ տնօրինում է եվրոպական ֆուտբոլը, բացառիկ նշանակություն է տալիս հավաքական թիմերի մակարդակով կազմակերպվող մրցաշարերին՝ դրանք համարելով միջազգային ֆուտբոլային օրացույցի գլխավոր ու ամենակարեւոր բաղկացուցիչը։ Մասնավորապես, հենց այս թեմայով Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական սայթին օրերս տված հարցազրույցում ՈՒԵՖԱ-ի նախագահ Լենարդ Յուհանսոնն ասել է. «Ազգային հավաքականների մասնակցությամբ մրցաշարերն ամենակարեւորն են ժամանակակից ֆուտբոլում։ Ավելի կարեւոր, քան ներքին առաջնությունները եւ ակումբների ներքին խնդիրները»։ Եվ որպես օրինակ բերել է Անգլիան. «Անգլիայի ցանկացած ֆուտբոլիստ իրեն անչափ հպարտ է զգում իր երկրի հավաքականի մարզազգեստը կրելու իրավունքի համար»։ Յուհանսոնն այս կապակցությամբ շոշափել է նաեւ թեմային առնչվող այլ խնդիրներ, որոնք նորություն են ՈՒԵՖԱ-ի ռազմավարությունում։ «Խաղերի միջեւ ընկած ժամանակահատվածում ֆուտբոլիստին լիարժեք հանգստանալ է հարկավոր։ Այդ պատճառով էլ, ցանկանալով նվազեցնել խաղացողի ծանրաբեռնվածությունը, ՈՒԵՖԱ-ն գնաց ՉԼ-ի ֆորմատը կրճատելու ճանապարհով: 2003/2004թթ. մրցաշրջանում մեր ակումբային գլխավոր մրցաշարը կընթանա խմբային մեկ փուլով՝ 32 թիմերի մասնակցությամբ եւ փլեյ-օֆֆով, որ սկսվելու է 1/8 եզրափակիչից։ Այս որոշումը կայացրել ենք խաղացողների արհմիությունների, ակումբների եւ բժիշկների հետ բանակցություններից հետո։ Նրանք բոլորն էլ համակարծիք են, որ ֆուտբոլիստները ստիպված են լինում չափազանց շատ խաղեր անցկացնել ոչ միայն իրենց ակումբներում, այլեւ հավաքական թիմերի կազմերում…»։ Դե ինչ, ՈՒԵՖԱ-ն, ի դեմս իր նախագահի, նույնպես ժամանակակից ֆուտբոլում ամենից բարձր դասում է հավաքականները ու հստակ նշում, որ ակումբները պարտավոր են ըստ ամենայնի աջակցել, սատարել հավաքականներին։ Եվ հենց այդ նպատակով է ակումբների համար պայմաններ ստեղծում։ Մինչդեռ, մեզ մոտ՝ Հայաստանում, պարզվում է, դեռեւս կան ակումբներ, որոնց տերերն ու ղեկավարները միանգամայն հակառակ համոզումն ունեն։ Եվ դա այն դեպքում, երբ ի տարբերություն եվրոպական, թեկուզ ամենամիջակ ակումբների, մեր թիմերը (այն էլ՝ մի քանիսը) տարվա կտրվածքով լավագույն դեպքում մեկ-երկու միջազգային հանդիպման հնարավորություն կարող են գլուխ բերել։ Այս հարցում մեր հավաքականներն էլ առանձնապես բարենպաստ վիճակում չեն։ Եվ երբ նման հնարավորություն է ընձեռվում, մանավանդ հավաքականների մակարդակով, թվում է, թե ամեն մի ակումբ պետք է աներ հնարավորն ու անհնարինը՝ իր ֆուտբոլիստների համար միջազգային ասպարեզ դուրս բերող ճանապարհին մի ոտնատեղ ապահովելու համար։ Բայց, ավաղ, միշտ չէ, որ այդպես է լինում։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել