Եկեղեցիները նույն խնդիրներն ունեն «Մենք արդեն կարողանում ենք իրար հետ աշխատել»,- ասում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան կլոր սեղանի ծրագրերի համակարգող, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Նազարյանը։ – Պատմեք ձեր կազմակերպության մասին։ – Հայաստանյան կլոր սեղանը ստեղծվել է 1996 թվականին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությամբ։ Այսօր Հայաստանում կլոր սեղանի անդամ են Հայ առաքելական, կաթոլիկ եւ ավետարանչական եկեղեցիները։ Մեր հիմնական նպատակն է երկրում իրագործել սոցիալական ծրագրեր։ Պարբերաբար հավաքվում են այս եկեղեցիների ներկայացուցիչները, նաեւ մի քանի հասարակական կազմակերպություններից մեր համագործակիցները, քննարկում ենք մեր անելիքները։ – Մի քիչ ավելի մանրամասն ձեր ծրագրերի մասին։ – Աշխատում ենք հիմնականում երկու ուղղությունով։ Իրականացնում ենք գյուղատնտեսական զարգացման եւ կրթական ծրագրեր։ Անհրաժեշտության դեպքում՝ նաեւ միջոցառումներ աղետի վերացման ուղղությամբ։ Օրինակ, նշեմ վերջինը՝ 2000թ. երաշտ էր եւ մյուս կազմակերպությունների հետ համատեղ իրականացրինք սննդի բաշխում տուժած վայրերի անապահով ընտանիքներին։ Մենք համագործակցում ենք նաեւ Ամերիկայի, եվրոպական էկումենիկ շարժման արտասահմանյան մեր գործընկերների հետ։ Տարին մեկ անգամ ունենում ենք ընդհանուր ժողովներ, որոնց ժամանակ քննարկվում եւ հստակեցվում է անելիքը։ Բացի այդ, մենք հանդիպում ենք նաեւ Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Արեւելյան Եվրոպայի, Վրաստանի մեր գործընկերների հետ։ Եվ համեմատելու դեպքում մենք նկատելի դրական արդյունքներ ունենք։ Իհարկե, նաեւ սովորելու եւ շտկելու շատ բան կա։ Կրթական ոլորտում շատ կարեւոր էր ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որը մենք սկսեցինք Սյունյաց թեմից։ Երեք տարի է արդեն եւ վերապատրաստվել են մոտ 2000 ուսուցիչ, հիմնականում հայոց լեզու, պատմություն, մաթեմատիկա առարկաներից։ Մեր հեռավոր գյուղական վայրերի ուսուցիչները ունեն դրա կարիքը։ Այս հարցում մենք համագործակցում ենք կրթության նախարարության հետ։ Մեր գրասենյակը միջանկյալ օղակ է տեղական հասարակական, կրոնական կազմակերպությունների եւ արտասահմանյան գործընկերների միջեւ։ Հարկ կա պլանավորել անելիքը եւ պատշաճ ներկայացնել ծրագրերը։ Այդ առումով մենք կարեւորում ենք կատարվող աշխատանքը։ Հաջորդ կարեւորագույն նպատակը ուսուցումն է, որին տրամադրում ենք մեր աշխատանքի 80%-ը։ Կատարվում է անգլերեն եւ համակարգչային ծրագրված աշխատանքի ուսուցում, որպեսզի արդյունքում պատշաճ ու արդյունավետ լինի փոխհամագործակցությունը դրսի հետ։ – Արդյոք հաջողվո՞ւմ է ձեզ կոորդինացնել երեք եկեղեցիների համատեղ աշխատանքը։ – Մեր գործունեության այս տարիներին աշխատանք տարվել է եւ, կարծում եմ, արդյունքը կա։ Վերջերս մենք սկսել ենք անել համատեղ ծրագրեր երեք եկեղեցիների՝ հատկապես երիտասարդների մասնակցությամբ։ Եկեղեցիների առաջնորդների մակարդակով շփումներ միշտ կան։ Սակայն մեր խնդիրն է ավելի ներքեւ իջնել եւ ապահովել երիտասարդների ծանոթությունն ու փոխադարձ հանդիպումները։ Ի վերջո, որ եկեղեցուն էլ պատկանենք, մենք հայեր ենք եւ ունենք հավատի շատ խոր արմատներ։ Կլոր սեղանի նպատակը չէ դավանաբանական խնդիրներ լուծելը։ Անշուշտ, իրավիճակը դեռ շատ հեռու է, որպեսզի ասենք, թե անելիք չկա, սակայն համեմատելով թե՛ Վրաստանի, թե՛ Ռուսաստանի հետ (միջեկեղեցական փոխհարաբերությունների առումով), մենք շատ առաջ ենք։ Երջանկահիշատակ Գարեգին Առաջին վեհափառը մի շատ լավ միտք ուներ, ասում էր. «Եկեղեցիները 95%-ով նույն խնդիրներն ունեն եւ միայն 5%-ն է, որ վիճահարույց դաշտ է ստեղծում։ Ու մենք այդ 5%-ի շուրջն ենք խմորվում՝ անտեսելով 95-ը»։ Մենք այժմ փորձում ենք սոցիալական, մարդասիրական զարգացման մեր ծրագրերով 95-ը դարձնել 95,5։ Նվաճումներ, իհարկե, ունենք, բայց երբ տեսնում ես, թե Արեւմուտքը ինչ տեմպերով է զարգանում եւ թե մենք ինչքան ետ ենք մնում, ցավ ես ապրում։ Մենք շատ կարեւոր բաներ կորցնում ենք։ Մեր պրոգրեսը քիչ է եւ արվածը, ինչքան էլ ասենք լավ է՝ փոքր ու չնչին է։ – Արտերկրի հետ ձեր շփումները շատ են։ Ինչպիսի՞ վերաբերմունք կա Հայաստանի հանդեպ։ – Օրերս մի հետաքրքիր քննարկում էին կազմակերպել, տարբեր մարդիկ էին հավաքված (հայաստանցի եւ արտասահմանցի) եւ փորձում էին ընդհանուր եզրակացության գալ, թե մեզ մոտ առկա 7-8 կարեւորագույն խնդիրներից ո՞րն է առաջնայինը։ Եվ հետաքրքիր հետեւություն՝ պայքարը կոռուպցիայի դեմ եւ օրենքի գերակայություն։ Սրանք են առաջնայինները։ Դրանից հետո մենք ենք, մեր երկիրն է եւ ինքներս պիտի որոշենք, թե աշխարհի ժողովուրդների մեջ ինչ տեղ կզբաղեցնենք։ Սակայն այդ երկուսը նախադրյալներ են։ Մի հարց էլ։ Վերջին շրջանում մի տեսակ ճնշում եմ զգում. մոտեցում կա, որ անընդհատ նկատում եմ եվրոպական, արեւմտյան կազմակերպությունների կողմից։ Եթե իրենք գալիս են մեզ մոտ, աշխատում են, կարծես թե հավասարակշռելու համար իրավիճակը, ուզում են նույնն անել Վրաստանի եւ Ադրբեջանի հետ համատեղ։ Եվ երբեմն ստացվում են արհեստական կառույցներ, որոնք կենսունակ չեն։ Նախկինում նման բան չկար։ Կարծես պարտադրանք կա՝ եթե ծրագիր ես անում, անպայման դրացիների հետ։ Այն դեպքում, երբ դա բնական կապ է, ապա թող լինի։ Ֆինանսավորում են հիմնական մարդասիրական կազմակերպությունները, որոնք էլ շարժվում են իրենց կանոնադրությամբ։ Բայց դա չպետք է նպատակ լինի։ Այո, կարող ենք եւ համագործակցում ենք։ Օրինակ, մենք ունենք «Եկեղեցական տուրիզմ» ծրագիր, որը կարող է իրականացվել նաեւ Վրաստանում։ Քանի որ մեր երկրները Եվրոպայի համար բավական գրավիչ են։ Սակայն բոլոր ծրագրերն իրականացնել ռեգիոնալ մակարդակով՝ ճիշտ չեմ համարում։ Զրուցեց ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆԸ