Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՐՉՐԿՎԱԾ «NOTRE DAMME DE PARIS»-Ն՝ ՀԱՅ ԲԵՄՈՒՄ

Մարտ 04,2003 00:00

ՉԱՐՉՐԿՎԱԾ «NOTRE DAMME DE PARIS»-Ն՝ ՀԱՅ ԲԵՄՈՒՄ Հայերն էլ Քվազիմոդո ունեն Երաժշտական կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի բեմադրած «Լիլիթ» փոփ օպերայից հետո հնչեցին նաեւ ոչ նպաստավոր կարծիքներ։ Ըստ դրանց, «Լիլիթում» արտասովոր ոչինչ չկար, ընդամենը կոմպոզիտոր Արամ Սաթյանի երգերն էին՝ հաջողությամբ իրար կպցված։ Այսօր Ա. Մելիքսեթյանը ավելի մեծ ռիսկի է դիմել. մարտի 8-ին հանդիսատեսի դատին կհանձնվի Ռիչարդ Կոչիանտեի հանրահայտ «Notre Damme de Paris»-ի իր կողմից «սրբագրված», հայկական տարբերակը։ Արդեն չարչրկված եւ համարյա բոլոր հեռուստաալիքներով բազմիցս ցուցադրված այս ստեղծագործության մելիքսեթյանական տարբերակը կրում է «Քվազիմոդո» անվանումը։ Նա վստահ է, որ Արման Միրիջանյանի մարմնավորած Քվազիմոդոն կգնահատվի մեր հանդիսատեսի կողմից։ «Գիտեմ, որ հանդիսատեսն անպայման կգա համեմատելու, սակայն դրա մասին չեմ ուզում մտածել։ Ինչպես չեմ մտածում նույն ներկայացումը ռուսներից լավ կամ վատ անելու մասին»,- հայտարարում է Երաժշտական կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը, որը հանրաճանաչ ստեղծագործությունը հայավարի բեմադրելու իր բացատրությունն ունի։ Պնդում է, որ մոսկվացիներից շուտ է այդ մասին մտածել, սակայն մտահղացումը կյանքի չի կոչել ֆինանսական դժվարությունների պատճառով։ Այսօր, երբ ամեն ինչ այլ է, նախ նյութական խնդիրներ լուծելու նպատակ ունի, որովհետեւ հազիվ բախտը ժպտացել է։ Ներկայացման համար (որ պետպատվերի շրջանակներում է) տրամադրվել է մոտ 2 միլիոն դրամ, պլյուս «պետական որոշ այրերի աջակցությունը»։ Եվ եթե ռուսներն, օրինակ, գնել են «Փարիզի Աստվածամոր տաճարի» բեմադրման իրավունքը, ավելի ճիշտ, ֆրանսիական բեմադրությունը ամեն ինչով հանդերձ տեղափոխել են ռուսական բեմ, Երաժշտական կամերային թատրոնը, սակայն, նման շռայլության մասին երազել էլ չի կարող։ «Մենք ողջ ստեղծագործությունը ծայրից ծայր չենք բեմադրում,- արդարանում է պարոն Մելիքսեթյանը,- չունենք պարտիտուրը, մեզ համար Փարիզից ընդամենը բերել են կլավիրը, որից սարքել ենք մի քանի համարներ ու խաղում ենք»։ Իհարկե, Ա. Մելիքսեթյանը գիտի, որ լուրջ ներկայացումը պահանջում է լուրջ գումարներ, որ «օրինակ, ռուսները մեկ ներկայացման վրա 5-6 միլիոն դոլար են ծախսում»։ Գիտի նաեւ, որ ինչպես իրենց, այնպես էլ մյուս երաժշտական թատրոններում ստեղծագործական գործընթացին խանգարող շատ խնդիրներ կան, բայց որոշել է նորից բախտը փորձել՝ հույսը Աստծո ու մեկ էլ՝ հայտնվելիք մեկենասի վրա դնելով։ Վերջինիս անունը նույնիսկ պատրաստ է թատրոնի ճակատին գրել, եթե, իհարկե, տեղը տեղին ձեռք մեկնի։ Ի դեպ, Ա. Մելիքսեթյանին հանդիպեցինք այն պահին, երբ մի խումբ երիտասարդ ուսանող էնտուզիաստների հետ «Քվազիմոդո» էին փորձում՝ ոգեւորված թռչկոտելով բեմի վրա։ Իր՝ երիտասարդների ուժերի վրա «հենվելը» նա բացատրեց վերջիններիս անչափ վստահելով եւ նրանց մեծ պոտենցիալի մասին համոզվածությամբ։ «Պրոֆեսիոնալիզմի պակաս նրանք չունեն։ Թատերական ինստիտուտի երաժշտական կուրսի ուսանողներ են, որոնք թրծվում են մեր թատրոնում»,- ինքնագոհ կեցվածքով վստահեցրեց Երաժշտական կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Ինչեւէ, «Քվազիմոդոն» արդեն «ընթացքի» մեջ է եւ այն, Մելիքսեթյանի խոսքով, «նվեր կլինի հայ կանանց՝ մարտի 8-ի առթիվ»։ Իսկ կհավանե՞ն «հայ» Քվազիմոդոյին խստապահանջ հայուհիները, կերեւա միայն տոներից հետո։ Տեղեկացնենք, որ Ա. Մելիքսեթյանը այս ներկայացումից բացի առաջիկայում մտադիր է բոլորիս զարմացնել նաեւ նոր ազգային մյուզիքլով։ Ինչպես միշտ, վստահ է, որ իր՝ մելիքսեթյանական մյուզիքլն էլ անակնկալներ կմատուցի։ Իսկ թե ինչպիսի, նորից հանդիսատեսն ու երաժշտական քննադատները կասեն։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել