Ով է իրական տերը Առաջին կարգի հաշմանդամ, միայնակ մայր Կարինե Աղաքարյանը իր դիմումը տարիներ շարունակ բարձրագույն ատյաններ ուղարկելուց հոգնած՝ անձամբ հանձնել է ՀՀ նախագահին՝ Հարավ-արեւմտյան թաղամասի կամուրջի բացման օրը: Եթե հաշվի առնենք, որ կամուրջի բացումից էլ քիչ ժամանակ չի անցել, կարելի է իսպառ հուսահատվել: Բայց Կ. Աղաքարյանը լավատես է, եւ որոշել է այս անգամ էլ խմբագրություն դիմել: Խնդիրն այն է, որ քաղաքացուհին իր կամքից անկախ սեփական բնակարանի նկատմամբ իրավունքները կորցրել է: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Կ. Աղաքարյանը կոնֆլիկտի մեջ է մտել իր տնօրենի հետ՝ աշխատանքից բացակայելու համար (ընդ որում՝ հարգելի պատճառաբանությամբ), այնուհետեւ ինսուլտից անկողին ընկել: Իսկ նրա բարեկամուհու ընկերը, օգտվելով առիթից, որ հիվանդը ծանր վիճակում է, եւ մտածելով, որ մահն անխուսափելի է, միաժամանակ անտեսելով հիվանդի՝ դիսպանսեր հսկողության տակ գտնվող դստեր գոյությունը, առանց Կ. Աղաքարյանի իմացության, վերջինիս բնակարանի փաստաթղթերը հանձնել է ոմն Ա. Հովհաննիսյանի՝ փոխարենը վերցնելով 1300 դոլար եւ պարտավորվել, որ գումարը չվերադարձնելու դեպքում բնակարանը կհանձնի պարտատիրոջը: Պատմությունն ավելի անհեթեթ է դառնում այն ամենից հետո, երբ առանց բնակարանատիրոջ մասնակցության, անվանափոխություն իրականացնելով, աճուրդի է հանվել բնակարանը: Այն հիմա ունի նոր տեր՝ իրավաբանորեն, սակայն Կ. Աղաքարյանը չի պատրաստվում իր տունը լքել՝ ինչ-որ մարդկանց պարտքերի կամ քմահաճույքների եւ վերջապես նրա համար, որ, թող ներվի ասել, չի մահացել: Ավելացնենք նաեւ, որ առաջին անգամ Կ. Աղաքարյանն իր դիմումը հանձնելով ԱԺ, ներկայացրել է նաեւ արիության պատվոգիրն ու մեդալը, որ ստացել էր 1980 թ., առաջինը՝ Խորհրդային Միության ավիացիայի նախարարի, երկրորդը՝ Կ. Դեմիրճյանի կողմից՝ Բաքու-Երեւան ինքնաթիռում հայտնված ահաբեկիչներին զինազերծելու համար: Ազգային ժողովը մինչեւ հիմա չի վերադարձրել անգամ Կ. Աղաքարյանի պատվոգրերը՝ պատճառաբանելով, որ Կ. Դեմիրճյանից հետո հավանաբար դրանք կորել են: Եթե ԱԺ-ում հերոսի շքանշանի նկատմամբ են այդքան անփույթ, էլ ինչ խոսք կարող է լինել քաղաքացիների նամակների ճակատագրի մասին: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ