«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԺՈՐԱ ՏԻՄՈԽԻՆԻՆ» Նա «Գրանդ քենդի» շա՜տ է սիրում Ժողովրդավարության դասական ձեւակերպումներով՝ մարդու իրավունքների ոտնահարումը սահմաններ չի ճանաչում։ Սակայն Հայաստանն իբրեւ բացառությունների բացառություն՝ նաեւ այդ ոլորտում անասելի «հաջողություններ» է գրանցում։ Եթե այս ընտրական ֆոնի վրա մարդու իրավունքների ոտնահարումը՝ ռեպրեսիաներով կամ տարատեսակ դրսեւորումներով, «արդարացվում» է, քանզի ծառայեցվելու է «ազնվագույն» նպատակի՝ իշխանության պահպանման, ապա տվյալ պարագայում, ամեն ինչ պարզապես աբսուրդի է հասնում։ Բանն այն է, որ հանրապետությունում «գրանցված» 12,5% տնտեսական աճն իր մասով ապահովելու գործին ուրույն դերակատարություն ունենալուց զատ՝ «Գրանդ քենդի» հայ-ռուսական համատեղ ձեռնարկության երիտասարդ ղեկավարը օրերից մի օր որոշել է, որ գործարանում «ներքին կարգուկանոն» պիտի հաստատի։ Ի դեպ, դա նույնիսկ գովելի է եւ բավականին դրական է բնութագրում նրան։ Նույնիսկ, ինչպես կասեին կոմունիստական դարաշրջանում՝ «խոստումնալից ապագա ունի այս երիտասարդը»։ Սակայն «կարգուկանոնի» դրսեւորումները, խոստովանենք, բավականին տարօրինակ են եւ իրենց բնույթով մարդու տարրական իրավունքների ոտնահարում են։ Ասենք, գործարանի աշխատակցուհիներին, համապատասխան հրաման-հրահանգով արգելվում է «բաց կտրվածքով շրջա- եւ կիսաշրջազգեստներ, ջինսից, վելվետից, կաշվից նեղ, ընդգծված անդրավարտիքներով, թափանցիկ հագուստով» ներկայանալ աշխատանքի։ Ի դեպ, շրջազգեստների կարճությունն էլ «պետք է չափավոր սահմաններում» լինի։ Ցավոք, ընկերության խորհրդի նախագահ Կարեն Վարդանյանի հետ պատիվ չունեցանք անձամբ զրուցելու, որպեսզի ճշտեինք «չափավոր կարճության» իր նախասիրությունները։ Իսկ ընկերության գործերի կառավարիչ Մարինա Մատատյանից, որին ակնհայտորեն զարմացրեց մեր տեղեկացվածությունը, բացի նրանից, որ «դա ներքին կարգուկանոնի բան է», ճշտեցինք նաեւ՝ դա «հիգիենայի մեր սկզբունքներից է»։ Այս առիթով փաստենք, որ հրաման-հրահանգում առկա կարգուկանոնի հիգիենայի միակ սկզբունքը եւ տրամաբանություն պարունակող միակ կետն այն է, որ աշխատանքային ժամերին աշխատողները պարտավոր են կրել հատուկ աշխատանքային հագուստը։ Իսկ թե ոչ աշխատանքային ժամերին ինչ չափսի կտրվածքով, կարճության կամ թափանցիկության ինչ աստիճանի հագուստ է մարդը գերադասում կրել՝ որեւէ մեկին, այդ թվում նաեւ «շեֆին» չվերաբերող խնդիր է։ Հրամանը, ըստ կարգի, հանձնված է արտադրամասի վարիչների հսկողությանը եւ հսկիչների անմիջական վերահսկմանը։ «Անհնազանդների» համար էլ պատժամիջոցներ են սահմանված՝ նկատողությունից մինչեւ աշխատանքից հեռացում։ Մեր օրերում, այս սպառնալիքով՝ կարմիր կովն էլ կաշին կփոխի։ Մինչդեռ, ընկերության նախագահը նաեւ մեծահոգի է. ելնելով սեփական աշխատակցուհիների շահերից, բացառության կարգով, ձմռան ամիսներին՝ 01.12.2002-01.04.2003, վերջիններիս թույլատրել է շալվար (անդրավարտիք) հագնել։ ԷԼԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ