Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ԿԳԲ-Ի ՈՃՈՎ

Մարտ 04,2003 00:00

ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ԿԳԲ-Ի ՈՃՈՎ Երեկ ՀՀ արդարադատության նախարարության մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «ցույցերի եւ երթերի անցկացման ընթացքում հասարակական կարգը խախտելու, ինչպես նաեւ պատկան մարմինների աշխատակիցներին չենթարկվելու հետեւանքով վարչական կալանքի ենթարկված մի շարք զանցառուներ ս.թ. մարտի մեկից սկսել են դիմումներ ներկայացնել ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահին, որը երեկ շարունակել է ուսումնասիրել վարչական իրավախախտումների վերաբերյալ առաջին ատյանի դատարանների կողմից կայացրած որոշումները»։ Ու թեեւ սույն մամլո հաղորդագրությունում որեւէ գնահատական չկա ՀՀ իշխանությունների կողմից այդ ձերբակալություններով ՀՀ Սահմանադրության հոդված 26-ի, նաեւ միջազգային իրավունքի՝ մասնավորապես, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների համընդհանուր հռչակագրի խախտման վերաբերյալ, այդուհանդերձ նախարարությունը հայտնել է, որ երեկ ժամը 18։00 դրությամբ, վարչական կալանքի ենթարկվածներից 75-ն արդեն ազատ են արձակվել։ Հատուկ հիշեցված է, որ կալանավորվածների նկատմամբ ներողամտություն դրսեւորելու եւ նրանց ազատելու միջնորդությամբ դատարանին դիմել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Իհարկե, Ամենայն Հայոց կաթողիկոսի փեշերի տակ թաքնվելն իշխանությունների համար անհամեմատ ավելի լավ տարբերակ է, քան հայտարարելը, որ ձերբակալվածներին նրանք պարտադրված են ազատ արձակել հասարակական կարծիքի, նաեւ միջազգային կազմակերպությունների ճնշման ազդեցությամբ: Ավելացնենք, որ կալանքից ազատ արձակվածների մեծամասնությանը, ում պատկան մարմիններն ուղղակի ստիպել են «մեղայականներ» գրել, նույնիսկ հնարավորություն չեն ունեցել ճշտել, թե ինչ փաստաթղթի տակ են ստորագրում: Մյուս մասին, ովքեր հրաժարվել են «մեղայականներ գրել», ըստ ընդդիմության տվյալների, շարունակում են կալանքի տակ պահել: Սեփ.լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել