Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Մարտ 04,2003 00:00

ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Լինում է, չի լինում, մի ժողովուրդ է լինում։ Էս ժողովուրդն իր համար կարեւորագույն պահերին սովորություն է ունենում դուրս գալ հրապարակներ եւ ներկայացնել իր պահանջները։ Ժողովուրդն իր «գլխավոր վոժդի» ընտրության երկրորդ փորձից առաջ օրեր շարունակ հրապարակներում էր եւ վանկարկում էր իր թեկնածուի ազգանունը։ Այդ երկրի գլխավոր քաղաքի գլխավոր հրապարակում երեկ տեղի ունեցավ հանրահավաք։ Նույն օրը նույն ժամին այդ քաղաքի մեկ ուրիշ հրապարակում եւս հանրահավաք էր։ Քաղաքի գլխավոր հրապարակում հանրահավաքի մասնակից Ալբերտ Բազեյանն իր զինակից ընկերների անունից մի հայտարարություն կարդաց, ուր մասնավորապես ասվում էր. «Հավատարիմ մնալով երկրապահի կոչմանը, ԵԿՄ հիմնադիր Սպարապետի պատգամներին եւ ժամանակակից ուժեղ պետություն ունենալու գաղափարին, Հայաստանի կայուն զարգացման համար վճռորոշ համարելով ընտրությունների բնական ընթացքը, հիմք ընդունելով ս/թ փետրվարի 19-ին ընդունված ԵԿՄ վարչության որոշումը, հայտարարում ենք. 1. Ժամանակակից ուժեղ պետություն ունենալու միակ երաշխիքը կարող է լինել օրինական ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանությունը։ 2. Երկրապահները նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են պետության ապագայի նկատմամբ ունեցած պատասխանատվության խորը գիտակցումով եւ քաղաքական մեծ ակտիվությամբ։ 3. Օրենքի պահանջի որեւէ շեղում, ցանկացած կարծիք եւ բռնության փորձ գնահատվում է հարված մեր պետական շահերին։ Մարտի 5-ին մենք վճռականորեն տեր ենք կանգնելու մեր ժողովրդի ազատ ընտրություն կատարելու իրավունքին»։ Հայտարարությունը ստորագրել են երկրի տասնյակ տարածքների ԵԿՄ վարչության նախագահներ։ Նոր ընտրվելիք նախագահին սատարելու համար հատուկ հրապարակ էր այցելել գլխավոր մաեստրոն՝ Օհան Դուրյանը, որն իր հայրենակիցներին հիշեցրեց, թե ինչ են ասում ժողովրդավար ֆրանսիացիք։ Իսկ նրանք ասում են, որ միայն փողոց իջնելով կարելի է վերջնական հաղթանակի հասնել։ Կոմկուսի ներկայացուցիչ Խորեն Սարգսյանը հայտարարեց, որ իրենք հենց այս թեկնածուին են պաշտպանում, եւ կեղծիք է, թե Կոմունիստական կուսակցությունը չի պաշտպանելու որեւէ մեկին։ Իսկ Վազգեն Մանուկյանը նշեց. «մի իշխանություն, որ չարությամբ, վրեժխնդրությամբ է լցված ամեն մի ազատ մտքի դրսեւորման դեմ, ամեն մի ընդդիմադիր կեցվածքի դեմ… Եվ քանի որ հիմա մի ընդդիմադիր է ողջ ժողովուրդը, այդ չարությունն ու վրեժխնդրությունն ուղղվում է ժողովրդի դեմ։ Ու եթե հանկարծ խաբեությամբ, կաշառելով, վախեցնելով իրենք պահպանեն իշխանությունը, ապա դրան կավելանա արհամարհանքն այն հասարակության նկատմամբ, որը թույլ տվեց իր հետ այդպես վարվել։ Եթե մնա, սա չի լինելու նախորդ իշխանության շարունակությունը, սա լինելու է նոր որակի, շատ ավելի վատ որակի իշխանություն՝ վրեժխնդիր եւ անհանդուրժողական սեփական ժողովրդի նկատմամբ»։ Այս հռետորի ասելով, իրենք թույլ չեն տա, որ այս իշխանությունը մնա. «մի ճանապարհ կա, որպեսզի ցնցում չլինի, եթե ընտրվի ժողովրդի կողմից նախագահ»։ ԱԺՄ կուսակցական ղեկավարը հայտնեց նաեւ. «Համոզված եղեք, այս վիճակը չի մնալու, անխուսափելի են փոփոխությունները, վճռական փոփոխություններն այս երկրում, եւ մենք միասին պետք է գնանք, որ այս երկիրը շունչ առնի եւ շնչահեղձ չլինի այս մարդկանց ձեռքում»։ Իսկ նախագահի թեկնածուն հայտարարեց. «Ստիպված եմ անդրադառնալ բանավեճի չարչրկված թեմային։ Երեկ բոլորդ տեսաք, որ ես հրավիրեցի մյուս թեկնածուին (չնայած, որ նա հանցագործ է հովանավորում, կեղծարարություն է հովանավորում), հրավիրեցի բանավեճի, ոչ միջնորդավորված, դեմ առ դեմ, ես չէի խուսափում բանավեճից նաեւ առաջին փուլում»։ Նա հայտարարեց նաեւ, որ եթե ինքը մասնակցում է երկրորդ փուլին, դա չի նշանակում, որ ընդունում է առաջին փուլի արդյունքները։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել