Լրահոս
Օրվա լրահոսը

Խոհեմ քայլերի փոխարեն

Մարտ 01,2003 00:00

Խոհեմ քայլերի փոխարեն Նախորդ համարում զետեղված ՀԺԿ գրասենյակի տեղեկանքում, ի շարս այլ համայնքների, խոսվում է նաեւ Շենգավիթի տարածքում կատարված ընտրախախտումների եւ ընտրակեղծիքների մասին: Անիմաստ համարելով արձագանքել հոդվածում տեղ գտած վիճահարույց, դեռեւս հավաստում պահանջող հարցադրումներին, անդրադառնանք միայն կոնկրետ փաստերի: Հոդվածում նշված այն տեղեկությունը, թե Շենգավիթի թիվ 0298, 0299, 0307 եւ 0300 տեղամասերում տեղակայվել են Ռ.Քոչարյանի նախընտրական շտաբներ, ամբողջովին հերյուրանք է: Թվարկված տեղամասերից ոչ մեկում ՀՀ նախագահի որեւէ թեկնածուի նախընտրական շտաբ չի գործում: Թիվ 0313/14 ընտրատեղամասում կատարված ընտրախախտումը վերագրվել է Շենգավիթ համայնքին այն դեպքում, երբ նշված տեղամասը գտնվում է այլ համայնքում: Որոշակի միտում է հետապնդում Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի վերաբերյալ շարադրանքը: ՀԺԿ գրասենյակի տեղեկատվությամբ, ժխտվում է նման հասցեի գոյությունը: Հետեւությունն այն է, որ այդ փակուղու հասցեով իբրեւ թե ստեղծվել են կեղծ ընտրացուցակներ: «Առավոտի» միջոցով մենք արդեն սպառիչ պատասխան եւ հակահարված ենք տվել Շենգավիթի թաղապետարանի կազմած ընտրացուցակների առնչությամբ «Հանրապետություն» կուսակցության Շենգավիթի տարածքային կազմակերպության տարածած ստահոդ լուրերին, որոնց օրգանական շարունակությունն է նաեւ վերոգրյալ ապատեղեկատվությունը: Արցախի փողոցի 4-րդ նրբանցքը կա եւ գտնվում է Շենգավիթ համայնքի տարածքում: Նրբանցքի թիվ 8 եւ 10 բազմաբնակարան շենքերում կան ընտրելու իրավունք ունեցող համապատասխանաբար 90 եւ 86 քաղաքացիներ, որոնք, անկախ տեղեկատվության հեղինակների ճաշակից եւ ցանկությունից, միանգամայն օրինականորեն ընդգրկված են ընտրացուցակներում: Ավելին, այդ եւ որեւէ այլ հասցեով չեն ստեղծվել կեղծ ընտրացուցակներ եւ կեղծիքները, որոնց առնչվել է Շենգավիթի թաղապետարանը, եղել են նշված կուսակցության տարածքային կազմակերպության հորինվածքները: Անկեղծ ցավ եմ ապրում ՀԺԿ գրասենյակի հերթական հերյուրանքների համար: Հատկապես ցավալի է, որ մեր ընտրացուցակներում ողջերի մեջ մեռածներ փնտրելու անհաջող փորձերից հետո ընտրվել է զրպարտությունների այլ ուղի: Առավել եւս, որ կարելի է մշակել եւ իրականացնել ավելի խոհեմ եւ արդյունավետ մարտավարություն: Մ. ՍԱՐԳՍՅԱՆ, Շենգավիթի թաղապետ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել