Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտ 01,2003 00:00

ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Միջանկյալ կանգառ Նախընտրական շրջանում արած իմ բոլոր կանխատեսումները կար ծես թե իրագործվեցին։ Մնում է Ամենայն Հայոց կաթողիկոսը խաղաղության կոչով դիմի ժողովրդին եւ ղարաբաղյան պաշտպանության սահմանում ավելի լայնածավալ բախումներ հրահրվեն (իհարկե, երկու կողմի կատարյալ վերահսկողությամբ), քան երեկվա հաղորդածը, ըստ որի դիվերսիոն նպատակներ հետապնդող ադրբեջանական մի ջոկատ փորձ է արել հատել կրակագիծը, որով իշխանություններն իրենց ներքին քարոզչությանն ավելի իրատեսական բնույթ տալով եւ Քոչարյանի չվերընտրվելու դեպքում ակնառու դարձնելով արտաքին սպառնալիքը, հիմնավորել նրա այլընտրանք չունենալու պարագան։ Բայց պարզվում է, որ կանխատեսում անելն այնքան բարդ չէ, որքան փետրվարի 19-ից հետո ստեղծված կացությունը։ Ըստ ամենայնի, Հայաստանում ստեղծված ներկա իրավիճակին այլ անուն չես տա, քան երկիշխանություն՝ այդ երեւույթին հատուկ բոլոր հատկանիշներով. իշխանություն, որ առերեւույթ տիրապետում է կառավարման լծակներին, սակայն հայտարարված է օրենքից դուրս եւ իշխանություն, որ կառավարման ոչ մի լծակ չունի, սակայն որի ետեւում հսկայական զանգվածներ են, գրեթե ողջ ժողովուրդը, որն առայժմ գործում է օրենքների սահմաններում։ Նման դեպքում փակուղի մտած, հակադիր բարիկադներում հայտնված իշխանություններն ունեն երկու ճանապարհ՝ խնդիրը պահանջում է կամ քաղաքական լուծում, բանակցությունների միջոցով խաղի նոր կանոնների հաստատում եւ փոխզիջումային համաձայնություն, կամ հեղափոխություն, քանի որ պայքարը տեղափոխվել է իշխանություն-ժողովուրդ հարթություն։ Այսինքն՝ պայքարի ընդդիմության հայտարարած ձեւը, թե իրենք գործելու են օրենքի սահմաններում, միմիայն սահմանադրական ճանապարհով են հասնելու իշխանափոխության, փոխում է մարտավարությունը՝ արագորեն վերաճելով հեղափոխական իրավիճակի՝ ողջ պատասխանատվությունը թողնելով իշխանությունների վրա, այն հիմնավորումով, որ եթե չեք ուզում ազատ ընտրություններով ապահովել օրինական իշխանության հաստատումը, հեղափոխությունն անխուսափելի է դառնում՝ անկախ իրենց կամքից։ Եվ այստեղ ամենազարմանալին այն է, որ ակամա այդպիսի վիճակում է հայտնվել ամենահեղափոխական ուժը, մանավանդ ընդդիմություն-ժողովուրդ ողջ սպեկտրը համախմբող ՀԺԿ-ն։ Հավանաբար, հենց այս հանգամանքի ողջ անտրամաբանությունը զգալով եւ գիտակցելով, որ իրենց դիմաց կանգնած ուժին ինչ անուն ասես կարելի է տալ, բացառությամբ հեղափոխական լինելը, իշխանական քարոզչամեքենան կրտսեր Դեմիրճյանի ետեւում փորձում է տեսնել ՀՀՇ-ին, որի ներկայությունը քաղաքական կյանքում գոյություն ունի այնքանով, որքանով այդ անունով կուսակցություն գոյություն ունի, եւ մոռանալով, որ եթե ժողովրդի ճնշող մեծամասնությունն է իշխանափոխության պահանջ դնում, ինչու պիտի ՀՀՇ-ն բացառություն լինի։ Իրավիճակը հեղափոխական կարելի է համարել նաեւ մի այլ առումով. երկու կողմերն էլ արագորեն սպառում են պայքարի օրինական ռեսուրսները- ինչքա՞ն կարող է ընդդիմությունը խաղաղ միտինգներ կազմակերպել եւ իշխանությունը որքա՞ն ժամանակ կարող է կոշտ դիրքորոշում ցուցաբերել, մանավանդ այդ ընթացքում ի չիք են դառնալու նաեւ խնդրի քաղաքական լուծման հնարավորությունները։ Մյուս կողմից, բանակի չհիմնավորված ներքաշումը քաղաքական գործընթացներում (հայտարարությունների եւ տեղաշարժերի տեսքով), ոստիկանության, ազգային անվտանգության եւ իրավապահ այլ ուժերի բացահայտ օգտագործումն ընդդիմության դեմ, ուղղված է ոչ թե օրինականության հաստատմանը, այլ իշխանության սասանված հիմքերի պահպանմանը, ինչը նույնպես անհետեւանք մնալ չի կարող ո՛չ միջազգային հանրության, ո՛չ էլ ներքին կյանքի զարգացման տրամաբանության տեսանկյունից՝ ընդհուպ մինչեւ երկրորդ փուլում որեւէ մեկի հաղթանակի օրինականությունը կասկածի տակ դնելու հնարավորությունը։ Այլ կերպ ասած, այդպիսի քայլերով Քոչարյանը մի վերջին հարված է հասցնում ոչ միայն իր իշխանությանը, այլեւ ժողովրդի հաղթած թեկնածուի օրինական լինելուն, եւ սա կլինի նրա ամենամեծ ծառայությունը Հայաստանին։ Մի խոսքով, գործող նախագահն ամեն ինչ արեց, որ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններում հաղթանակի դեմոկրատիան եւ երկրորդ փուլի հերոսական հայտարարումը համարեց Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի բարձրագույն նորմ։ Մյուս զավեշտն այն է, որ հաղթանակի հասնելուն խոչընդոտողն ամենեւին էլ պակասող 1-2 տոկոսը չէ, այլ 48-49 տոկոսի օրինական հռչակումը, մանավանդ երկրորդ փուլում նրա շտաբի պետը հաշվի է առնելու իրականությունը, որը, ըստ ամենայնի, բավականաչափ դաժան է։ Այս իրավիճակում հանրապետության արտաքին հարաբերություններում առանձին սպառնալիք է դառնում Ալիեւի պարագան, որն ամերիկյան այցի շրջանակներում հայտարարում է, թե Քոչարյանի չվերընտրվելու դեպքում կասկածի տակ են դրվելու մինչ այդ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, դրանով յուրատեսակ զորակցություն հայտնելով իր հայաստանյան կոլեգային, բնականաբար, նույնն ակնկալելով իր առաջիկա նախագահական ընտրություններում վերջինից։ Բայց այս հանգամանքը կարելի է դիտարկել ավելի լայն տեսանկյունից. ողջ խնդիրն այն է, որ 88-ից հետո արդեն երկրորդ անգամ Հայաստանը դառնում է այն երկիրը, որին կարծես թե վերապահված է լուրջ դերակատարություն հարավկովկասյան հանրապետություններում նոր աշխարհակարգ հաստատելու գործում։ Ըստ տեղեկությունների, ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Վրաստանում հավասարապես ճնշված ընդդիմությունն անհամբեր սպասում է Հայաստանում ընդդիմության պայքարի ելքին, որպեսզի նոր իրողություններ հաստատեն սեփական երկրներում՝ Վրաստանում տապալելով Շեւարդնաձեին, Ադրբեջանում՝ Ալիեւին։ Ինչեւէ, փետրվարի 26-ի հանրահավաքում ընդդիմությունն օգտագործեց իշխանափոխության օրինական ճանապարհի վերջին հնարավորություններից մեկը՝ նախագահին ներկայացնելով պահանջներ, որոնք իրագործելի են թվում, սակայն վերջինս ոչ միայն չընդունեց պատվիրակներին, այլեւ փշալարերով փակեց միտինգավորների ճանապարհը, որից հետո կազմակերպիչները հայտարարեցին, որ իրենց պահանջների մասին տեղյակ են պահելու նաեւ միջազգային հանրությանը։ Նշված գործընթացներում անկարելի է անտեսել ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Գեղամյանի պարագան՝ շարունակելով նախորդ հոդվածներում առաջ քաշած միտքը՝ կապված վերջինիս դերակատարության հետ։ Արդեն որերորդ անգամ իրեն դուրս դնելով ընդդիմության համախմբված ճամբարից, այս պահին Գեղամյանը հայտնվել է աննախանձելի վիճակում. առերեւույթ թվում է, որ նա այլեւս պետք չէ ո՛չ իշխանությանը, ո՛չ էլ առավել եւս՝ ընդդիմությանը, սակայն շարունակվող խաղը նրան թողնում է սահուն իշխանափոխության այլընտրանք (իզուր չէ, որ նա շարունակում է իրեն երրորդ ուժ համարել)։ Սերժ Սարգսյանի ետընտրական ասուլիսում հնչած միտքը, թե ինքը վստահ է, որ ընդդիմությունը չի համախմբվելու, Գեղամյանն իր վարքով լիովին արդարացրեց, եւ Գեղամյանի հայտարարությունը, թե հրապարակում հայտնված ընդդիմության հաղթանակի դեպքում ներկայիս իշխանության պարագլուխները գնդակահարվելու են եւ ինքն այս իրավիճակում նախագահական աթոռի միակ ճիշտ հավակնորդն է- շարունակությունն է պաշտպանության նախարարի հայտնած մտքի, սակայն դրանք միաժամանակ «Ազգային միաբանության» նախագահի՝ որպես ընդդիմադրի վերջին փամփուշտներն են, իսկ ամենավերջին քայլը կլինի այն, որ անչափ կցանկանա, որ իր ստացած քվեներն անցնեն Քոչարյանին, բայց ժողովուրդը նույն շռայլությունը չի ունենա։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել