«Եվրոռեմոնտի հայոց միություն» ՀՀ նախագահական ընտրությունների առաջին փուլում դիտորդական առաքելություն իրականացրած 7 հասարակական կազմակերպություններ՝ «Արդարություն եւ իրավունք», «Քաղաքագիտական, իրավագիտական եւ տնտեսագիտական հետազոտությունների եւ կանխատեսումների», «Երիտասարդների իրավական եւ սոցիալական աջակցության կենտրոն», «Հայկական համաշխարհային միություն», «Հանուն ժողովրդավարության ընկերակցություն», «Եվրոպական հետազոտությունների հայկական կենտրոն», «Եվրոպական իրավունքի հայկական ընկերակցություն», երեկ իրենց սպասված եզրակացությունը բախշեցին հայ հանրությանը։ Ընդ որում, սույն հասարակական կազմակերպությունները հաջողացրել էին «լրջագույն վերահսկողություն» իրականացնել ընտրությունների ընթացքի նկատմամբ։ Ավելին, այդ հկ-ների մոտ հազար տեղական դիտորդները կարողացել էին «մանրամասնությամբ արձանագրել իրենց դիտարկումների արդյունքները»։ Եվ նույնիսկ «հավաքագրել են նախագահի թեկնածուների վստահված անձանց տրամադրած տեղեկությունները»։ Այս ամենի «համալիր վերլուծությունը» «առաքյալների» ղեկավարներին թույլ է տվել փաստել, որ «ՀՀ-ում տեղի ունեցած ընտրություններն ընթացան հանգիստ մթնոլորտում եւ կազմակերպված, քվեարկության ամբողջ ընթացքը բաց էր ու թափանցիկ…», եւ այս մոտիվներով եւս տասը կետ։ Այս ամենի արդյունքում առաքելություն իրականացրածները նույնիսկ եզրակացություն են արել։ Ըստ այդմ՝ «2003թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններն իրականացվել են կազմակերպված, թափանցիկ, առանց ընտրական կարգի, նախագահի թեկնածուների վստահված անձանց եւ դիտորդների իրավունքների էական խախտումների»։ Իսկ իբր թե արձանագրված խախտումներն «իրենց բնույթով եւ հետեւանքներով չէին կարող էական ազդեցություն ունենալ ընտրությունների եւ քվեարկության արդյունքների վրա»։ Սույնը պատմելուց հետո «առաքյալները» պատրաստակամ պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին։ Ու հաջողվեց պարզել, որ վերջիններս բռնությունների, կոպիտ օրինախախտումների եւ նմանօրինակ դեպքերի մասին տեղեկություններ անգամ չունեին։ «Դուք թերթեր չե՞ք կարդում» հարցը իշխանամետ լրատվամիջոցներից մեկի թղթակցին, առավել քան «առաքյալներին», զայրացրեց եւ վերջինս մի բոցաշունչ ելույթ սկսեց։ Դիտողությունից հետո, որ հարցն իրեն չէր ուղղված, սույն ասուլիսը հրավիրած անձինք փորձեցին բացատրություններ տալ՝ «մենք արձանագրել ենք մեր աչքի տեսածը»։ Ի դեպ, այս խոստովանության ուշացումն այսպես բացատրվեց. «մեզ միջազգային կազմակերպություններ չեն ֆինանսավորել, աշխատել ենք մեր ուժերով», ուստի շրջաններից ստացվող տեղեկությունները, զուտ տեխնիկական պատճառներով, ուշացել են։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ