Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է փաստաբանավայել կարգավիճակ

Մարտ 01,2003 00:00

Նախատեսվում է փաստաբանավայել կարգավիճակ Այսօր տեղի կունենա ՀՀ Փաստաբանների միության ընդհանուր ժողով, որտեղ կընտրվի միության նախագահ: Առաջադրվելիք թեկնածուներից մեկի՝ Ենոք Ազարյանի կարծիքով, փաստաբանական ինստիտուտի համար առաջնային խնդիրը նրա անկախության ապահովումն է. «Մեր հանրապետությունում ընթացող սահմանադրական եւ դատաիրավական բարեփոխումների արդյունքում նախատեսվում է դատական իշխանության լիակատար տարանջատում գործադիր մարմնից, որով կնվազի նաեւ փաստաբանական գործունեության կախվածությունը դատական իշխանությունից»: Փաստաբանների միության գործունեությունն ավելի արդյունավետ եւ մեր ժամանակներին համահունչ դարձնելու նպատակով թեկնածուն անհրաժեշտ է համարում նախ՝ փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագրումը եւ որակավորման քննությունների հանձնումը վերապահել միայն ՀՀ փաստաբանների միության խորհրդին եւ վերջինիս կողմից ձեւավորված որակավորող հանձնաժողովին, ինչը հնարավորություն կտա նոր ընդունվողների համար ապահովել հավասար մրցակցության հնարավորություն, նվազագույնի հասցնել պատահական մարդկանց արտոնագրումը, սահմանափակել փաստաբանների թվաքանակի անհարկի աճը: Իսկ նոր նշանակված եւ երիտասարդ փաստաբանները պետք է փորձառու եւ վաստակաշատ փաստաբանների մոտ որոշակի ժամկետով անցնեն նախապատրաստական փորձաշրջան, որով կապահովվի նրանց կողմից փաստաբանական տեսանկյունից օրենքների գործնական կիրառությունը: Ե. Ազարյանը անհրաժեշտ է համարում գործող երկու միություններից ստեղծել աշխատանքները կոորդինացնող մարմին՝ համագումար, որն օգտագործելով փաստաբանական գործունեության ընթացքում ձեռք բերված դրական իրավական փորձը եւ իրավական ներուժը, աշխատանքային մշտական կապի մեջ կլինի կառավարության ու ԱԺ-ի հետ, դրանով հնարավոր դարձնելով հասնել երկրում օրենքի գերակայության, արդար դատարան ունենալու գաղափարին, այդ թվում եւ՝ Սահմանադրությամբ նախատեսված մարդու եւ քաղաքացու իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի լիակատար պաշտպանությանը: «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այսօր փաստաբանը, ստանձնելով քաղաքացու իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, շատ հաճախ ինքն է հայտնվում անպաշտպան վիճակում. հանիրավի մեղադրվում ինչպես քաղաքացիների, այնպես էլ, որոշ դեպքերում, իրավապահ եւ դատական մարմինների կողմից, անհրաժեշտ է Փաստաբանների միության շրջանակում ստեղծել մի հանձնաժողով, որը հատուկ կզբաղվի կոնկրետ դեպքի ուսումնասիրությամբ, եզրակացություն կներկայացնի խորհրդին, որն էլ, նախագահի ակտիվ գործունեության շնորհիվ, համապատասխան գործողություններ կձեռնարկի փաստաբանի ոտնահարված իրավունքները վերականգնելու համար։ Իմ ամենօրյա գործունեության կարգախոսը լինելու է՝ «Միությունը եւ նրա նախագահը միության յուրաքանչյուր անդամի իրավունքների երաշխավորն են»,172 ասում է Ենոք Ազարյանը։ Հաշվի առնելով, որ «Փաստաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքում բացակայում են փաստաբանների խրախուսման մասին դրույթները, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ օրենսդրությունում փոփոխություններ կատարելու եւ վաստակաշատ փաստաբաններին խրախուսելու, այդ թվում՝ ՀՀ «Վաստակավոր փաստաբան» կոչում շնորհելու եւ «Պատվավոր փաստաբան» կրծքանշան հիմնելու համար: «Անհրաժեշտ է նաեւ ունենալ պատվոգիրք, պատվոտախտակ, որոնցում իրենց արժանի տեղը կգտնեն հայ փաստաբանության մեջ կարեւոր դեր խաղացած նախկին եւ ներկա փաստաբանները»: Թեկնածուի նախընտրական ծրագրում տեղ գտած պարտադիր պայմաններից է ռադիո եւ հեռուստատեսային ժամ, մամուլի սեփական միջոց ունենալը։ Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել