Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՆՑ ՆԱԽԱԴԵՊԻ ՈՐՈՇՈՒՄ»

Մարտ 01,2003 00:00

«ԱՌԱՆՑ ՆԱԽԱԴԵՊԻ ՈՐՈՇՈՒՄ» Հանրապետության նախագահի անգործության վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանի հայցի մասին Վճռաբեկ դատարանի երեկվա կայացրած որոշմանն այսպես արձագանքեց իրավաբան Վարդան Պողոսյանը: Դատարանը, ինչպես միշտ, հանուն Հայաստանի Հանրապետության որոշեց Ր. Հովհաննիսյանի բողոքը բավարարել մասնակի. «Բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի 17.01.03թ. վճռի՝ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ ՀՀ նախագահի 10.08.01թ. 907 հրամանագրում փոփոխություն կատարելը պարտավորեցնելու պահանջի մասը, եւ այդ մասով գործի վարույթը կարճել: Վճիռը մնացած մասով թողնել անփոփոխ, բողոքն այդ մասով առանց բավարարման»: Ահա Վճռաբեկ դատարանի վճիռը, որը չկարողացավ մեկնաբանել անգամ Վարդան Պողոսյանը՝ նշելով, որ այն դեռեւս իրենց համար էլ պարզ չէ, քանի որ չունեն որոշման տեքստը: «Քանի որ այստեղ խոսքը գնում է նաեւ գործի կարճման մասին, մենք պետք է սկզբում որոշումն ունենանք, որպեսզի հասկանանք՝ մեր արդար պայքարը սկսե՞նք վերաքննիչ դատարանում, թե՞ ոչ»,- ասաց Վարդան Պողոսյանը: Իսկ բողոքի քննման ընթացքում դատավոր Արման Մկրտումյանը շարունակ փորձում էր Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներին ապացուցել, որ իրենք իրավասու չեն քննարկել Սահմանադրական դատարանի իրավասությունների մեջ գտնվող բողոքը, եւ որ իրենց ներկայացրած բողոքը գտնվում է Սահմանադրական դատարանի իրավասությունների մեջ: Ա. Մկրտումյանի պնդմամբ, երբ քաղաքացիություն շնորհելու բացառիկ իրավունքը վերապահված է ՀՀ նախագահին, որով նա հրաման է ստորագրել Ր.Հովհաննիսյանին քաղաքացիություն շնորհել 2001թ. օգոստոսին, դատարանը չի կարող փոփոխել այդ հրամանագիրն ու Ր. Հովհաննիսյանին քաղաքացիություն շնորհել 1991 թվականից: «Եթե ՀՀ նախագահը փորձեր շնորհել քաղաքացիություն 1991թ-ից՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը, ի՞նչ ենք անելու: Ուրեմն, Դուք ոչ միայն պահանջում եք ՀՀ նախագահին խախտել ՀՀ Սահմանադրությամբ ուղղակի իմպերատիվ պահանջը, հիմա էլ նախագահին էլ եք թողել մի կողմ, ասում եք՝ դատարան, դո՛ւք խախտեք օրենքը: ՀՀ նախագահը չի խախտել Սահմանադրությունը, ոչինչ՝ դուք խախտեք՝ քաղաքացիություն շնորհեք 1991թ-ից»,- հայտարարեց Արման Մկրտումյանը՝ ի պատասխան Վարդան Պողոսյանի այն դիտարկմանը, թե երբ, ըստ օրենքի, նախագահը պարտավոր է կատարել «X» գործողություն եւ չի կատարել, ապա դատարանը պետք է քննի այդ գործը, քանի որ դատարանի «պարտականությունն ու առաքելությունն» է հետեւել օրենքների խախտման հետ կապված հանգամանքներին: Ըստ Վ. Պողոսյանի, դատարանը չէր կարող միջամտել միայն այն դեպքում, եթե օրենքը հնարավորություն ընձեռեր նախագահին իր հայեցողությամբ որոշելու իրավունք ունենար՝ շնորհե՞լ քաղաքացիություն, թե՞ ոչ: Այնինչ, ըստ «Քաղաքացիության մասին» օրենքի, դա ոչ թե տեղի է ունենում նախագահի հայեցողությամբ, այլ՝ դա նրա պարտականությունն է: «Եթե մենք լինեինք միապետություն, ապա միապետի բացարձակ հայեցողության մեջ կգտնվեր՝ ինձ շնորհե՞ր իր հպատակությունը, թե՞ չշնորհեր: Բայց քանի որ, ըստ Սահմանադրության, մենք նաեւ իրավական պետություն ենք, որեւէ պետական մարմին եւ պաշտոնատար անձ, այդ թվում նաեւ ՀՀ նախագահը, օրենքից վեր դրված չէ: Իսկ այս պարագայում դատարանը լիովին իրավասու է փոփոխություն կատարել հանրապետության նախագահի ընդունած հրամանագրերի մեջ»,- դատարանում դատավոր Արման Մկրտումյանին իր իրավունքների շրջանակների մասին տեղեկացրեց Վարդան Պողոսյանը: Այնուհետեւ անդրադառնալով Արման Մկրտումյանի մատնանշած Սահմանադրության 14-րդ հոդվածին, որտեղ, ըստ դատավորի, նշված է, որ այլ երկրի քաղաքացին չի կարող լինել ՀՀ քաղաքացի, Վ. Պողոսյանը նկատեց. «Այդ հոդվածում գրված է, որ ՀՀ քաղաքացին չի կարող լինել այլ երկրի քաղաքացի», ինչը, ըստ նրա, ամենեւին էլ չի նշանակում, թե բացառվում է երկքաղաքացիությունը: «Որեւէ օտարերկրյա քաղաքացուց չի պահանջվում նախօրոք հրաժարվել այլ երկրի քաղաքացիությունից՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար»,- ասաց Վարդան Պողոսյանը՝ ավելացնելով, որ ՀՀ նախագահը կարող է քաղաքացիություն տալ որեւէ այլ երկրի քաղաքացու, որից հետո սահմանված ժամկետում տվյալ օտարերկրացուց պահանջել հրաժարվել իր նախկին քաղաքացիությունից: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել