Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փետրվարյան փորձությունը չանցանք»

Մարտ 01,2003 00:00

«Փետրվարյան փորձությունը չանցանք» Երեկ «Ինտերնյուս» ՀԿ տնօրեն Վիլյամ Կանտը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ: «Ինտերնյուսը» պարսավում է բռնության եւ ոտնահարման դեպքերը, հատկապես, եթե դրանք ուղղված են լրատվամիջոցների դեմ։ Ընտրությունների հետ կապված վերջին դեպքերը ստիպեցին մեզ ուշադրություն դարձնել լրագրողական պրոբլեմներին։ Այս դեպքերը լուրջ խոչընդոտ են Հայաստանում քաղաքացիական հասարակության համար։ Ես մտավախություններ ունեմ, որ խիստ վտանգի տակ է նաեւ ազատ, անկողմնակալ եւ օբյեկտիվ լրատվամիջոցների զարգացումը»,- ասաց նա։ «Ինտերնյուս-Հայաստան» կազմակերպությունը՝ ի դեմս տնօրեն Նունե Սարգսյանի, եւս «խիստ անհանգստացած է Հայաստանում խոսքի ազատության խնդրով։ Մենք զգում ենք նաեւ մեր պատասխանատվությունը ԶԼՄ-ներում տիրող իրավիճակի համար։ Մենք հասկանում ենք տիրող իրավիճակի բարդությունը եւ մամուլի վրա ներգործող այլեւայլ հանգամանքներն ամբողջությամբ»։ Եվ ի հեճուկս այս ամենի, «Ինտերնյուսը» կոչ է անում բոլոր լրագրողներին եւ լրատվամիջոցներին՝ «նախընտրական քարոզարշավի այս վերջին օրերին զինվել համարձակությամբ եւ անկողմնակալությամբ եւ հիշել հասարակության առջեւ իրենց ունեցած պատասխանատվության մասին»։ Լրատվամիջոցներին՝ նախեւառաջ հեռարձակողներին, անկախ նրանց ուղղվածությունից, քաղաքական հակումներից եւ ֆինանսավորման աղբյուրներից, նաեւ ասվում է. «Ցանկացած երկրի զանգվածային լրատվամիջոցների համար ընտրությունները մասնագիտական լուրջ փորձություն են։ Ստուգվում են իրադարձություններն օպերատիվ լուսաբանելու կարողությունը, լրագրողական անաչառությունն ու անկողմնակալությունը, հավասարակշռությունն ու ազնվությունը, հավատարմությունը մասնագիտական սկզբունքներին եւ լրագրողական համերաշխություն դրսեւորելու պատրաստակամությունը։ Հայաստանյան ԶԼՄ-ները, մասնավորապես հեռարձակողները, ցավոք, չհաղթահարեցին 2003 թվականի փետրվարյան փորձությունը։ Մենք բոլորս չանցանք այդ համընդհանուր փորձությունը։ Ամեն անգամ էկրանին ոչ օբյեկտիվ տեղեկատվություն տեսնելով՝ մենք ամոթի զգացում ենք ապրում։ Փոխում ենք ալիքը՝ ակնկալելով մաքուր տեղեկատվություն, սակայն մեծ մասամբ տեսնում ենք միակողմանի մեկնաբանություններ։ Մենք չենք հետեւում լրագրողական սկզբունքներին եւ բարոյական նորմերին, մենք չենք հետեւում անգամ բիզնեսի օրենքներին եւ կախվածության մեջ ենք մնում ումից ասես, բացի մեր լսարանից։ Մենք չենք կատարում մեր սոցիալական ֆունկցիաները, լրատվությունը մեկնաբանությունից չենք տարբերակում, հոգ չենք տանում բազմակարծության մասին եւ կամայականորեն ենք ներկայացնում փաստերը։ Մենք աչառու ենք եւ կողմնակալ։ Մենք ենթարկվում ենք եւ տեղի տալիս ցանկացած ճնշման, ծախվում ենք հեշտորեն եւ անբռնազբոս։ Իսկ ինքնագրաքննությունն աննախադեպ չափերի է հասել։ Մենք զգուշանում ենք եւ վախենում։ Ուզում ենք հեռու մնալ ցանկացած փորձությունից, արդյունքում՝ բոլորովին անպաշտպան մնալով։ Մենք քողարկվում ենք ժողովրդի բարօրության մասին խոսակցություններով եւ անում ամեն ինչ՝ նրա վստահությունը վերջնականապես կորցնելու համար։ Մենք պայմաններ չենք ստեղծում կառուցողական երկխոսության համար՝ նպաստելով հասարակության պառակտմանը եւ ճգնաժամի խորացմանը։ Մենք արժեզրկում ենք լրագրողի մասնագիտությունը եւ կամաց-կամաց կորցնում այնքան դժվարությամբ նվաճած խոսքի ազատությունը։ Մենք գործարքի մեջ ենք քաղաքական գործիչների եւ հանգամանքների հետ։ Մենք հետ ենք շրջել ժամանակը եւ կորցրել իրականության զգացողությունը։ Վաղուց արդեն մենք մեզ անկախ չենք հայտարարում եւ գնալով դադարում ենք ազատ լինել։ Միակ բանը, որ մենք դեռ չենք կորցրել՝ հնարավորությունն է։ Իրական արժեքներին վերադառնալու, մեր լսարանի վստահությունը վերագտնելու եւ երբեւէ որպես չորրորդ իշխանություն կայանալու հնարավորությունը»։ Իրավիճակը շտկելու ելքը «Ինտերնյուսն» իրականում չի տեսնում եւ, հետեւաբար, չի առաջարկում։ «Ամեն լրատվամիջոց, ամեն լրագրող ինքը պետք է իրավիճակը շտկի»,- գտնում է Նունե Սարգսյանը եւ հավելում՝ «որ մենք հանրությանը պիտի ծառայենք»։ Միաժամանակ խոստովանում՝ «Ես հասկանում եմ, որ դա իդեալիզմ է»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել