Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՅՍԸ ԾԱԽՈՒՄ ԵՆ ՎԵՐՋԻՆԸ

Մարտ 01,2003 00:00

ՀՈՒՅՍԸ ԾԱԽՈՒՄ ԵՆ ՎԵՐՋԻՆԸ Ընտրակաշառքի տեսականին ընդլայնվել է՝ պահանջարկին համապատասխան։ Մարդիկ սովորել են վերցնել ընտրակաշառքի ցանկացած տեսակ ու քվեարկել իրենց ուզածի պես՝ անկախ ստացածից։ Իսկ ա՞յս դեպքում։ Երեկվա մեր ահազանգը, թե Ռ. Քոչարյանի նախընտրական կենտրոնական շտաբում կաշառք են բաժանում՝ փողի տեսքով, արդեն օրիգինալ չէր։ Թեեւ քրեական օրենսգրքի տեսանկյունից այն, իհարկե, հետաքրքրություն ներկայացնում է։ Ազգային ակադեմիայում դիրքավորված շտաբի առաջ հավաքված տարեց մարդիկ իրենց այդտեղ գտնվելը պատճառաբանեցին հետեւյալ կերպ. «Էս շենքը բարձր ա, արեւն էստեղ ուժեղ ա։ Տաքանում ենք»։ Փաստորեն, ուրիշ տեղ չունեին տաքանալու։ Հետո ասացին, որ եկել են օգնություն խնդրելու, բայց «ստեղացիներին չեն տալիս»։ Բա ո՞ւմ. «Դրսեցիներին»։ «Ղարաբաղցիների՞ն նկատի ունեք»։ Մի կին կողքերը նայելով ասաց՝ հա՛։ Այդ խոսակցությանը ներկա մի փախստական կին հերքեց. «Ես էլ ղարաբաղցի եմ, բաքվեցի, դիմում գրեցի, որ օգնեն՝ դիմումս հետ ուղարկեցին։ Առանց օգնելու»։ Բայց ամենահետաքրքիրը կատարվեց այն ժամանակ, երբ ակադեմիայի, այսինքն շտաբի շենքից դուրս եկավ միջահասակ, բեղավոր մի անձնավորություն։ Բոլորին հայտնեց, որ մեկ շաբաթից անձամբ իր հեռախոսահամարներով կարող են տեղեկանալ իրենց հարցի մասին։ Իսկ որ ամենակարեւորն է՝ արդեն գրություն է տարվել Կենտրոնական բանկ՝ Տիգրան Սարգսյանին, որ այդ հարցը լուծեն։ Հարցը ներկայացրեց բեղավորը (կարծում ենք, ինքը դեմ չէ այսպես ներկայացվել, քանի որ հրաժարվեց անունը հայտնել։ Թեեւ, ինչպես կտեսնեք, մենք պարզեցինք խորհրդավոր պարոնի ինքնությունը). «Արմենիա» բանկի ավանդատուներն էին, եկել են իրենց խնդիրներով. լսեցինք եւ կփորձենք խորանալ հարցերի հետագա բանի մեջ»։ Հավաքվածները գոհունակությամբ երկինք նայելով բացականչեցին. «Վերջապես մեկը մի ռեալ բան ասեց մեզ»։ «Ռեալ բանը» ավանդատուների երեկվա հանդիպումն է եղել տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի հետ, որը ժամանակավորապես աշխատում է ՀՀ նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանի շտաբում։ Պատմում է խաբված ավանդատուների ակտիվիստներից. «Մինիստրը՝ Աբրահամյանը, տղամարդու նման խոստանում է՝ ձեր հարցը լուծելու ենք։ Ասեցի՝ գիտե՞ք ինչի չի լուծվել մեր հարցը. որովհետեւ մինչեւ հիմա ոչ մեկը լուրջ չի ուզեցել էդ գործով զբաղվի, թքող վերաբերմունք ունեին»։ Մոտավորապես ինը տարի է, ինչ «պայթած» «Արմենիա» բանկի խաբված ավանդատուները այս ու այն կողմ են դիմում՝ իրենց ներդրած ավանդները հետ ստանալու հույսով։ Ի դեպ, իննից հինգ տարին միայն՝ նախագահ Ռ. Քոչարյանի օրոք։ Իսկ երեկ առավոտյան 10-11-ի սահմաններում դիմումը ներկայացնելով նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանի շտաբ, նրանց անմիջապես ընդունեցին, լսեցին եւ «անմիջապես նամակ պատրաստեցին Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի անունով՝ ակնկալելով, որ 7-օրյա ժամկետում Տ. Սարգսյանը տա հարցի լուծման տարբերակները, որից հետո եթե անմիջական լուծում չստացվեց, կանցնենք հատուկ քայլերի իրականացմանը։ Յոթ օրից հետո մեզ պատասխան կտան»։ Մեր հարցին, թե արդյո՞ք սա նախընտրական շրջանով չէ պայմանավորված, որովհետեւ յոթ օր հետո ընտրություններն արդեն կայացած կլինեն, ավանդատուն պատասխանեց. «Իհարկե, դա նշանակություն ունի։ Ես հասկանում եմ ձեր հարցի իմաստը։ Բայց մեր մեջ (իր եւ պրն Աբրահամյանի- Ա. Շ.) խոսակցությունը գնացել է ոչ միայն պաշտոնական, այլեւ զուտ մարդկային տեսքով, եւ կարծում եմ, որ հազիվ թե որեւիցե մեկը իրեն թույլ տա անցնելու նաեւ այդ երկրորդ սահմանը։ Կարծում եմ, որ դրական կլինի»։ Իսկ ո՞վ էր այն տղամարդը, որը ձեզ բերեց Հ. Աբրահամյանի պատասխանը. «Տարածքային կառավարման վարչության պետ Վարդանյան Խաչիկը»։ Որ հինգ տարում նախագահ Ռ. Քոչարյանը, տարածքային կառավարման նախարար Հ. Աբրահամյանը, Կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյանը, ավանդատուի ասելով, փաստորեն «լուրջ չեն ուզեցել էդ գործով զբաղվել», իրենց խնդիրն է։ Բայց թե ինչ իրավունք ունի նախագահի թեկնածու Ռ. Քոչարյանը, առավել եւս՝ նրա շտաբականները Կենտրոնական բանկի նախագահին հանձնարարականներ տալու ու դրանով ընտրողներին անվճար հույս բաժանելու՝ դա արդեն հասարակության, բոլորիս խնդիրն է։ Մի քիչ էլ դիտորդներինը։ ԱՆՆԱ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել