Լրահոս
Օրվա լրահոսը

Անհապաղ ազատ արձակել

Մարտ 01,2003 00:00

Անհապաղ ազատ արձակել ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտը կոչ է անում ազատ արձակել ընդդիմության քարոզարշավի մասնակիցներին, հարգել խաղաղ հանրահավաքներ անցկացնելու եւ արդար քաղաքական պայքարի իրավունքը ՀՀ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում: ԱՄՆ Միջազգային գործերի ազգային ժողովրդավարության ինստիտուտը (ԱԺԻ) խորապես մտահոգված է Հայաստանի իշխանությունների կողմից ընդդիմության քարոզարշավի մասնակիցների՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մարտի 5-ի ժամկետն անցնող վարչական ձերբակալությունների կապակցությամբ։ Փետրվարի 22-ի առավոտյան ոստիկանությունը սկսեց ձերբակալել ընդդիմության ակտիվիստներին, որոնք մեղադրվում էին խուլիգանական արարքների եւ /կամ/ չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար։ Սկզբնական շրջանում նման մեղադրանքներով կալանավորվեց մոտավորապես 100 մարդ։ Այժմ, ըստ վստահելի աղբյուրների, այս թիվը հասնում է 200-ի։ 35-ից ավելի ձերբակալվածներ դատապարտված են 15-օրյա կալանքի՝ համաձայն վարչական օրենսգրքի այն հոդվածի, որը Եվրոպայի խորհրդի պառլամենտական վեհաժողովը կոչ էր արել համարել անվավեր։ Յուրաքանչյուր կառավարություն պարտավոր է հարգել հանրահավաքների, ցույցերի եւ խոսքի ազատությունը, որը ժողովրդավարական հասարակությունում առկա քաղաքական մրցակցության նախադրյալ է։ Դա նույնքան կարեւոր է, որքան եւ քաղաքացիների կողմից հասարակական կարգի խաղաղ պահպանումը։ Վարչական կամ քրեական պատժամիջոցների ինքնակամ կամ անհամաչափ կիրառումը քաղաքական քարոզչության ժամանակահատվածում քաղաքական խտրականության դրսեւորում է, ինչը ոտնահարում է միջազգային չափանիշները եւ երկրի պարտավորությունները՝ մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ արդար ընտրություններ անցկացնելու բնագավառներում։ Հետեւաբար, քարոզարշավի բոլոր ընդդիմադիր մասնակիցները պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Այդ մարդկանց կալանքում անցկացրած յուրաքանչյուր օրը խաթարում է արդար քաղաքական մրցակցությունը։ Միաժամանակ, ընդդիմության ներկայացուցիչները եւ այլք պետք է հարգեն օրենքը եւ մյուսների իրավունքները։ Բռնության եւ հակասահմանադրական յուրաքանչյուր կոչ չի կարող ընկալվել որպես օրինական պատասխան՝ ուղղված ընտրական իրավախախտումներին։ Փետրվարի 19-ի ընտրությունների ընթացքում միջազգային եւ տեղական դիտորդների կողմից արձանագրված ընտրակեղծիքները, ներառյալ քվեատուփերի լցոնումը եւ քվեարկության արդյունքների հաշվման ժամանակ տեղի ունեցած անճշտությունները անցյալ ընտրությունների արատավոր փորձի մտահոգիչ շարունակությունն են հանդիսանում։ Ըստ ԱԺԻ նախընտրական ժամանակահատվածում Հայաստան այցելած պատվիրակության, Հայաստանն ունակ է անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ, եթե այն քաղաքական կամք դրսեւորի եւ ձերբազատվի նմանատիպ փորձից։ Նկատի ունենալով, որ մինչեւ ընտրությունների երկրորդ փուլ մնացել է միայն 5 օր, երկու թեկնածուների քարոզարշավի ներկայացուցիչները պետք է գործեն օրենքի շրջանակներում, եւ բոլոր իշխանական եւ ուժային կառույցները պետք Է դրսեւորեն քաղաքականապես չեզոք վարքագիծ։ Ընտրողների վրա ներգործության յուրաքանչյուր փորձ՝ ուղղված քարոզարշավի միջամտմանը եւ ընտրությունների արդյունքների խաթարմանը, պետք է դադարեցվի՝ հնարավորություն ընձեռելով Հայաստանի ընտրողներին մարտի 5-ի ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերում ազատորեն արտահայտելու իրենց կամքը եւ երաշխավորելու ընտրական գործընթացի օրինականությունը։ Վաշինգթոն, փետրվարի 27, 2003

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել