Արտաշատը՝ թեժ գոտի Նախագահի ընտրության առաջին փուլի արդյունքները վկայում են, թե առավել կոպիտ ընտրախախտումները կատարվել են հատկապես Էջմիածնում, Աբովյանում եւ Արտաշատում, որոնց դիտորդներն առանձնահատուկ ուշադրություն պիտի դարձնեն երկրորդ փուլում: Առանձնացնենք այն տվյալներն Արտաշատի վերաբերյալ, որ մեզ հայտնի են դարձել բազմաթիվ ահազանգերի հետեւանքով: Շահումյան գյուղում ընտրակեղծիքները ղեկավարում է զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի օգնական Կարո Կարապետյանը, որը եղբոր՝ Սիմոնի հետ միասին քվեաթերթիկներ լցնելով՝ կարողացավ Քոչարյանի օգտին ապահովել շուրջ 95% ձայն: Փետրվարի 19-ին ժ. 14:00-ի մոտերքն այս գյուղում արդեն ավարտված էին ընտրությունները: Թեեւ Ընտրական օրենսգիրքն արգելում է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները մասնակցեն քարոզարշավին՝ մարզպետարանի աշխատակից Գեղանուշ Ավետիսյանը, որ ցանկություն ունի դառնալու պատգամավոր, խիստ ակտիվորեն միջամտում էր ընտրությունների ընթացքին: Շատ խախտումներ են կատարվել 4-րդ ռուսական դպրոցում գտնվող ընտրատեղամասում, որը թեեւ գտնվում է ոստիկանության հարեւանությամբ, բայց առաջին փուլում որեւէ ոստիկան չէր հսկում: Ի դեպ, ե՛ւ Արտաշատի ոստիկանության ղեկավարը, ե՛ւ զինկոմը ծնունդով Ղարաբաղից են: Եվ այս մարմինները հատկապես ակտիվանում են, երբ արտաշատցիները փորձում են մասնակցել Դեմիրճյանի՝ Երեւանում կազմակերպվող հանրահավաքներին: Պետավտոտեսչության մեքենաները սկսում են խոչընդոտել ավտոբուսներին, վարորդներին տանում են քաղմաս, ահաբեկում, տուգանում եւ այլն: Բոլոր այն անձինք, ում անունները տվել էր ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն Արտաշատում Հայկ Բաբուխանյանի դանակահարության առնչությամբ՝ այս կամ այն կերպ մասնակից են եղել ընտրակեղծիքներին: Այսպես՝ Ոստան գյուղում քվեարկությունը հսկել են Կծան Միշան, Չռոյի Աշոտը, Ցունցունա Խաչոն եւ նրա եղբայրը՝ գյուղապետ Հակոբը: Մրգավան գյուղում Քոչարյանի ձայներն ապահովվել են Գազի Հովոյի ջանքերով եւ, ականատեսների վկայությամբ, 5-րդ դպրոցում նա քվեարկությունը վերահսկում էր զինված՝ սպառնալիքներ տեղալով մրցակցի կողմնակիցների հասցեին. «Կջարդեմ բոլորիդ»: Իսկ Նովրզլու գյուղում՝ Քյուլլա Ռաֆիկն ու նրա որդին՝ Արթուրն իրենց ձեռքով քվեատուփ են նետել, ըստ տարբեր գնահատումների՝ 750-800 քվեաթերթիկ: Այս ցուցանիշը գերազանցել է Հրանտ Խաչատրյանի ցանկի մեկ այլ մասնակից՝ Ձուկ Սամվելը, որն ավելի շատ քվեներ է ապահովել Քոչարյանի օգտին: Ահազանգողները պնդում էին, թե այս բոլոր անձինք գործում են նախարար Հովիկ Աբրահամյանի թելադրանքով, եւ առանձնակի հսկողության կարոտ են դիտում նրա գյուղը՝ Մխչյանը եւ Կանաչուտը, որ Արարատի մարզպետի՝ Ալիկ Սարգսյանի գյուղն է: Այստեղ էլ Քոչարյանի օգտին կարողացան ապահովել շուրջ 95% քվեներ՝ քվեատուփերին թույլ տալով մոտենալ միայն վստահելիներին: Հ. Ա. Հ. Գ. Մի գնդապետ, երկուական կապիտան եւ լեյտենանտ (անունները չենք հրապարակում՝ համաձայն պայմանավորվածության) դիմումներ են տվել աշխատանքից ազատվելու, քանի որ Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը ստիպել է, թե պիտի իրենց ընտանիքներով հանդերձ բաց քվեարկեն 2-րդ փուլում: