Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ»

Մարտ 01,2003 00:00

«ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ» Հարցազրույց Ստեփան Դեմիրճյանի հետ -Ինչպե՞ս եք գնահատում փետրվարի 19-ի ընտրությունները: – Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններն անցան բացահայտ կեղծիքներով, օրինախախտումներով, ինչպես նաեւ բռնություններով: Մինչեւ օրս որեւէ մեկը այդ ամենի համար պատասխան չի տվել: Ձերբակալվում են մեր շտաբների անդամները, վստահված անձինք, մարդիկ, ովքեր վճռականորեն պայքարում էին կեղծիքների դեմ: Սա է այսօրվա վիճակը~ նույնիսկ այն բանից հետո, երբ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, ԵԽ ԽՎ նախագահ Պիտեր Շիդերը հայտարարություններ արեցին ընտրությունների հետ կապված, ի դեպ այսօր հայտարարություն է արել նաեւ ԱՄՆ ժողովրդավարության ինստիտուտը: Եվ ամենակարեւորը՝ կա մեր ժողովրդի պահանջը: Սակայն իշխանություններն այս պահանջներն անտեսելով նպատակամղված են դեպի երկրորդ փուլ: Նպատակ է դրված գնալ երկրորդ փուլի՝ առանց այլընտրանքային տարբերակի: Սա է իրականությունը: Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին, իմ շտաբի ներկայացուցիչներին, վստահված անձանց: – Ինչպե՞ս եք վերաբերվում դիտորդական առաքելությունների գնահատականներին: – Ի վերջո՝ կարեւորը ժողովրդի գնահատականն է, իսկ ժողովրդի գնահատականը մենք տեսանք հանրահավաքների ժամանակ: Եթե այդքան մարդ է գալիս հանրահավաքի եւ բողոքում է ընտրություններում տեղի ունեցած օրինախախտումների ու արդյունքների կեղծման դեմ, նշանակում է՝ ժողովրդի գնահատականն ընտրությունների արդյունքներին բացասական է: Երբ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց, նշանակում է՝ ժողովրդի արժանապատվությունը վիրավորված է: Ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չէր լինի նման հանրահավաքներ կազմակերպել, եթե մարդիկ վրդովված եւ վիրավորված չլինեին: Սա արդեն ապացույց է, որ անարդարություններ են տեղի ունեցել: Եվ սա արձանագրել են դիտորդական առաքելությունները: – Դուք ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ ԿԸՀ-ն, խախտելով Ընտրական օրենսգիրքը, ընտրությունների ամբողջական տվյալները չունենալով, շտապեց հայտնել երկրորդ փուլի մասին: – ԿԸՀ-ն բազմաթիվ խախտումներ է արել, եւ իմ վստահված անձը անգործությունը վերացնելու պահանջով դատի է տվել ԿԸՀ-ին: Մեր հասարակության վճռականությունը եւ դիտորդների գնահատականները կասեցրին իշխանությունների ցանկությունները՝ ընտրություններն ավարտել մեկ փուլով եւ նախագահ հռչակել Ռոբերտ Քոչարյանին: – Ընդունու՞մ եք, որ պարզապես պարտադրված եք մասնակցել երկրորդ փուլին: – Ես ընդունում եմ, որ պարզապես դատապարտված եմ հաղթելու, որ ժողովուրդն է հաղթելու: – Իսկ չե՞ք գտնում, որ երկրորդ փուլում իշխանությունները ավելի մեծ ծավալով ընտրակեղծիքների են դիմելու: Կարողանալո՞ւ եք պաշտպանել Ձեզ տված քվեները: – Որեւէ կասկած չկա, որ իշխանությունները գնալու են կեղծիքների, նրանք նույնիսկ համոզված չեն, որ կեղծիքների միջոցով հնարավոր կլինի իրենց հարցերը լուծել, ինչպես դա չհաջողվեց առաջին փուլում, այդ պատճառով էլ գնում են բացահայտ ահաբեկչության՝ ձերբակալություններ եւ այլն: Ուղղակի ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել, որ սեփական ժողովրդի դեմ պայքարող իշխանությունը դատապարտված է: – Արտաշես Գեղամյանի Սահմանադրական դատարան դիմելու փաստին ինչպե՞ս եք վերաբերվում: – Դա նրա իրավունքն է. ես մեկնաբանություններ տալու կարիք չունեմ: – Դուք իրո՞ք խուսափում եք հեռուստաբանավեճերից, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք: – Իմ տեսակետը հայտնի է, որեւէ բանավեճի խնդիր չկա: Ես վստահ եմ, որ հաղթելու եմ բանավեճում, ինչպես ընտրություններում: Ի՛նչ բանավեճի մասին է խոսքը, երբ ձերբակալվում են իմ վստահված անձերը, ընդդիմության ակտիվիստները: Եվ ընդհանրապես բանավեճի մասին այս արհեստական աժիոտաժը հերիք է բորբոքեն, որովհետեւ եթե գնամ բանավեճի, իրենք են փոշմանելու: – Ձեզ մեղադրում են, որ Դուք քաղաքական պայքարի եւ երկրի կառավարման փորձ չունեք, ուստի չեք կարողանա կառավարել եւ դիմակայել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրներին, որ Դուք դատական համակարգը չեք պատկերացնում, կամային հատկանիշներ չունեք: – Այսօր մենք ականատես ենք, թե ինչ ուժգնությամբ է աշխատում իշխանամետ քարոզչամեքենան, ինչ լուտանքներ են հեղեղում իմ հասցեին: Ամենեւին մտադիր չեմ այդ ամենին արձագանքել: Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը արդեն դիմում է ինչ-որ թափթփուկների պաշտպանությանը: Ուրիշ մեղադրանքներ էլ են հնչում, իբր փամփուշտը արկից չեմ տարբերում: Ես մի բան գիտեմ, որը շատ ավելի կարեւոր է. արկը կամ փամփուշտը չի կարելի օգտագործել քաղաքական նպատակներով: Ինչ վերաբերում է դատական համակարգին, այն պետք է անկախ լինի եւ ոչ թե ղեկավարվի նախագահի հրահանգներով, ինչը մենք այսօր տեսնում ենք: Երկրում պետք է կայուն համակարգեր գործեն, երկրում պիտի հարգվի սկզբունքը եւ պրոֆեսիոնալիզմը, ու յուրաքանչյուրը պիտի զբաղվի իր գործով: Խոսում են կամային հատկանիշների մասին: Դժվարին տարիներին ես իմ կոլեկտիվի հետ կառուցել եմ ամենաժամանակակից գործարանը: «27»-ից հետո, երբ կանգնած էր կուսակցության լինել-չլինելու հարցը, ես ստանձնեցի կուսակցության ղեկավարությունը, եւ ՀԺԿ-ն այսօր էլ ավելի ամրապնդված է ու քաղաքական դաշտի ամենաազդեցիկ ուժերից մեկն է: Ամենազավեշտականն այն է, որ նման մեղադրանք ներկայացնում են էությամբ ստրուկ մարդիկ: Ինչ-որ մարդիկ իմ հոր անունն են տալիս, ո՞վ է նրանց իրավունք տվել խոսել Կարեն Դեմիրճյանի անունից: Նման մարդկանց մասին իմ հայրն էլ իր կարծիքն ուներ, ես էլ ունեմ, ժողովուրդն էլ: Ցավում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն այդ ողորմելիների հույսին է մնացել: – Ասում են, որ Ձեր ետեւում կանգնած են բոլորովին ուրիշ մարդիկ, մի ամբողջ խումբ: Ովքե՞ր են Ձեր ետեւում կանգնածները: – Այդ մարդիկ ոչ թե իմ ետեւում են, այլ իմ կողքին, եւ ժողովուրդը նրանց շատ լավ է ճանաչում. Արամ Սարգսյան, Վազգեն Մանուկյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Արշակ Սադոյան, Ալբերտ Բազեյան, Հրանտ Խաչատրյան, Շավարշ Քոչարյան, Արամ Կարապետյան, Արամ Գասպարի Սարգսյան, ուրիշները… – Այնուամենայնիվ կոնկրետ՝ մասնակցելո՞ւ եք երկրորդ փուլին, թե ո՞չ: – Մենք ներկայացրել ենք մեր պահանջները, որոնք դեռեւս բավարարված չեն, առայժմ մենք խոսում ենք այս մասին: Բայց բոլոր դեպքերում մենք համոզված ենք մեր հաղթանակում: – Ասում են, որ իշխանության գալով, Դուք հաշվեհարդարների եք անցնելու: – Այդ կապակցությամբ ես արդեն ասել եմ, որ չեն լինելու հաշվեհարդարներ, մեր ուղին լինելու է հասարակության համախմբումը, մեր ուղին լինելու է ամենօրյա աշխատանքը, ժողովրդի ներուժը երկրի շենացմանն ու կառուցմանը նպատակաուղղելը: Միեւնույն ժամանակ՝ հետամուտ ենք լինելու արդարության հաստատմանը: Երկրում պետք է գործի արդարադատությունը, եւ բոլորն օրենքի առաջ պետք է հավասար լինեն: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել