Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարության խոստումը՝ վաղվա հուշ

Մարտ 01,2003 00:00

Արդարության խոստումը՝ վաղվա հուշ ՀՀ նախագահական ընտրությունների այս օրերին մթնոլորտն այնքան է ծամածռվել, որ այսօր «բոլորին դեմ» քվեարկությունն էլ համարվում է որեւէ կողմի միտվածություն: Այսինքն, երբ ասում ես, որ ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը միակ արժանի թեկնածուն չէ եւ չի կարող լինել, ապա որակվում ես որպես Քոչարյանի պաշտպան: Քանի որ վերջերս մոդա է դարձել արտասահմանյան մամուլին, օտարերկրյա դիտորդներին հղումներ կատարելը, մենք էլ մեջբերենք բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսի փետրվարի 20-ի համարում փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների մասին հրապարակումից: «8230Կրտսեր Դեմիրճյանը ժառանգել է իր հոր գեղեցիկ արտաքինը եւ հաճելի ձայնը, ինչն էլ օգնել է նրան ժառանգել ընտրողների որոշակի ձայներ նույնպես: Նրա քարոզարշավի եզրափակիչ հավաքը Երեւանում երեք օր նախքան ընտրությունները՝ ամենամեծ հավաքն էր, որ տեղացիները կարող են հիշել Սովետական Միության փլուզումից հետո: Արդյոք ներկայումս նա դեռ շանսեր ունի՞: Բոլորն էլ ընդունում են, որ պրն Դեմիրճյանը այդքան էլ չի ժառանգել իր հոր ինտելեկտը: Չնայած այս ամենին, պաշտոնապես Ստեփան Դեմիրճյանը հավաքել է 27,7 տոկոս ձայն: Նույնիսկ եթե նա կարողանա հաղթել 2-րդ փուլում, նա պետք է ստեղծի մի լավ թիմ եւ լինի խորամանկ վարող, որ կարողանա առաջ ընթանալ Հայաստանի խորացած քաղաքական ուժերի դեմ: Էլ չենք խոսում իր հակառակորդ հարեւանների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին /չնայած Թուրքիան այս որակումը չէր դնի/»: Այսօր Դեմիրճյանին ձայն տվողներից շատերը առաջնորդվում են «ով ուզում է լինի, բայց ոչ Քոչարյանը» կարգախոսով, Քոչարյանի եւ իր վարչախմբի նկատմամբ ունեցած մեծ անհանդուրժողականությամբ: Այդ է պատճառը, որ ընդունելով Ստեփան Դեմիրճյանի դեմ բերվող բոլոր փաստարկները, իրենց տարակարծությունը հիմնավորում են միայն «համաձայն ենք, սակայն այս պահին Ստեփանի դեմ գնալը սխալ է» ձեւակերպմամբ: Այս ամենում՝ ստեղծված մթնոլորտի, այսօրինակ ընդդիմության ու գործող նախագահ Ռ. Քոչարյանի դեմ նման վերաբերմունքի միակ մեղավորը հենց Քոչարյանն է: Սկսած՝ կոռումպացված իր վարչախմբով, մինչեւ Պապլավոկի հայտնի դեպքը, երբ նա իր թիկնապահին ակնհայտ սպանության համար համապատասխան պատժի չենթարկեց, ավելին՝ մարդասպանը ազատ արձակվեց: Քոչարյանի մեղքն է, որ այսօր իր մրցակիցը Ստեփան Դեմիրճյանն է: Երբ «Առավոտը» տպագրում էր պետական միջոցների հաշվին պետական պաշտոնյաների կառուցած դղյակների մասին շարքը, Ռ. Քոչարյանը արձագանքեց, թե մի քանի հոգու հարցրել է ու պատասխանել են, թե նախկինում տրեստի կառավարիչներ են եղել, բա ո՞նց չկառուցեին: Երեւի մաքսային պետական կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանն էլ, երեւի Ազգային անվտանգության նախարար, այժմ՝ Ազգային անվտանգության պետական կոմիտեի պետ Կառլոս Պետրոսյանն էլ, ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանն էլ /ու մնացած բոլորը/ նախկինում տրեստի կառավարիչներ են եղել… Եվ ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց, ինչը կնշանակի՝ խրախուսվեց: Բազմակարծությունը մերժվեց եւ վրեժխնդրորեն հետապնդվեց: ԱԺ-ն դարձել է ճոյտերի, ալրաղացների, մուկերի, այլ մականունավորների հավաքատեղի: Սրան առհասարակ դեմ են բոլորը: Արդարություն ուզում են բոլորը, բայց արդար լինել կարող են ոչ բոլորը, թեկնածուներից ոչ ոք: Այսօր, եթե իշխանությունները ընդունում են, որ ընտրակեղծիքներ են եղել թե8217 հօգուտ իրեն եւ թե8217 հօգուտ ընդդիմության, ապա թող պատժի ենթարկվեն երկուստեք: Այսօր շատերը գիտեն Ս. Դեմիրճյանի մտավոր կարողությունները, նրա մեջ չեն տեսնում երկրի ղեկավարի հատկանիշներ: Սակայն նրանք ոչ թե միանում կամ ընտրում են Ս.Դեմիրճյանին, այլ դեմ են Հայաստանի ներկայիս վիճակին, ներքին կլաններին, որպեսզի տնտեսական դաշտի մենաշնորհներին վերջ տրվի, ազատ ընտրության եւ գործունեության հնարավորություն տրվի բոլորին եւ ոչ թե միայն իշխանությանը մոտ կանգնածներին: Ս. Դեմիրճյանի մասին բոլոր մեկնաբանությունները ոչ մի առանձնահատուկ հատկանիշ չեն նշում, այլ տարբեր մարդկանց երազանքներ են, թե Ստեփանը ինչպիսի նախագահ կլինի, ինչեր կանի, ինչեր կարող է անել: Ճիշտ նման այն ծնողներին, որոնք իրենց երեխայի ունակությունները գերագնահատում են՝ երազանքներին տրված: Ցավոք, այս պայքարը վերածվել է զուտ իշխանություն պահելու եւ իշխանության գալու պայքարի, եւ հարցն այն է, որ ընդհանրապես միտինգներում կամ հրապարակավ բոլոր տեսակի ելույթներում ամեն կողմը, բնականաբար, այժմ արդարության ու օրինապահության խոստումներ է տալիս, սակայն միշտ ականատեսն ենք լինում ճիշտ հակառակի: Այդ խոստումներն են լոկ հուշ մնում բոլոր քարոզարշավներից: Ու, հայկական միջավայրին համահունչ, ոչ ոք տեր չի կանգնի իր խոսքին ու խոստումներին՝ հույս ունենալով, թե իբր ժողովրդի հիշողությունը կարճ է: Եթե հիշենք, Հայաստանում միտինգներ լինում են հիմնականում նախագահական ընտրությունների առիթով: Իսկ որքան անօրինություններ են կատարվում, որոնց ոչ նախկին, ոչ ներկա որեւէ ընդդիմության մտքով չի անցնի /եթե, իհարկե, չունեն անձնական շահագրգռություններ/ ժողովրդին արթնացնել, որպեսզի ժողովուրդն իր սեփական իրավունքները պաշտպանի անարդարություններից: Այլ խոսքով, ինչպես միշտ, ժողովուրդը դարձել է իշխանության հասնելու միջոց: Այժմ ոչ թե պահանջվում է արդարություն, այլ արդարության խոստումներով պահանջվում է իշխանափոխություն: ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել