ԱՆԻՄԱՍՏ ՃԻԳԵՐ Կեղծիքների եռաստիճան համակարգ Ռոբերտ Քոչարյանը շրջում է իր ենթաշտաբներով եւ ոգեւորում իր շտաբականներին /որոնցից մեծ մասը միջին տրամաչափի պաշտոնյաներ են/: Քարոզչությունն այլեւս նահանջել է երկրորդ պլան: Կարեւորը հիմա վարչական աշխատանքն է՝ երկրորդ փուլի ընտրակեղծիքներին նախապատրաստվելը: Ոգեւորելու հիմնական իմաստը հետեւյալն է՝ մի վարանեք, տղաներ, լցրեք քվեատուփերի մեջ իմ կեղծ թերթիկները, ինչքան որ պետք է, գիշերը 10 անգամ փոխեք քվեարկության արձանագրությունները, նկարեք դրանց վրա այն թվերը, որոնք կպահանջի ԿԸՀ-ն: Այսինքն՝ արեք այն ամենը, ինչ անում էիք առաջին փուլում, բայց ավելի բիրտ, ավելի լկտի, ավելի շատ: Կարեւորն այստեղ «շատն» է, որովհետեւ առաջին փուլի փորձը ցույց է տվել, որ իշխանության նախնական գնահատականը Քոչարյանին տրվելիք քվեների մասին՝ չափից դուրս լավատեսական էր: Ենթադրվում էր, որ 1000 ընտրողներից գոնե 300-ը ազնվորեն քվեարկելու են Քոչարյանի օգտին, գումարած 300-ն էլ շտաբականները, հանձնաժողովի քոչարյանական անդամները եւ տեղացի խուժանը կլցնեն, եւ կստացվի ազգընտիր նախագահի համոզիչ հաղթանակ: Շատ տեղամասերում այդ 300-ը հաջողվեց լցնել, բայց երբ բացվեցին քվեատուփերը, պարզվեց, որ «ազնիվ» ձայներից Քոչարյանը ստացել է ընդամենը 120-150, եւ այդպիսով ընդհանուր առմամբ 50 տոկոսից ավելի չէր ստացվում: /Այդպիսի տխուր պատկեր է ուրվագծվել, մասնավորապես, Երեւանում: Այն շրջաններում, որտեղ ընդդիմության վստահված անձինք կամ չկային, կամ վախեցած էին, կամ կաշառված, հանձնաժողովների անդամները պարզապես իրենց առաջ դնում էին քվեաթերթիկներն ու ընտրողների ցուցակները, ստորագրում «մեռյալ հոգիների» փոխարեն, նշում էին Քոչարյանի անվան դիմաց եւ գցում քվեատուփը/: Իհարկե, լցնելուց հետո էլ կան կեղծելու հետագա քայլեր. կարելի է այլ թեկնածուների օգտին տրված քվեաթերթիկները դնել Քոչարյանի փաթեթի մեջ: Ահա թե ինչու իշխանությունները եւ նրանց գրպանում գտնվող ԿԸՀ-ն չհամաձայնեց բացել եւ ստուգել փաթեթները: Կարելի է ընդհանրապես ամփոփիչ արձանագրության մեջ գրել իրականությանը չհամապատասխանող թվեր: Դուք նկատե՞լ եք, որ ԿԸՀ-ն սկզբից հրապարակեց տոկոսները, հետո բացարձակ թվերը: Վերջիններս 19-ի լույս 20-ի ողջ գիշերվա ընթացքում անընդհատ փոփոխվում էին՝ կախված նրանից, թե «վերեւից» ինչպիսի թիվ էր պահանջվում: Կան հանձնաժողովներ, որտեղ արձանագրությունները մի գիշերվա ընթացքում փոխվել են 3 անգամ: Մի խոսքով՝ իշխանությունը փետրվարի 19-ին կիրառեց ընտրակեղծիքների եռաստիճան համակարգ. 1/ «լցնոցի», 2/ փաթեթների կեղծում, 3/ արձանագրությունների կեղծում: Դրանից հետո զարմանալու ոչինչ չկա, որ նույնիսկ պաշտոնական, «նկարած» թվերն իրար չէին համապատասխանում: Այդ կեղծիքները կատարում էին հենց իշխանությունները, քանի որ հենց նրանց ձեռքում էին կեղծ քվեաթերթիկները: Բայց եթե դրանք նույնիսկ ունենային ընդդիմադիրները, միեւնույն է, ոչինչ չէին կարողանա անել, քանի որ կնիքը հանձնաժողովի քոչարյանական նախագահի մոտ է, իսկ օրենքով պահանջվող 3 ստորագրությունները գործնականում կարող են դնել հանձնաժողովների միայն քոչարյանական անդամները: Բայց եթե ամեն ինչ այդքան լավ է իշխանության թիմի համար, ինչո՞ւ է գործող նախագահը «դուխ տալիս» իր թիմին: Պատճառը պարզ է. այս տասը օրում մթնոլորտը էապես փոխվել է, եւ ժողովրդի հակազդեցությունն ընտրակեղծիքներին զգալիորեն բարձրացել է: Եվ նրանք, ովքեր դա անում էին փողի կամ պաշտոնի համար, սկսել են հասկանալ, որ դրա վերջը, միեւնույն է, լավ չի լինելու: Իհարկե, կան, կալանավայրի լեզվով ասած, «կանցավիկներ», որոնք ամեն ինչ կորցնելու են Քոչարյանի հեռացումով եւ այդ պատճառով ամեն ինչի ընդունակ են: Բայց նման մարդիկ 10-15-ն են: Իսկ հանրապետության մասշտաբով կես միլիոն ձայն կեղծելու համար պետք են հարյուրավոր մարդիկ: Իհարկե, կան նաեւ ոստիկանությունը, ԿԳԲ-ն եւ զորքը: Շտաբի պետ Սերժ Սարգսյանը այդպես էլ ասում է. եթե տեղամասային հանձնաժողովի որեւէ ընդդիմադիր անդամ կամ վստահված անձ խոչընդոտի «լցնելուն», զանգեք մեզ, մենք զորք կուղարկենք /ինչպես այս օրերին ձերբակալվում են ընտրակեղծիքներին խոչընդոտողները/: Բայց բանն էլ հենց այն է, որ ուժային կառույցներում «կանցավիկները» ավելի քիչ են, քան մյուս բնագավառներում՝ այնտեղ հավաքված են մարդիկ, որոնք իսկապես ցանկանում են շարունակել իրենց ծառայությունը բոլոր իշխանությունների եւ ռեժիմների ժամանակ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ