Երգահան փոխգնդապետը «հրամայում» է «Զգույշ խաղացեք մարդկանց հոգու հետ։ Առաջին հայացքից պարզ թվացող երգարվեստի հետ խաղ մի արեք։ Այն մեծ իշխանություն ունի մարդկային հոգու վրա»,- «հրամայում» է պաշտոնաթող փոխգնդապետ, երգահան Ռաֆայել Աբրահամյանը։ Թեպետ մեր երգարվեստը հազարամյակների քննություն է բռնել, բայց, ըստ երգահանի. «Այսօր հաստատ վերանայման պահանջ է հարուցում»։ Ավելին, նա գտնում է, որ արժե վերանայել մեզ հատուկ այն «բարեհոգությունը», որը թույլ չի տալիս հոգալ վաղվա մասին, եթե այսօր գործերը լավ են թվում։ Այսօր նոր ոչինչ չի ստեղծվում, չի ծնվում։ Գոնե մեզ հասածը պահպանենք, չապականենք։ Անկասկած, մոռացված է մի ճշմարտություն, այն է՝ ստեղծագործական արվեստը իր զարգացման համար պահանջել եւ պահանջում է ավանդույթների օրգանական շարունակում, ձեռք բերածի ամրապնդում եւ միայն այդ հիմքի վրա է հնարավոր անընդհատ առաջընթացը։ Պրն Աբրահամյանի խոսքերով. «Միանգամից թող այն տպավորությունը չստեղծվի, որ ես ոչ մի լուսավոր բան չեմ տեսնում եւ գնահատում։ Ուզում եմ առանձնացնել, օրինակ, Էմմա Պետրոսյանի, Շուշան Պետրոսյանի արվեստը։ Այսօր Սփյուռքում մեծ թափով ներկայացվում է հայ երգը տեսաերիզների, CD-ների տեսքով։ Ավելին՝ մեր հայրենակիցները դիտում են մեր հեռուստահաղորդումները»։ Այն երգերը, որ մենք ներկայացնում ենք Սփյուռքում, պետք է հավասարազոր լինեն մասունքների։ Արդեն պաշտոնաթող փոխգնդապետը, որ ժամանակին աշխատանքի բերումով երկար տարիներ ապրել է արտերկրում, համոզված է, որ այն, ինչ մեզ համար կենցաղ է, առօրյա, սփյուռքահայերի համար գոյատեւման կռվան է։ Սփյուռքը իր հոգեւոր սնունդը միշտ ստացել է հայրենիքից։ Ըստ երգահանի, այժմ տեղի է ունենում հակառակ պրոցեսը. «Այսօր Հայաստանի մեր կատարողներն են սնվում Սփյուռքից։ 60-ականներից սկսած, մեր երգարվեստ մուտք գործեցին մեզ հայտնի սփյուռքահայ կատարողներ։ Եկեք չանտեսելով այն, որ դժվար է Սփյուռքում եւ հայ մնալը, եւ հայ երգ տարածելը, բայց, այնուամենայնիվ, մի ճշմարտություն չբացառենք՝ կային ժամանակներ, որ նրանց ընդունում էինք որպես զուտ մեր ազգի ներկայացուցիչներ, ծափահարում էինք, թեեւ չէինք կարող խոսել բարձրակարգ կատարումների, պրոֆեսիոնալիզմի մասին։ Խոսքս չի վերաբերում Շառլ Ազնավուրին ու նման գիգանտներին։ Այսօր մեր երգիչներից շատերը, օրինակ, Ձախ Հարութի երգացանկից վերցնում են կասկածելի, իբր հայկական ժողովրդական կամ պարզապես հայատառ երգեր, որոնք ժամանակի ընթացքում տարածված էին նաեւ մեզ մոտ ու այդպես ձեռք բերում, այսպես կոչված, ժողովրդականություն ու դառնում «աստղ»։ Երգահանը այս վիճակի համար մեղադրում է մեր պրոֆեսիոնալ կոմպոզիտորներին։ Նա թեպետ հասկանում է, որ այսօր ամեն ինչ կապված ու կախված է ֆինանսից, բայց վստահ է, որ ինչ-որ ելք կարելի է գտնել։ Ռ. Աբրահամյանն առաջարկում է վերականգնել գեղարվեստական խորհուրդները կամ ստեղծել դրանց նման որեւէ կառույց ու այս ճանապարհով «հսկել» երգարվեստը։ Իր խոսքերով. «Այս ժանրում ստեղծագործող մեր աս կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանը, Արթուր Գրիգորյանը, Արամ Սաթյանը, Երվանդ Երզնկյանը, Ռուսլան Գալստյանը եւ այլք պետք է անհապաղ ինչ-որ բան մտածեն։ Ինչու չէ՝ Կոմպոզիտորների միությունում ստեղծվի խորհուրդ, որն էլ կկոորդինացնի աշխատանքները»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ