Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՀՈՎԱԿԱՆ ԽԱՂԵՐ

Փետրվար 28,2003 00:00

ԵՀՈՎԱԿԱՆ ԽԱՂԵՐ «Եհովայի վկաները, դռնեդուռ ընկած, մարդկանց քարոզում են քվեարկության չգնալ»։ Խմբագրություն ահազանգած կինը իր հաղորդած տեղեկության վերաբերյալ շտապեց նաեւ համապատասխան մեկնաբանություններ անել. «Դրանք հավանաբար գործող իշխանությունների հովանավորությամբ են այս օրերին ընտրազանգվածի շրջանում նման քարոզչություն իրականացնում, որպեսզի չգնացողների փոխարեն քվեարկեն հօգուտ գործող նախագահի»։ Ըստ էության, «Եհովայի վկաներ» աղանդը ներմուծված է դրսից եւ, ինչպես ցանկացած աղանդ, այն էլ մի նպատակ է հետապնդում՝ ջլատել ազգը։ Իսկ դրա համար տարբեր ճանապարհներ կան։ Եվ պատահական չէ, որ նախագահական ընտրությունների շրջանում դրանք ակտիվացել են։ Մեզ ահազանգած կնոջ անհանգստությունն իսկապես մտածելու տեղիք է տալիս։ Հայ առաքելական եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն տեր Ղեւոնդ քահանա Մայիլյանը, որը նաեւ «Ժամանակակից աղանդները Հայաստանում» գրքի հեղինակն է, փաստեց, որ եհովականների կողմից հրապարակած դիտարանի տվյալներով, Հայաստանում հաշվվում է 18 հազար Եհովայի վկա, որոնց մեծ մասը 18-40 տարեկան անձինք են։ Այսինքն, ընտրելու իրավունք ունեցողներ, որոնք, սակայն, տեր Ղեւոնդի մեկնաբանմամբ, իրենց կենտրոնի ցուցմունքով դեմ են ցանկացած աշխարհիկ միջոցառումների, այդ թվում եւ նախագահական ընտրություններին. «1999թ. եհովականների կողմից հրատարակված դիտարանում նշվում է, որ Եհովայի վկաների կազմակերպությունը տեսականորեն դեմ է նմանատիպ միջոցառումներին։ Սակայն այնտեղ նշված է նաեւ Եհովայի վկաներին համակարգող կենտրոնական կառույցը, որ որեւէ տեղական կազմակերպության չի պարտադրում, օրինակ, ընտրությունների չգնալ, այլ թողնում են երեցի հայեցողությանը։ Այսինքն, երկու տեսակետն էլ ներկայացնում են, որպեսզի կարողանան տակից դուրս գալ»։ Սակայն, ինչպես նշեց տեր Ղեւոնդը, երեցներն էլ «բնականաբար» ենթարկվում են իրենց կենտրոնի «գերագույն հրամանին» եւ ընտրությունների չեն մասնակցում։ «Բայց իրավական հարց ծագելու դեպքում իրենք կբերեն երկրորդ տեսակետը, որ չեն քարոզում քվեարկելուն դեմ, այլ քարոզում են եւ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ գնա՞լ քվեարկության, թե՞ ոչ,- համոզված է քահանա Մայիլյանը,- այսինքն, իրենց վրայից պատասխանատվությունը գցում են»։ Նկատենք, որ պատկան մարմինները չեն էլ «վառվում» աղանդավորների հակաքարոզչությունը կանխելու կամ նրանց՝ այդտեսակ գործելակերպի համար պատասխանատվության ենթարկելու ցանկությունից։ Արդյունքում եհովականներն աճում-բազմանում են եւ այս օրերին էլ ակտիվորեն դռնեդուռ ընկած, իրենց «բարի լուրն» են բերում հայ ընտանիքներին։ Եվ եթե վերջիններիս քարոզչամեքենան ավելի հզոր աշխատի, քան ՀՀ նախագահի թեկնածուներինը, մինչեւ մարտի 5-ը շատ մարդիկ եւս կհրաժարվեն ընտրություններին մասնակցելու իրենց ցանկությունից։ Իսկ եթե Հայաստանում եղած 18 հազար Եհովայի վկաներից յուրաքանչյուրը քվեարկության գնալու մտքից կարողանա հետ պահել առնվազն մեկին, ապա ենթադրվում է, թե ինչ կպատահի եւս 18 հազար քվեաթերթիկի հետ։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել