Լրահոս
Օրվա լրահոսը

Երկուստեք խանգարում են

Փետրվար 28,2003 00:00

Երկուստեք խանգարում են Ժողովրդավարությանը բնորոշ չափանիշներից մեկը հասարակական կարծիքի ազդեցությունն է պետության կառավարման ու կազմակերպման գործընթացի վրա։ Որքան կարեւորվում է հասարակական կարծիքը, այդքան մեծ է հասարակության ազդեցությունը երկրում տեղի ունեցող գործընթացների վրա։ Մեզանում կա այն տպավորությունը, թե հասարակական կարծիքի ձեւավորման ուղղությամբ միայն ընդդիմության կողմից է աշխատանք կատարվում, իսկ իշխանությունները հասարակական կարծիքի մասին հիշում են միայն ընտրությունից ընտրություն։ Իրականում էլ հասարակական կարծիքի ամենաազդեցիկ դրսեւորումը արտահայտվում է ընտրությունների ժամանակ։ Նախագահական ընտրությունների առաջին փուլում ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունները ստեղծում էին հասարակական այնպիսի կարծիք, որ երկու կողմն էլ հաղթելու են։ Եթե իշխանությունները, հավաստելով իրենց հավատարմությունը ժողովրդավարության չափանիշներին, նախապատրաստվում են ընտրությունների երկրորդ փուլին, ապա ընդդիմությունն, իրեն հռչակելով առաջին փուլի հաղթող, տուրք է տալիս ամբոխավարությանը եւ զանգվածներին հանելով փողոց, ստեղծում է հասարակական այն կարծիքը, որ ինքը հաղթել է, սակայն իշխանությունները կեղծել են ընտրությունների արդյունքները։ Հանրապետությունում այսօր կայունություն է անհրաժեշտ, սակայն իշխանություն-ընդդիմություն հարաբերություններն այնքան են սրված, որ հասարակական կայունությունը բացառվում է, եթե երկու կողմերն էլ հաշվի չնստեն հասարակական կարծիքի հետ։ Ընդդիմությունը, փողոց հանելով զանգվածներին, ուզենա էլ չի կարող երաշխավորել հասարակական կայունությունը։ Իշխանություններն էլ չեն կարողանում անկեղծ խոսակցության մեջ մտնել զանգվածների հետ, եւ այսպես, երկուստեք հասարակությանը կայունության, զգոնության կոչ անելով՝ խանգարում են կայունության կայացմանը։ Այս քաոսի եւ երկընտրանքի մեջ նորից, եւ այս էլ որերորդ անգամ, լսվեց հայ ժողովրդի եւ հայոց պետության անվտանգությունն ու ապահովությունն իր վրա վերցրած երկրապահների ձայնը՝ սթափության ու զգոնության կոչելով մրցակցող երկու կողմերին։ Ամիսներ առաջ «Իրավունք» թերթին տված հարցազրույցներից մեկում ԵԿՄ վարչության նախագահ, պաշտպանության փոխնախարար, արցախյան պատերազմի հերոս գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, կանխազգալով դեպքերի հետագա ընթացքը, շեշտել է, որ «Մենք չենք կռվել այն բանի համար, որ այս կամ այն գործիչը լինի կամ չլինի նախագահ»։ Իսկ նախագահական ընտրությունների առաջին փուլում նախագահի գրեթե բոլոր թեկնածուները փորձում են հասարակությանը համոզել, որ երկրապահը պաշտպանում է իրենց։ Սա արվում էր հասարակական կարծիք ստեղծելու նպատակով։ Սակայն փետրվարի 19-ի ընտրություններից հետո, զգալով երկրին ու պետությանը սպառնացող վտանգը, երկրապահի «գեներալ172նախագահը» սթափության ու զգոնության կոչով դիմեց երկու կողմերին, կարեւորելով ժողովրդավարական նորմերի, երկրի կայունության ու ձեռք բերած արժեքների պահպանումը։ Ուրեմն սուտ են այս կամ այն քաղաքական գործիչների եւ նախագահի թեկնածուների հայտարարությունները, թե երկրապահները պաշտպանում են իրենց կամ կողմնորոշված են իրենց օգտին։ Երկրապահներն այս երկրի քաղաքացիներն են, որոնց ամենից շատ մտահոգում է այս երկրի կայունությունը եւ, չմտնելով իշխանություն-ընդդիմություն մրցակցության մեջ, նրանք կոչ են անում պահպանել եւ ապահովել պետության շարունակականությունը՝ զերծ մնալով հասարակության կայունությունը խաթարող ցնցումներից։ ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել