Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՂԱՐՏԵՆՔ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 28,2003 00:00

ՉԱՂԱՐՏԵՆՔ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ Ֆրանսիացի մեծ փիլիսոփա Վիկտոր Հյուգոն կարեւորելով ուսուցչի դերը հասարակության կայացման գործընթացում, նրբանկատորեն նկատել է, որ ապագան դպրոցական ուսուցչի ձեռքում է։ Այսօր էլ վկայակոչելով մեծ փիլիսոփայի խոսքերը, կարող ենք ասել, որ հասարակական կտավի ամենացայտուն վրձնահարվածը դպրոցական ուսուցչինն է։ Ուսուցչի ուղղակի ներգործության ազդեցությամբ է ձեւավորվում երեխայի բարոյական դիմանկարը։ Այսօր ուսուցիչ-աշակերտ միջանձնային հարաբերություններում երեւան են եկել արատավոր գծեր, որոնք բացասաբար են անդրադառնում ոչ միայն աշակերտի հոգեբանության, այլեւ նրա անձի որակի ձեւավորման վրա։ Ժամանակակից աշակերտի առջեւ հառնում է ուսուցչի ավանդական կերպարի աղավաղված ձեւը։ Ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները, ցավոք, այսօր ստացել են առ եւ տուրի բնույթ։ Բայց ամենացավալին այն է, որ ուսումնական պրոցեսում աշակերտը կորցնում է ուսման տենչը։ Ծիլը, նոր հողից դուրս եկած, արդեն վերընձյուղվում է հակաբարոյական տարրերով։ Երեխան դեռ չգտած՝ արդեն կորցնում է անձի բարոյական դաստիարակության հնարավորությունը։ Եվ 10 տարիների ընթացքում ստացած բարոյական սննդի հետեւանքով հասարակության ապագա անհատը կունենա ախտածին մանրէներով ախտահարված, հիվանդ հոգեբանություն։ Դպրոցներում ստեղծվել է մասնավոր պարապմունքների համակարգ, որի մեջ ընդգրկվում են 1-10-րդ դասարանների աշակերտներ։ Ըստ ԵՊՀ-ի հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Վլադիմիր Միքայելյանի, նման երեւույթները ազգային մշակույթի բնականոն զարգացման պրոցեսը վտանգում են։ Վտանգավորն այն է, որ երեխան, դեռահասը, երիտասարդը միջանձնային հարաբերությունները դիտում են որպես առեւտուր եւ նրանց մեջ ձեւավորվում է այն համոզմունքը, որ հաջողության եւ առաջընթացի գրավականը հաստատ գիտելիքը չէ։ Այդ համոզումն էլ նպաստում է երեխաների մեջ մրցակցության, հետեւաբար նաեւ ուսման նկատմամբ ձգտման պակասեցմանը։ Երեխան սկսում է պայքարել ոչ թե հանուն գիտելիքի, այլ հանուն գնահատականի՝ նպատակի իրագործման համար միջոցների միջեւ խտրականություն չդնելով։ Ֆակուլտատիվ պարապմունքները մեծ մասամբ չեն էլ նպաստում աշակերտների գիտելիքների խորացմանը։ Երեխաների մեջ շրջապատի նկատմամբ ձեւավորվում է արժեքների սխալ համակարգ։ Վերջապես, որո՞նք են հասարակության մեջ սոցիալական այս չարիքը ծնող պատճառները։ Պրն Միքայելյանի կարծիքով, պատճառներից մեկը հասարակության հանդուրժողական վերաբերմունքն է չարիքի նկատմամբ։ Եթե նման երեւույթները հասարակության կողմից նախկինում ընդունվում էին զայրույթով, ապա այսօր դրանք համարվում են սովորական երեւույթ։ Ասածս հիմնավորում են դպրոցներում ձեւավորված ծնողական կոմիտեները, որոնք հատկապես ակտիվություն են ցուցաբերում նախատոնական շրջափուլերում։ Պետք է նշենք, որ ֆակուլտատիվ պարապմունքները ստվերային բնույթ են կրում եւ անօրինական են։ Հասարակության մեջ առկա նման երեւույթները անպայմանորեն պետք է դիտել տվյալ հասարակության սոցիալ-տնտեսական հարաբերությունների ֆոնի վրա։ Անժխտելի է, որ սոցիալական ծանր իրավիճակում են հայտնվել ուսուցիչները եւ ոչ միայն։ Եվ այդ ծանր պայմանների արգասիքն են նման ախտածին երեւույթները։ Բայց անընդհատ սոցիալ-տնտեսական ծանր պայմանները մատնացույց անելն էլ սխալ է։ Մեր ժողովրդի հոգեբանությանը անհարիր է նյութականով սահմանափակվելը, քանի որ այդ նույն ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ իր գոյությունը միայն հոգեւորի գերակայության արդյունք է։ Ժամանակակից աշակերտը իրոք կարիք ունի ֆակուլտատիվ պարապմունքների, քանի որ դասապրոցեսում ուսուցիչը գիտելիքների պաշարը չի խորացնում։ Հաճախ դա պատճառաբանվում է դասաժամերի ժամանակահատվածի սահմանափակ, ծրագրերի՝ վատ լինելով եւ այլն։ Բայց այդ դասաժամերի ժամանակահատվածը նույնն էր նաեւ նախկինում, երբ աշակերտը առանց ուսուցչի մոտ լրացուցիչ պարապելու, կարողանում էր նորմալ յուրացնել հանրակրթական դպրոցի ծրագրերը եւ իր գիտելիքները ներկայացնել բուհական մակարդակներում։ Հասարակության մեջ տարածում գտած այդ երեւույթի դեմ պայքարի ելակետերից մեկն այն է, որ հասարակությունը նախեւառաջ փոխի իր հանդուրժողական վերաբերմունքը դրանց հանդեպ։ Ապագայում առողջ հասարակություն ունենալու համար այսօր պետք է դաստիարակել առողջ սերունդ։ Եթե ուզում ենք, որ ախտահարված հաստաբուն ծառերը վերանան, նախ պետք է թողնենք, որ նոր ծիլերը առողջ մեծանան։ Եվ եթե աշխարհին մաքրություն է պետք, մանկան մաքրություն, ուրեմն չաղարտենք նաեւ այդ մաքրությունը։ ԱՐՓԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել