Թելադրել են «վերեւից» Այսօր ՀԺԿ-ն պահանջ-պայման է դրել՝ կալանքից ազատել հանրահավաքի 100-ից ավելի մասնակիցներին։ Օրենքի ո՞ր տառով է հիմնավորված այդ պահանջը՝ խնդրեցինք պարզաբանել Փաստաբանների միջազգային միության անդամ Հովիկ Արսենյանին։ «Ըստ էության, վարչական օրենսգիրքը թույլ է տալիս, որ վարչական իրավախախտումներ կատարած անձանց նկատմամբ կիրառվի վարչական տույժ 10-15 օրով, եթե դատարանը նման որոշում է կայացնում,- ասաց նա,- բայց նույն վարչական օրենսգրքի 17-րդ հոդվածն ուղղակիորեն սահմանում է, որ վարչական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը թեեւ սույն օրենսգրքով կամ վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանող այլ նորմատիվներով նախատեսված գործողություններ է կատարել, սակայն գործել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում՝ մի այնպիսի վտանգ վերացնելու համար, որը սպառնացել է պետական կամ հասարակական կարգին, քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին, կառավարման սահմանված կարգին, նաեւ՝ եթե այդ վտանգը տվյալ հանգամանքում չի կարելի վերացնել այլ միջոցներով, եւ եթե հասցված վնասը կանխված վնասի համեմատությամբ ավելի նվազ կարեւորություն ունի»։ Հիմնվելով ասվածին, պարոն Արսենյանը բնութագրեց ընտրությունների ընթացքը ճիշտ այնպիսի իրավիճակ, երբ հանրահավաքի մասնակից տասնյակ հազարավոր ընտրողներն այդ քայլին գնացել են ծայրահեղ անհրաժեշտությունից դրդված, քանի որ «բազմաթիվ կեղծիքներով եւ խախտումներով ընտրությունն, իրոք, սպառնում է պետական, հասարակական ու կառավարման կարգին, ոչ ազատ, ոչ արդար, ոչ էլ՝ թափանցիկ ընտրությունն իր արդյունքներով ոտնահարում է քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, եւ, ի վերջո, եթե հասցված վնասն ընդամենը պաստառներ պոկելն է (թեպետ հանրահավաքի կազմակերպիչներն անընդհատ կոչ էին անում խաղաղ երթի), դա չի կարող համեմատվել այն վտանգի հետ, որը սպառնում է ժողովրդի կողմից չընտրված, այլ՝ ինքն իրեն նշանակած նախագահի պարագայում»։ Փաստաբանն այս ամենից եզրակացնում է, որ թե՛ ուժային կառույցները, թե՛ դատարանները տեղյակ լինելով հանդերձ՝ արհամարհում են գործող օրենքը, քանի որ դա (ձերբակալությունները) նրանց հանձնարարված է եղել «վերեւից»։ Ինչ վերաբերում է ձերբակալվածներին պաշտպաններ տրամադրելուն, ապա այստեղ դատական իշխանությունն օգտվել է օրենսդրական դաշտի անկատարությունից։ «Մի կողմից այն նախատեսում է, որ վարչական տույժի ենթարկվածն ունենա պաշտպան, մյուս կողմից էլ խիստ սահմանափակում է նրա գործողությունները։ Այն է՝ կալանքի համար արձանագրային ձեւում չի ֆիքսվում, թե ով ինչ բովանդակությամբ ելույթ ունեցավ, այդ թվում եւ՝ պաշտպանը։ Ընդամենը ՆԳ բաժնից ուղարկված արձանագրության վերջում լրացվում է դատարանի կայացրած որոշումը եւ անմիջապես հետ են ուղարկում։ Վարչական օրենսգրքով այդ որոշումը վերջնական է եւ կարող է գանգատարկվել օրենքով սահմանված կարգով։ Բայց հենց հաջորդ հոդվածով էլ նախատեսվում է որոշման դեմ բողոք բերելու իրավունք սահմանել միայն դատախազությանը՝ կալանավորի կամ նրա պաշտպանի գանգատի հիման վրա։ Բնականաբար, այս ճանապարհով գանգատարկումը կտեւի ավելի երկար, քան բուն կալանքի չափն է, եւ պաշտպանի դերը դառնում է անիմաստ»,- պարզաբանեց փաստաբանը։ Որ երկրում օրենքի գերակայություն չկա՝ անկասկած է։ Դա քիչ է, եղած օրինականության նկատմամբ հսկողություն չկա, թեպետ Սահմանադրության 89 հոդվածի 7-րդ կետով այդ գործառույթը պետք է իրականացներ կառավարությունը։ «Բայց երբեւիցե տեսել կամ լսե՞լ եք, որ դատախազությունը հանդես գա գործադիր կամ օրենսդիր մարմնի առջեւ իր արած-չարածի հաշվետվությամբ»,- պատասխան պարունակող հարցով խոսքը եզրափակեց մեր զրուցակիցը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ