ԱԻՄ-ն անմեղ է, թեկնածուներն են մեղավոր ԱԻՄ-ականները երեկ իրենց առաջնորդի բացակա ներկայությամբ հիասթափեցրին ողջ հայ ժողովրդին։ Փաստորեն, «ԱԻՄ վեհաժողովականները, ավելի քան երեք օր քննարկելով հնարավոր բոլոր տարբերակները, նախապատվություն չեն տվել թեկնածուներից որեւէ մեկին»։ ԱԻՄ-ի այս դիրքորոշումը երեկ մի կերպ ընթերցեց խոսնակ Արկադի Վարդանյանը՝ հավանաբար դժվարությամբ հարմարվելով առաջնորդի բացակայությամբ նման պատասխանատու գործ ստանձնելուն։ Իսկ առաջնորդն անձամբ «ծանոթանալով վեհաժողովականների քվեարկությունների արդյունքներին», ազդարարեց. «Երկրորդ փուլ անցած թեկնածուների մեղքն է, որ ԱԻՄ-ն ունի այս դիրքորոշումը»։ Ի դեպ, որեւէ թեկնածուի պաշտպանելու համար անհրաժեշտ էր, որպեսզի 38 վեհաժողովական «կողմ» արտահայտվեին, մինչդեռ 11-ը Քոչարյանին են «կողմ», 8-ը՝ Դեմիրճյանին։ Այսպիսով, «մեղքն» իրենց վրայից գցելով, որեւէ թեկնածուի պաշտպանությամբ հանդես գալուց առաջ աիմականներն իրենց առջեւ խնդիր են դրել «հստակեցնել նրա վերահսկողությամբ իրականացվելիք արտաքին եւ ներքին քաղաքականության սկզբունքները»։ Եվ քանի որ, ըստ վեհաժողովականների՝ «կադրերն են որոշում ամեն ինչ», նրանք հույժ կարեւոր են համարում ճշտել նաեւ «ստվերային կառավարության կազմը»։ Ինչպես պարզվեց, սա վեհաժողովականների վերջնական դիրքորոշումը չէ, այն կճշտվի միայն «թեկնածուների կողմից որոշակի նախապայմաններ ընդունելուց» հետո։ Եվ ըստ այդմ երկու թեկնածուներին էլ ներկայացվել են բարձրագույն ատյան «վեհաժողովում սահմանված նախապայմանները»։ Ռ. Քոչարյանից, օրինակ, «ակնկալվում է ներում շնորհել եւ մինչեւ ընտրություններն ազատ արձակել հանրահավաքներին եւ երթերին մասնակցելու հետեւանքով կալանավորվածներին, 10 հազար 400 քրեական գործ հարուցել ընտրացուցակների խախտման հետ կապված (դա ըստ դատարանի որոշման քվեարկածների պաշտոնական թիվն է.- Ն. Գ.), հրապարակավ բացատրություն տալ սահմանադրական բարեփոխումները չիրականացնելու հարցով եւ այլն»։ Դժվար է կանխատեսել, թե «եւ այլն»-ի տակ աիմականներն ինչ նկատի ունեն, սակայն «հավերժ սիրահարի» կարգավիճակն ակնհայտորեն նրանց առանցքային սկզբունքն է։ Ինչ վերաբերում է Ստեփան Դեմիրճյան թեկնածուին՝ «նրանց ներկայացուցչի հետ ԱԻՄ ներկայացուցիչների հանդիպումը ցույց տվեց, որ նրանց աշխատելաոճը մեզ համար առայժմ անհասկանալի է»։ Եվ առաջիկա ընտրությունն ապահովագրող եզրակացություն. «Բացակայում է միասնական ծրագրերի եւ ամբողջական թիմի զգացողությունը»։ Եվ այս էլ որերորդ անգամ «մեծագույն պատասխանատվությամբ» վերաբերվելով «այս գործընթացներին»՝ «առանց հատուկ երաշխիքներ ունենալու հանդես չենք գա կողմնորոշիչ հայտարարությամբ»։ Ուստի մինչ ընտրությունները թեկնածուները գրեթե կաշվից պիտի դուրս գան, որպեսզի «գործնականորեն հասցնեն հավաստիացնել ԱԻՄ-ին, որ արժանի են Ինքնորոշում միավորման եւ նրա կողմնակիցների վստահությանը»։ Եվ միայն շոշափելի հավաստիացման դեպքում «ԱԻՄ-ը պատասխանատվություն կվերցնի ուղղորդել իր ընտրողներին դեպի այս կամ այն թեկնածուն»։ Ընդհանրապես, աիմականները, իհարկե, գիտակցում են, որ «մեզանում ժողովրդավարության կայացման տեսանկյունից պետք է ցանկալի լիներ ժողովրդի կամքով իշխանափոխության իրականացումը», բայց իրենց կոչմանը հավատարիմ՝ զգուշանում են «ջրից ջրհեղեղի մեջ ընկնելու վտանգից»։ Սա երկրորդ փուլի մասով։ Իսկ առաջին փուլում, իբրեւ Արտաշես Գեղամյանի պաշտպաններ՝ «ընտրությունների առաջին փուլը համարում են անարդար եւ նախապատվելի են համարում նոր ընտրությունների կազմակերպումը»։ Ինչի համար Ա. Գեղամյանին աղերսում են բողոք ներկայացնել Սահմանադրական դատարան։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ