Լրահոս
Օրվա լրահոսը

«ՃԱԿԱՏԸ՝ ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՌԵԺԻՄԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՁԵՎ»

Փետրվար 28,2003 00:00

«ՃԱԿԱՏԸ՝ ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՌԵԺԻՄԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՁԵՎ» Հարցազրույց ԱԺԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանի հետ – Պրն Քոչարյան, ինչպե՞ս եք գնահատում երկրում ստեղծված իրավիճակը։ Ո՞ւր է տանում այս ընթացքը եւ ի՞նչ ելքի է բերելու։ – Նախ արձանագրենք, թե ո՞րն է երկրի զարգացման հիմնական խոչընդոտը։ Տարբեր խոչընդոտներ կարող ենք նշել, բայց, որպես կանոն, դրանք ածանցյալ են մեկ հիմնականի։ Այդ մեկ հիմնական խոչընդոտը հետեւյալն է՝ Հայաստանում զարգացման համար անհրաժեշտ է, որպեսզի երկիրը լինի ժողովրդավարական եւ իրավական։ Դրա հիմքն այն է, ինչ ամրագրված է գործող Սահմանադրության մեջ՝ իշխանության տերը եւ աղբյուրը ժողովուրդն է։ Սա մի պարզ աքսիոմ է, որը մեզանում գոյություն չունի։ Եթե իշխանությունը չի ձեւավորվում ժողովրդի կողմից, ապա նա երբեք չի կարող ծառայել ժողովրդին։ Ուրեմն նա հակադրվում է ժողովրդին եւ ծառայում է այն կլաններին, որոնց շնորհիվ իրեն վերարտադրում է։ Ըստ էության, ամբողջ պետական մեքենան ծառայում է մեկ անձի, այդ անձը հենվում է ստվերային տնտեսության կլանների ներկայացուցիչների վրա, եւ համակարգը ծառայում է այդ կլանների շահերին, իրավապահ մարմինները, որոնք կոչված են օրենքը պաշտպանելու, դառնում են ռեպրեսիվ մեքենա, որն ուղղված է ժողովրդի դեմ։ Նմանատիպ ռեժիմը միայն մի դեպքում կարող է գոյատեւել՝ եթե որդեգրում են հետեւյալ կարգախոսը՝ առաջին. պահել իշխանությունն ամեն գնով, առանց խտրականության միջոցների, երկրորդ. քարոզել, ահաբեկել ժողովրդին, որ իրենց դեմ խաղ չկա։ Այս երկու կործանարար սկզբունքներն ավելի պարզ եւ մերկ երեւում են ընտրությունների ժամանակ, մնացած ժամանակահատվածում դա ավելի քողարկված է։ Այս պարագայում անհնարին է պահպանել ժողովրդավարական դիմակը, այն անմիջապես պատռվում է։ Մենք դա տեսանք 96 թվին եւ տեսնում ենք այսօր։ – Այնուամենայնիվ, փակուղային իրավիճակներ չեն լինում, ելքեր պիտի լինեն, այս դեպքում որո՞նք են ելքերը։ Ընդդիմությունը շարունակ շեշտում է, թե իր ճանապարհն օրինականն է, սահմանադրականը։ Սա՞ է ելքը։ – Հակաժողովրդական ռեժիմից ազատվելու մի ձեւ կա՝ ճակատն է։ Առանց ճակատի անհնարին է։ Իսկ ճակատն արդեն ձեւավորված է։ Ժողովուրդը շատ ակտիվ է, ժողովուրդն արթնացել է եւ հասկանում է, որ հիմա իրենից շատ բան է կախված։ Այս իրավիճակում կա շատ ակտիվ ժողովուրդ, որը չի ցանկանում, որ իրեն եւս մեկ անգամ արհամարհեն, կա ձեւավորված ճակատ, եւ եւս մի բան՝ վերջիվերջո, երկրի՝ Եվրոպայի խորհրդի անդամ լինելը։ Սա Ռ. Քոչարյանը փորձում է վերագրել իրեն, իրականում դա անձերի հետ կապ չունի, դա բնական զարգացումների հետեւանք է։ Այսօր լինելով ԵԽ անդամ, մենք շատ ավելի սուր ուշադրության կենտրոնում ենք գտնվում, եւ պատահական չէ միջազգային հանրության շատ կոշտ արձագանքն իշխանությունների այն քայլերին, որոնք բացահայտորեն հակասում են մեր բոլոր միջազգային պարտականություններին։ Ընդամենը երեկ Պիտեր Շիդերը (ԵԽ ԽՎ նախագահ) հայտարարություն արեց, որը, ըստ էության, վերջնագիր է։ Հիշեցնեմ երկու հատված այդ հայտարարությունից՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին, եւ եթե Հայաստանը ցանկանում է մնալ ԵԽ անդամ երկիր, նա պարտավոր է ապահովել նախագահական ընտրությունների երկրորդ փուլն առանց կեղծիքների։ Ուրեմն կա միջազգային ճնշումը (որի համար անընդունելի է այս իրավիճակը, միջազգային հանրությանը սադամհուսեյններ պետք չեն, իսկ այսօր Ռոբերտ Քոչարյանը դառնում է այս տարածաշրջանի Սադամ Հուսեյնը՝ միջազգային հանրության համար), ժողովուրդը, ճակատը։ Այս իրավիճակը մեզ թույլ է տալիս, որպեսզի մենք խոսենք ոչ թե կտրուկ եւ անհեռանկար քայլերի մասին, այլ՝ այն հետեւողական ճնշման մասին, որը պարտադրելու է Ռոբերտ Քոչարյանին՝ հեռանալ։ Նա արդեն այլ ճար չունի։ Անկախ նրանից, թե ինչ են այսօր հոխորտում, նրա ժամերը հաշված են։ – Այնուամենայնիվ, ընդունեք, շատ ավելի հնարավոր է՝ մեկ ուրիշ սցենար՝ Ռ. Քոչարյանը չի հեռանում, արհամարհում է ձեր նշած միջազգային կարծիքը, ժողովրդին եւ ճակատը։ Չմոռանանք, որ կա բանակ, որի գլխավոր հրամանատարի մասին է խոսքը, եւ կա նաեւ ժողովրդի մի հատված, որը չի կիսում ձեր ճակատի տեսակետը։ – Հերթով նայենք՝ 96 թվին բանակը, այո, ներգրավվեց։ Երկրորդ անգամ բանակն այդ քայլին չի գնա։ Մի բան է, երբ հրամանատարությանը պարտադրվում է հայտարարություն անել, այլ բան է, երբ բանակը մի անգամ դրանով անցել է, երկրորդ անգամ նույնը չի կրկնի։ Եթե նա փորձի բանակ ներքաշել, ապա պարզ չէ՝ բանակի ստորաբաժանումների մեծամասնությունը ո՞ր կողմում կհայտնվի, եթե ոչ ամբողջ բանակը։ Այդ պատճառով, սա էլ անհեռանկար է այս իրավիճակում։ Հաջորդը՝ իհարկե, կարող է լինել ժողովրդի մի հատված, որը չի կիսում ճակատի տեսակետները, բայց չկա ժողովրդի մի հատված, որը պատրաստ է կրծքով պաշտպանելու Ռոբերտ Քոչարյանին։ Նրան պատրաստ են պաշտպանել միայն ստվերային տնտեսության ներկայացուցիչները, որոնց համար ոչ թե Ռ. Քոչարյանն է կարեւոր, այլ ռեժիմը՝ իրենց արտոնյալ վիճակը պահպանելու համար։ Նաեւ քրեական տարրերը, որոնք գտնվում են կախման մեջ, եւ սա էլ այդքան էլ կայուն չէ, որովհետեւ իրենք էլ դա պարտադրված են անում։ Այսինքն, ըստ էության, արդեն էապես խարխլված են բոլոր հիմքերը։ Ես լավատես եմ, գտնում եմ՝ կան բոլոր նախադրյալները, առանց ցնցումների, առանց բախումների, հետեւողական պայքարով հասնել նրան, որ Ռ. Քոչարյանը հեռանա։ – Այնուամենայնիվ, կա անորոշ վիճակ՝ երկրորդ փուլ լինելո՞ւ է, թե՞ ոչ, քանի՞ թեկնածու է մասնակցելու՝ մե՞կ, թե՞ երկուս եւ այլն։ – Պատահական չէ, որ երկրորդ փուլի մասին գրեթե չի խոսվում։ Ծիծաղելի կլինի խոսել երկրորդ փուլի մասին այն պարագայում, երբ գործում է այս ամբողջ կեղծիքների մեքենան, երբ ձերբակալությունները շարունակվում են եւ այլն։ Կա մի քանի սցենար։ Մեկն այն է, որ մինչեւ մարտի 5-ը Ռ. Քոչարյանը ստիպված հրաժարական է տալիս։ Երկրորդը՝ նա հրաժարական չի տալիս, բայց այս ճնշման տակ փլուզվում է այն ամբողջ մեքենան, որը նպատակաուղղված է կրկին կեղծելու։ Երրորդ սցենար՝ նա մինչեւ վերջ կառչած է մնում եւ մինչեւ ամսի 5-ն այդ մեքենան չի փլուզվում։ Այ այստեղ պետք է որոշում կայացնել՝ գնալ քաղաքացիական անհնազանդությա՞ն ճանապարհով, թե՞ գնալ ընտրությունների, բայց գնալ պայքար տալու։ Բայց, քանի որ այսօր իրավիճակը շատ արագ փոխվում է (ոչ միայն օրերը, այլեւ ժամերը նշանակություն ունեն), շատ կարեւոր է ժողովուրդը։ Տարիներ շարունակ արհամարհված լինելով, այսօրվա քաղաքացին պիտի գիտակցի, որ իր պահվածքից է կախված երկրի ապագան։ – Ստեղծված քաղաքական էքստրեմալ իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում ԱԺ-ի եւ կառավարության պահվածքը, մի տեսակ կարծես սրանք գոյություն չունեն, եւ գոյություն ունի միայն նախագահի ինստիտուտը։ – Նման էքստրեմալ պայմանը ցույց տվեց այն, ինչ որ քողարկված էր։ Երկու ամիս է, օրենսդիր մարմնի բոլոր աշխատանքները տապալված են, ինչո՞վ են զբաղված։ Զբաղված են նրանով, որ կամ հովանավորում են, կամ իրականացնում են Ռ. Քոչարյանի ընտրակեղծիքները։ Նույնը վերաբերում է նաեւ կառավարությանը։ Պատահական չէ, որ կառավարության անդամներն այսօր բաշխվել են ըստ ընտրատարածքների, պատասխանատու են եւ ապահովում են ընտրակեղծիքները։ – Հիմա շատ է խոսվում ՀՀՇ-ի վերադարձի մասին։ Դուք՝ որպես Շարժման ակունքներում կանգնած գործիչ, ինչպե՞ս եք գնահատում այս կասկածները։ – Սկսենք նրանից, թե ՀՀՇ ասելով ինչ նկատի ունենք։ Կա գաղափարախոսություն, կան անձեր, եւ կա գործելակերպ։ Մինչ այդ նշեմ, որ եթե ՀՀՇ ասելով նկատի է առնվում Հայոց համազգային շարժումը, դա մեր պատմության ամենափայլուն էջերից մեկն էր, եւ դա պատմության մեջ արձանագրվելու է, շարժումն ամբողջ ժողովուրդն էր։ Հիմա արդեն ակնհայտ է իշխանությունների վերաբերմունքը շարժմանը՝ փետրվարի 20-ին, շարժման 15-ամյակի օրը ոչ մի կերպ չնշվեց այդ օրը։ Խոսենք արդեն ՀՀՇ կուսակցության մասին, գաղափարախոսության մասին։ ՀՀՇ-ն ազատական գաղափարախոսության կուսակցություն է։ Ազատականությունն ինքնին համարել ատելի, ուղղակի ծիծաղելի է։ Երբ ժողովրդի մոտ առաջացել է ատելություն ՀՀՇ-ի հետ կապված, դա վերաբերվել է գործելակերպին, այն գործելակերպին, որի մասին մենք հենց սկզբում խոսեցինք՝ ամեն գնով պահել իշխանությունը, եւ «մեր դեմ խաղ չկա»։ Այս գործելակերպը մենք տեսանք ե՛ւ 95-ին, ե՛ւ 96-ին։ Եթե այդ իրավիճակում իշխող կուսակցության անունը լիներ ոչ թե ՀՀՇ, այլ՝ «ՕԵ», այսօր նույն ատելությունը ժողովուրդը կունենար «ՕԵ»-ի նկատմամբ։ Զրուցեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել