Լրահոս
Օրվա լրահոսը

Չկորցրին պատմական պահը

Փետրվար 28,2003 00:00

Չկորցրին պատմական պահը «Էտի վատ բան ա, չի կարելի էտձեւ մարդկանց խաբել»,- այս եզրակացության է եկել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի պարող Արթուր Հարությունյանը։ Նախագահական ընտրությունների առաջին փուլում նա Մալաթիա- Սեբաստիա համայնքի թիվ 190 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում եղել է Ռ. Քոչարյանի վստահված անձը։ Բայց ոչ այն պատճառով, որ Քոչարյանի գաղափարակիցն է, այլ՝ «խոստացել են գումար, չափ չենք պայմանավորվել, խոստացել են, որ ինչ-որ մի բանով կօգնեն»։ Ու էլի մի քանի մարդկանց հետ «մենք աշխատել ենք Քոչարյանի համար՝ կեղծիքների համար աչք եմ փակել, Քոչարյանի օգտին լցվել ա արկղում՝ ոչ մի բան չեմ ասել, որ էս տեսա, էն տեսա…»։ Իսկ այս տիտանական աշխատանքից հետո, այսպես ասած, «տղեքին քցել են»՝ ո՛չ փող են տվել, ո՛չ էլ «ինչ-որ մի բանով օգնել են»։ Իրեն «քցողների» անունը երիտասարդը չտվեց։ Միայն մեկ անուն հրապարակեց՝ Ռոբերտ Քոչարյան, որը «բոլորին ա խաբում»։ «Երբ ձեզ գումար էին տալիս եւ հրահանգում աչք փակել անօրինականությունների առաջ, չէիք ըմբոստանում, բայց երբ ձեզ խաբեցին՝ ըմբոստացաք. չէի՞ք մտածում, որ մի ողջ ժողովրդի էիք խաբում» հարցի պատասխանն այսպիսին էր. «Չէ, դրանից առաջ, կարելի ա ասել, չէինք մտածել՝ մտածելով, որ մեր ապագան Քոչարյանն ավելի լավ կստեղծի։ Խոսքերին հավատալով, մտածեցինք, որ մեր ապագան նրա ձեռքերում ավելի հստակ կլինի»։ Բայց քանի որ տղային խոստացված գումարը չեն տվել՝ «հիմա գտնում ենք, որ մեր ապագան նրա ձեռքերում լավ չի լինի»։ Ու «վիրավորված» երիտասարդը երեկ եկել էր ՀԺԿ Շենգավիթի տարածքային շտաբի «ոտը»։ Էստեղ նրան գումար չեն խոստացել, բայց այս անգամ էլ նա վստահ է, որ «Ստեփան Դեմիրճյանի ձեռքում իմ ապագան ավելի հուսալի կլինի»։ Պարողի կարծիքով, եթե Դեմիրճյանը նախագահ լինի՝ «ես իմ արվեստով ավելի առաջ կգնամ, նա մեծ, լավ, լայն, տաք տարածք կտա, որ անսամբլը փորձեր անի»։ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Էրեբունու տարածքային կազմակերպության երեք անդամներ էլ՝ Կարինե Ժորայի Հովհաննիսյանը, Արաքսյա Գեւորգի Մանուկյանը եւ Մագթաղ Քերոբի Մանուկյանը երեկ հրապարակավ պատռեցին ՀՀԿ-ական տոմսերը եւ ՀԺԿ-ում գրանցվելու հայտ ներկայացրին։ Արաքսյա Մանուկյանն այսպես հիմնավորեց իր այդ քայլը. «Մեզ այս տոմսերը տրվել են թաղային լիազորի կողմից, եւ չենք էլ իմացել, որ կուսակցության անդամ պիտի լինենք։ Տվել են, որպեսզի մեր իրավունքները պաշտպանենք, սակայն օրեցօր համոզվում ենք, որ դրանք ոտնահարվում են… Ես Դեմիրճյանին ոչ թե որպես Կարեն Դեմիրճյանի տղա եմ ընտրում, այլ անօրինականության դեմ պայքարող»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել