Լրահոս
Օրվա լրահոսը

Հին ընկերները հեռանում են

Փետրվար 28,2003 00:00

Հին ընկերները հեռանում են 80-ամյա Հրաչյա Վաղարշակի Մարտիրոսյանը վեց թոռ ունի։ Թոռների, մեկ էլ հայության ճակատագիրը նրան շատ է մտահոգում։ Իսկ օրերս էլ Հրաչյա պապը մեզ հրավիրել էր իր օջախ՝ հրապարակավ ասելու, որ հրաժարվում է Դաշնակցության անդամ լինելուց։ Իր՝ այդ տարիքում կուսակցությունից հեռանալը Հ. Մարտիրոսյանը մեկնաբանեց, թե այս տարիներին գործունեություն ծավալող Դաշնակցությունը խիստ տարբերվում է իր տեսած, լսած, կարդացած կամ «պապիս տարիների Դաշնակցությունից։ Այն ուրիշ կուսակցություն էր։ Ես իմ գիտելիքների չափով սիրել ու գնահատել եմ Դաշնակցության դերը հայ ժողովրդի պատմության մեջ։ Բայց այն, ինչ հիմա եմ տեսնում… կուսակցությունը դարձել է պաշտոն փախցնող մի խումբ անձանց հավաքատեղի, այդպիսի կուսակցության անդամ ես լինել չեմ կարող»։ Դաշնակ պապի՝ Հմայակ Եղիկյանի մասին Հրաչյա Մարտիրոսյանը հպարտությամբ հիշեց, թե ինչպես է մասնագիտությամբ անվագործ «ուստա Համոն» լավ փող վաստակել. «Սովետի վախտով 12 լուծ եզ էր պահում, այն ժամանակ այդ եզները հավասար էին 12 տրակտորի։ Պապս էլ Դաշնակցության անդամ է եղել, սակայն այդ ամենն իր հալալ քրտինքով է ստեղծել»։ Հրաչյա պապն օրինակ բերեց իրենց փողոցի բնակիչներին, որոնցից շատերն այսօր անգործ են. «Իսկ դաշնակցականներն էլ Քոչարյանին միացած, անամոթաբար բղավում են, թե աշխատատեղեր կան։ Իրենց վրա խաբար չկա՞, որ Հայաստանը դատարկվել է։ Շատ լավ էլ կա։ Դաշնակցականները, որ Քոչարյանին են պաշտպանում, ինչ է, խլացե՞լ են, կուրացե՞լ են, որ հարյուրավոր հայ աղջիկներ Թուրքիայի բանտերում են։ Իսկ Քոչարյանի կինը առաջին տիկին է խաղում»։ Հ. Մարտիրոսյանը նախորդ ընտրություններին իր ձայնը Ռոբերտ Քոչարյանին է տվել, սակայն վերջինիս՝ հինգ տարիների աշխատանքից համոզվել է, որ հույսերը չեն արդարացել. «Քոչարյանը պետք է խիղճ ունենա, մի քիչ էլ հայասեր լինի, պետք է զգա, որ հինգ տարի աշխատեց, ոչինչ չստացվեց։ Թողնի հեռանա։ Ի՞նչ է՝ պրեզիդե՞նտ է ծնվել կամ հայրն ու մայրը նրան պրեզիդե՞նտ են ծնել»։ Հեքիաթներում թագավորները դերվիշի շորեր հագած դուրս են եկել ժողովրդի մեջ ու հարցուփորձ են արել, թե վերջինս իրենց մասին ինչ կարծիք ունի։ Սակայն Հրաչիկ պապի կարծիքով, պարտադիր չէր, որ Քոչարյանն էլ դերվիշի շորեր հագներ. «Այս հինգ տարիների ընթացքում մարդկանց կողմից հարյուրավոր ահազանգեր են եղել, բայց մեր նախագահը չի արձագանքել»։ Հ.Մարտիրոսյանը պատմեց, որ ինքը չնայած կոմունիստ է եղել եւ 40 տարի աշխատել է իրավապահ մարմիններում, բայց «Սովետը» չի սիրել, իսկ այն փլուզվելուց հետո «իրականացրել է սրտի փափագը»՝ անդամագրվելով Դաշնակցություն կուսակցությանը։ Այժմ այս կուսակցությունը, Հրաչյա պապի կարծիքով, ազգի համար կորած է։ Ղարաբաղյան շարժման տարիներին Հ. Մարտիրոսյանը Հայաստանի «Որսմիության» նախագահն է եղել։ Եվ իր պարտականություններից մեկը համարել է զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր հայթայթելն ու կռվի դաշտ ուղարկելը։ Քանի որ «Հայաստանի ԱԱՆ-ն ու ՆԳՆ-ն այդ տարիներին ամեն խոչընդոտ հարուցել են, որ դրսից զենք չներկրեն։ Իսկ մենք այդ զինամթերքը ձեւակերպում էինք «Որսմիության» անունով»։ Առավել ցավալին այն է, որ այսօր հուսահատվել է նույնիսկ պատերազմի դժվարին տարիներ տեսած Հրաչյա պապը։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել