Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

8 ՆՈՐ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐ

Փետրվար 28,2003 00:00

8 ՆՈՐ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐ Եվս 24 հոգի են ենթարկվել վարչական պատասխանատվության, որոնցից 8-ը կալանավորվել են Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի կոչից հետո՝ անհապաղ ազատ արձակել ընդդիմության հանրահավաքների ընթացքում ձերբակալվածներին: Եվս մի հաստատում, որ Հայաստանի իշխանությունները Եվրախորհրդի կոչերին ունկնդիր են դառնում միայն այնժամ, երբ խոսքն, ասենք, մարդասպան ահաբեկիչներին ողջ-առողջ թողնելու մասին է: Իսկ ԵԽ ԽՎ նախագահի կոչից հետո ոչ միայն մինչ փետրվարի 26-ը 134 վարչական պատասխանատվության ենթարկվածներից՝ 78 կալանավորվածներից որեւէ մեկն ազատ չի արձակվել, այլ նաեւ կան նոր ձերբակալվածներ: Ըստ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանի, փետրվարի 27-ի դրությամբ՝ վարչական պատասխանատվության ենթարկվածների թիվը հասել է 158-ի: Այսինքն՝ ԵԽ ԽՎ նախագահի կոչից հետո բերման են ենթարկվել եւս 24 հոգի, ու կալանավորվածները երեկ արդեն 86-ն էին, իսկ 69-ն արժանացել են տարբեր չափերի տուգանքների: Միակ առաջխաղացումն այն է, որ այս օրերի ընթացքում առաջին անգամ երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մերժեց 3 հոգու ենթարկել վարչական պատասխանատվության: «16»-ի միասնական շտաբի անդամ Դուստրիկ Մխիթարյանը մատնանշեց ձերբակալությունների արտառոց փաստեր. «Մի քաղաքացու, որ ոչ վստահված անձ է, ոչ ակտիվիստ՝ մոտեցել-հարցրել են, թե ում է տվել ձայնը՝ մարդը միամիտ ասել է՝ Ստեփան Դեմիրճյանին: Միանգամից բռնել, տարել 15 օր կալանք են տվել»: Մեկ այլ փաստ. «Որպես կալանավորվածի՝ մամուլում տպագրել էին ինչ-որ մեկի լուսանկարը, որը 3 անգամ դատապարտված է եղել: Այդ մարդն անկողնային հիվանդ է եղել, բացարձակ դուրս չի եկել տնից: Ճշտեցինք՝ նա ընդհանրապես ոչ մի կապ չունի մեզ հետ՝ ոչ ակտիվիստ է, ոչ կուսակցական, ոչ էլ նույնիսկ ձայն է տվել Դեմիրճյանին, գուցե քվեարկության էլ չի մասնակցել»: Դուստրիկ Մխիթարյանը հայտնեց, թե տույժերի ենթարկվածների մեջ կան նաեւ անչափահասներ ու կանայք. «Արաբկիր համայնքից 17 տարեկան մի տղայի՝ Սոս Եսայանին տուգանեցին-բաց թողեցին: Երբ հետաքրքրվեցինք՝ պատասխանեցին, թե քանի որ նրա 16-ը լրացել է՝ ուրեմն կարելի է արդեն ենթարկել վարչական տույժի: Կային նաեւ 2 կանայք, որոնցից մեկին՝ ՀԺԿ ակտիվիստ Սոնյա Սիրունյանին, որ ոստիկանության պաշտոնաթող մայոր է, Մալաթիա-Սեբաստիայի ոստիկանությունը տնից տարել էր փետրվարի 24-ի առավոտյան 5-ին: Պահել էին երկար ժամանակ: Ու միայն երբ դիտորդներն աղմուկ բարձրացրին՝ ստիպված տեղափոխեցին դատարան, տուգանեցին ու ազատեցին: Մյուս կնոջը՝ Շամիլովա Սիլվային էլ են տուգանել եւ ազատել»: «16»-ի միասնական շտաբի ղեկավար Վաղարշակ Հարությունյանը ձերբակալությունների փաստն այսպես գնահատեց. «Չհաղթելով առաջին փուլում՝ Ռոբերտ Քոչարյանը հասկացավ, թե ոչինչ չարժեն հավաստիացումները, որ իր համար կապահովեն 70% ձայներ: Եվ այժմ աշխատում են այսպես՝ նրանց համայնքային շտաբի պետերը Կենտրոնական շտաբին են ներկայացնում, թե ովքեր են խանգարել իրենց՝ կատարել կեղծիքներ, եւ այդ ցուցակի հիման վրա սկսում են ահաբեկել ու կալանավորել մարդկանց՝ չունենալով իրավական ոչ մի հիմք: Նրանք զուտ քաղաքական խնդիր են լուծում, որ այդ մարդիկ չմասնակցեն մարտի 5-ի ընտրությանը: Քոչարյանն այսպես է ցանկանում ապահովել իր հաղթանակը երկրորդ փուլում: Բնական էր, որ նա չէր արձագանքելու Եվրախորհրդի կոչերին եւ փորձելու է տարածել կեղծ լուրեր, թե այդ մարդիկ նախապատրաստում էին զինված հեղաշրջում, օրենքներ էին խախտում, քրեական տարրեր էին եւ այլն: Բայց իրականում խնդիրը միայն այն է, որ չեզոքացնեն այն մարդկանց, ովքեր դեմ են կանգնել եւ թույլ չեն տվել կեղծիքներ գործել, որպեսզի երկրորդ փուլում այլեւս չլինեն խանգարողներ»: Պատասխանատվության ենթարկվածների մեջ, ինչպես հաղորդել էր արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը, կան օրինախախտումների համար նախկինում քրեական պատասխանատվության ենթարկվածներ: Բայց պարզվեց, որ դա վերաբերում է 158-ից միայն 31-ին: Մեր հարցին, թե արժե՞ր արդյոք անընդհատ շեշտելով այդ հանգամանքը ստվեր նետել մյուս 107-ի վրա՝ Արա Սաղաթելյանը պատասխանեց. «Միշտ նշել եմ, թե ձերբակալվածների զգալի մասն են նախկինում դատված: Չնայած համարում եմ, որ վարչական պատասխանատվության ենթարկվածների ընդհանուր քանակում դա եւս զգալի մաս է: Սակայն մենք չենք հայտարարել, թե հանրահավաքները ղեկավարել են այդ հանցագործ տարրերը: Երբ հայտարարեցի, թե վարչական պատասխանատվության ենթարկվածների մեջ կան անձինք, որոնք կրկնակի, եռակի պատասխանատվության են ենթարկվել ՔՕ մի շարք ծանր հոդվածներով, չեմ կարող ասել՝ ինչ զուգադիպությամբ՝ միասնական շտաբի ներկայացուցիչները սկսեցին հայտարարել, թե ձերբակալվում են իրենց ակտիվիստները»: Վաղարշակ Հարությունյանն այդ 31-ի առնչությամբ էլ տարակուսանք արտահայտեց. «Ի՞նչ կապ ունի, թե նախկինում դատված եղել են կամ ոչ: Եթե դատված է եղել՝ պիտի նրան տեղի-անտեղի ձերբակալե՞ն: Իշխանության գործիչների շարքերում էլ կան նախկինում դատվածներ՝ Անդրանիկ Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանը եւ այլն: Ակնհայտ է, որ այս դեպքում՝ սա ուղղակի քաղաքական հետապնդում է»: Մեր ունեցած տեղեկություններով՝ հանրահավաքի 4 մասնակիցների ներկայացվել է քրեական մեղադրանք՝ իբր նրանք ցանկացել են շուռ տալ Պետավտոտեսչության մեքենան: Սակայն մեր հարցին, թե վերջին հանրահավաքից հետո 8 ձերբակալվածների մեջ կա՞ն այնպիսիք, որոնց առնչությամբ իշխանությունները կարող են ասել, թե խուլիգանություն են արել կամ չեն ենթարկվել իրավապահների պահանջներին՝ պրն Հարությունյանը պատասխանեց. «Մեր բոլոր հանրահավաքների, երթերի ընթացքում, որոնց մասնակցել են 100 հազարավոր մարդիկ, չի եղել եւ ոչ մի օրինախախտում կամ անկարգություն: Միակն այն է, ինչ ցուցադրվել է հեռուստատեսությամբ՝ խանութի ցուցափեղկից Քոչարյանի նկարները պոկելը: Հիշեցնենք, որ Քոչարյանն իր թիկնապահներով այցելեց «Առագաստ» սրճարան, մարդ սպանեցին, եւ ոչ ոք դրա համար չպատժվեց, մեկ օր անգամ չնստեց մեղադրյալի աթոռին: Հիմա դատապարտում են Քոչարյանի պաստառները պոկելո՞ւ համար: Ընդդիմադիր թեկնածուների պաստառները պակա՞ս են պոկել, անգամ հրկիզել: Ստեփան Դեմիրճյանի շտաբն է հրկիզվել՝ ո՞ւմ են այս ամենի համար ենթարկել պատասխանատվության»: Նույն կերպ՝ ընտրակեղծիքների համար էլ որեւէ մեկը չենթարկվեց պատասխանատվության: Վաղարշակ Հարությունյանը ծիծաղեց, երբ հարցրինք, թե ինչպես է վերաբերվում Քոչարյանի մեղադրանքին, որ հօգուտ ընդդիմության էլ են թույլ տրվել կեղծիքներ. «Նա ուղղակի փորձում է դարձյալ շեղել հանրության ուշադրությունը: Մենք փաստեր ենք ներկայացնում, երբ խոսում ենք հօգուտ Քոչարյանի կատարված կեղծիքների մասին: Իսկ նա ուղղակի խոսում է: Թող փաստեր ներկայացնի՝ եթե կան: Եվ եթե լինեն էլ, համոզված եմ՝ դրանք անհամեմատելի կլինեն այն խախտումների հետ, որ արվել են հօգուտ Քոչարյանի: Հիմա էլ, երկրորդ փուլից առաջ փորձում են կաշառել Դեմիրճյանի վստահված անձանց եւ նրանց միջոցով կատարել կեղծիքներ, որպեսզի հետո մեղքը գցեն ընդդիմության վրա»: Ինչեւէ: Ընդդիմությունն ունկնդիր եղավ ԵԽ ԽՎ նախագահի կոչին՝ թուլացնել քաղաքական լարվածությունը, եւ դադարեցրին հանրահավաքները մինչեւ մարտի 1-ը: Սակայն հարց է առաջանում՝ այս պայմաններում, երբ իշխանությունը շարունակում է կաթվածահարել ընդդիմության շտաբների գործունեությունը՝ ձերբակալելով ղեկավարներին եւ ակտիվիստներին, ու նաեւ պատասխանատվության չեն ենթարկում առաջին փուլում որեւէ ընտրակեղծիք գործածի՝ որպես երաշխիք, որ խախտումները չեն կրկնվի 2-րդ փուլում՝ մի՞թե անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանում Ստեփան Դեմիրճյանի համար: «Այո,- համաձայնեց Վաղարշակ Հարությունյանը:- Եթե այս ամենն այսպես շարունակվի՝ ընտրությունների գնալն ուղղակի անիմաստ է: Եվ քաղաքական որոշումն այժմ էլ ընդունված չէ, թե մասնակցելու ենք 2-րդ փուլին»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել