ԽՈՒՃԱՊ Է ՈՒ ՑԱՅՏՆՈՏ Որ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբում խուճապ է սկսվել այն բանից հետո, երբ ընտրությունների առաջին փուլում նա, հակառակ իր ու իր թիմի վստահ պնդումների, չհաղթեց՝ այսօր արդեն ակնհայտ է: Ընտրությունների երկրորդ փուլի մասին հայտարարության հրապարակումից հետո գործող նախագահի թիմում ցեց է ընկել, ու առնետավազք թույլ չտալու, իր թիմին առժամանակ եւս իր կողքին պահելու խնդրին էին կոչված եւ ՊՆ կոլեգիայի հայտնի հայտարարությունը, եւ փետրվարի 20-ից սկսված ու շարունակվող զանգվածային ձերբակալությունները: Հույս է. գուցե հաջողվի իրավիճակը փրկել: Քոչարյանն ուզում է ցույց տալ, որ ինքը դեռ ուժեղ է ու կարող է անել՝ ինչ ուզի: Իհարկե, նա ու իր թիմակիցները, թերեւս, չգիտեն, որ խեղդվողին փրփուրները չեն օգնում: Հիշյալ բոլոր ու ճարահատյալ գործողությունները, ուժի ցուցադրության նախապատրաստությունն արդեն արժանացել են միջազգային հանրության դատապարտմանը, եւ առավելագույնն ինչ կարող է անել Քոչարյանն այս փուլում՝ ընդամենը կարող է երկարաձգել իր իշխանությունը մինչեւ մարտի 5-ը: Ընտրությունների երկրորդ փուլում նա հաղթելու որեւէ շանս չունի ոչ միայն տեսականորեն, այլեւ՝ գործնականում, որովհետեւ դեռ առաջին փուլում նրա թիմն արել է առավելագույնը, ընտրությունները կեղծել է լավագույնս՝ բոլոր հնարավոր միջոցներով, ու ընդամենը երկրորդ փուլ ապահովել իր նախագահի համար: Իրավիճակին դարմանել չեն կարող նաեւ ոստիկանապետերի պաշտոնանկություններն անգամ, որովհետեւ ոչ թե նրանք են վատ աշխատել, այլ Քոչարյանին քվեարկողների թիվն այնքան քիչ է, որ նման պայմաններում 1-ին փուլում նկարված արդյունքն ու տոկոսները լավագույն արդյունք կարող են համարվել: Իսկ երեկ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը հաղորդագրություն էր տարածել, թե այս թեկնածուն «շարունակում է հանդիպումներն իր նախընտրական շտաբների ներկայացուցիչների հետ եւ այդ շրջանակներում այցելել է Աջափնյակի, Մալաթիա-Սեբաստիայի, Շենգավիթի եւ Կենտրոնի նախընտրական շտաբներ՝ հանդիպելու շտաբների ակտիվի հետ»: Հետաքրքիր է, ի՞նչ է ասել պրն Քոչարյանն իր ակտիվին, շտաբների կամ ենթաշտաբների ղեկավարներին, իր ընտրությունը սպասարկող պետական պաշտոնյաներին, ինչպիսիք էին այն թաղապետերը, ովքեր Ընտրական օրենսգրքի հոդված 18-ի խախտման գնով անպայմանորեն ներկա պետք է լինեին այդ հանդիպմանը: Գոնե մենք այդ մասին գիտենք այնքան, որքան ասում է պաշտոնական աղբյուրը: Փոխարենը տեղյակ ենք այդ հանդիպումների շրջանակներից դուրս՝ իրադարձությունների զարգացման ետնաբեմում տեղի ունեցած այն փաստերին, որոնց մասին իշխանությունները նախընտրում են լռել: Մեր աղբյուրների պնդմամբ, Քոչարյանի նախընտրական շտաբներում ցայտնոտային վիճակ է տիրում, իսկ թաղապետերն այսօր անելանելի վիճակում են հայտնվել: Նրանցից ոմանք սկսել են բողոքել, թե երկրորդ փուլում անհնար է աշխատել այնպես, ինչպես առաջին փուլում՝ քվեատուփերը քվեաթերթիկներով լցոնել ու մարդկանց կաշառել, որովհետեւ նախ՝ Քոչարյանն այնքան քվե չունի, որ մի քիչ լցնելով վիճակը փրկեն, երկրորդ՝ ընտրողներն արդեն սովորել են, որ կարելի է կաշառքը վերցնել Քոչարյանի թիմից ու քվեարկել, ասենք, Ստ.Դեմիրճյանի օգտին, երրորդ՝ դիտորդները «համը հանում են»: Մյուս կողմից՝ Քոչարյանի թիմը ճաքեր է տալիս: Օրինակ՝ երեկ շուրջ 10 հանրապետականներ ցուցադրաբար այրել են իրենց կուսակցական տոմսերն ու հայտարարել, թե անդամագրվում են ՀԺԿ-ին: Սպասվում են իշխանական-կուսակցական տոմսերի հրկիզման այլ դեպքեր: Երեւանում մի քանի ընտրական տեղամասերում վերջին երկու օրերի ընթացքում հանձնաժողովի անդամներ են փոխվել ու ոչ այն պատճառով, որ լավ չեն աշխատել, ու գործող նախագահի շտաբը դժգոհ է նրանց աշխատանքից, այլ, պարզապես, մարդիկ իրենք են բողոքի ալիք բարձրացրել, որ առաջին փուլում Քոչարյանի համար են աշխատել ու իրենց խոստացած վարձատրությունը՝ 200 ԱՄՆ դոլար, պարզապես չեն տվել՝ «քցել» են, ասելով՝ երկրորդ փուլից հետո: Ու որպեսզի Քոչարյանի հանձնաժողովականը «աբիժնիկ» չլինի ու հանկարծ վատ չաշխատի, որոշել են նրանց փոխարինել ուրիշներով, որոնք, չի բացառվում, որ իրենց նախորդների ճակատագրին արժանանան: Ասել է թե, այս հանձնաժողովականներն ու իրենց հարազատներն արդեն Քոչարյանին չեն քվեարկի՝ վիրավորանքից: Հարցն այն է, որ այս իշխանությունների խելքով, մարդկանց կոկորդից բռնելով ու սարսափի մթնոլորտ ստեղծելով՝ հնարավոր է երկրորդ փուլում հաղթանակ ապահովել: Սրանք երեւի չեն հասկանում, որ մարդիկ դեռ առաջին փուլում արել են այն, ինչ կարող էին անել առավելագույն չափով ու լավագույնս: Սա է իշխանությունների ու Քոչարյանի քվեների ռեսուրսը՝ 700 հազար ձայն՝ «դզած-փչած», ինչն առավել եւս երկրորդ փուլում չեն էլ ստանա՝ նկատի ունենալով գործող նախագահի գնալով էլ ավելի խորացող բռնակալական հակումները: Ահա այսպիսի՝ փշալարախրամատային մթնոլորտում այս իշխանություններն ու Քոչարյանն ուզում են երկրորդ փուլում հաղթել: Ուզում ենք հարցնել նրանց՝ ձեզ թվում է, որ ժողովուրդը սկսելու է ձեզնից վախենալ ու ընտրե՞լ: Հաստատ ոչ. նա կսկսի ձեզ ընդամենն ավելի շատ ատել ու ջնջել երկրորդ տողը զբաղեցրած անունը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ