Լրահոս
Օրվա լրահոսը

Բարի անունը պետք է պահպանել

Փետրվար 27,2003 00:00

Բարի անունը պետք է պահպանել ՀՖՖ գործկոմն ուժի մեջ է թողել կարգապահական կոմիտեի որոշումը, որով «Արարատ» ֆուտբոլային ակումբը իր հինգ ֆուտբոլիստների ազգային եւ օլիմպիական հավաքականների ուսումնամարզական հավաքներին եւ Իսրայելի երկու ընտրանիների հետ ընկերական հանդիպումներին մասնակցելն արգելելու համար որակազրկվել է մեկ տարով։ Որոշումն աննախադեպ է ու խիստ հայկական՝ ֆուտբոլում։ Ու նաեւ դրա համար որոշակի արձագանք է գտել ֆուտբոլային հասարակության շրջանում։ Ոմանք տեղի ունեցածը համարում են սխալ, մյուսները ողջունում են ֆեդերացիայի դիրքորոշումը, մի մասն էլ գտնում է, որ կարելի էր պատժամիջոցի միջին տարբերակ կիրառել։ Այս հարցերի շուրջ իր տեսակետն է արտահայտում ֆեդերացիայի սպորտբաժնի պետի պաշտոնակատար Ռ. Դալլաքյանը, որի ասածները, կարծում ենք, կօգնեն իրողությունը ճիշտ պատկերացնելուն։ – Պարոն Դալլաքյան, որոշումը կայացնելիս ֆեդերացիան առաջնորդվել է կանոնակարգի պահանջներով։ Բայց հաշվի առնելով, որ մեր երկրի առաջնությունն առանց այդ էլ ուժեղ չէ, ավելի նպատակահարմար չէ՞ր որակազրկելու փոխարեն մեկնարկելիք առաջնությունում թիմին, ասենք, 3 կամ 5 պարտություն գրանցել եւ դրամական խոշոր տուգանք սահմանել։ – Նախ կանոնակարգի այն կետի մասին, որով «Արարատ» ակումբը որակազրկվել է։ Այն կանոնակարգում կա վաղուցվանից եւ վերջին անգամ հաստատվել է 2000 թվականին։ Դա նաեւ ՖԻՖԱ-ի պահանջն է, որն ակումբների եւ հավաքականների շահերը համապատասխանեցնելու նպատակ է հետապնդում։ Ընդ որում, ակումբները հավաքականներին ֆուտբոլիստներով մատակարարելու պարտավորություն ունեն։ Ճիշտ է, սահմանված է հավաքականների հանդիպումների որոշակի քանակ։ Միայն դրանից ավելի հրավեր ունենալու դեպքում ակումբը կարող է ֆուտբոլիստ չգործուղել հավաքական։ Մինչդեռ սա առաջինն էր։ Ինչ վերաբերում է որոշմանը, ասեմ, որ այն հեշտ չի կայացվել։ Բոլորն էլ, անկասկած, մտածել են թե՛ առաջնության, թե՛ «Արարատի» անվան ու հեղինակության մասին։ «Արարատն», իրոք, հայկական ֆուտբոլի պարծանքն է եղել։ Ու դա հոգեբանորեն ազդում է բոլորի վրա։ Բայց անկեղծ խոսենք։ Նախկին «Արարատն» ու ներկայինը տարբեր թիմեր են։ Այսօրվա ակումբը միայն կրում է նախկինի «Արարատ» անունը, որ ստեղծվել է 1963 թվականին։ Ես անձամբ 40 տարի առաջ եղել եմ ստեղծվող «Արարատ» թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներից։ Ու ինձ համար գուցե ավելի ցավալի է, որ այդ անունը կրող ակումբն այսօր որակազրկված է։ Բայց նաեւ համոզված եմ, որ ակումբը պետք է պատասխանատվություն կրի ու իր վարքագծով արժանի դառնա «Արարատ» անունը կրելուն, մի բան, որ այսօր ոչ մի ձեւով չի դրսեւորվում։ Գուցե նաեւ կարելի էր ավելի մեղմ վճիռ կայացնել։ Բայց ինչո՞ւ, ո՞ւմ սիրուն աչքերի համար։ Ակումբի նախկին հռչակի՞ համար, առաջնությունը չթուլացնելո՞ւ համար։ Ես դա տրամաբանական չեմ համարում։ Ակումբին էլ պետք է այդ բաները մտահոգեն։ Մինչդեռ, նրանց ներկայիս ղեկավարությունը, ասես, իրեն վեր է դասում բոլորից ու ամեն ինչից։ Նա ոչ միայն անտարբեր է իրենից դուրս գոյություն ունեցող ամեն բանի հանդեպ, այլեւ արհամարհական վերաբերմունք ունի կարգ ու կանոնի, ֆեդերացիայի հանդեպ։ Վերջին տարիներին ֆեդերացիան «Արարատի» վերաբերյալ մի շարք որոշումներ է կայացրել, որոնք չեն կատարվում։ Կարող են տարբեր կարծիքներ լինել դրանց ճիշտ կամ սխալ լինելու մասին։ Բայց մենք ղեկավարվում ենք ոչ թե կարծիքներով, այլ մեր իսկ ընդունած օրենքներով, որոնց կատարումը պարտադիր է բոլորի համար՝ անկախ նախկին վաստակից, անունից կամ հովանավորի ներդրած միջոցների չափից։ Արհամարհել սահմանված կարգը, նշանակում է արհամարհել ֆեդերացիան, նրա դերը ֆուտբոլի կազմակերպման մեջ, մյուս ակումբներին ու առհասարակ ֆուտբոլը։ Սա է իրական պատկերը։ – Կարգապահական կոմիտեն իր նիստին հրավիրե՞լ էր «Արարատի» որեւէ ներկայացուցչի։ – Այո, դա փետրվարի 14-ն էր։ Մեր հրավերով եկել էր ակումբի միակ գործող ադմինիստրատիվ անձը՝ գործադիր տնօրեն Ժորա Մուրադյանը։ Նա ելույթ ունեցավ։ Լսեցինք, տվեցինք հարցեր, բայց, ցավոք, լիարժեք, հիմնավորված որեւէ պատասխան չլսեցինք։ Օրինակ, հարց եղավ, թե ակումբի ղեկավարությունը ծանո՞թ է կարգապահական կանոնակարգին, գիտե՞ր, թե ինչ կարող էր տեղի ունենալ իր վարքագծի համար։ Պատասխանեց, թե նոր է վերադարձել արտասահմանից, որ իր գործերով էր մեկնել ու տեղյակ չէ ակումբում որոշում ընդունողից, ֆեդերացիա նամակ ուղարկողից եւ, առհասարակ, ակումբի օպերատիվ հարցերից։ Դա մեզ համար նորություն չէր։ Ակումբում տիրող խառնաշփոթ իրավիճակի մասին որոշ բաներ հայտնի են։ Ֆուտբոլում անցանկալի անձ ճանաչված Ա. Անդրեասյանի հետ պաշտոնական շփում չունենք։ Մեկ տարով որակազրկված է նաեւ «Արարատի» փոխնախագահ Գագիկ Գրիգորյանը։ Այդ ժամկետը, եթե չեմ սխալվում, լրանում է ամռանը։ Մարզիչներից Վերանյանն ասում է, թե ինքը զբաղվում է միայն ֆուտբոլային հարցերով, չի կարող ներկայացնել ադմինիստրացիան եւ այդպիսի հանձնարարություն էլ չունի։ Մյուս մարզիչը՝ Արմեն Պետրոսյանը, պարզվում է, օրերս վիճաբանել է ակումբի ղեկավարության (Անդրեասյանի ?) հետ ու հեռացել է։ Ստացվում է, որ «Արարատում» չկա մեկը, որի հետ խոսել կամ բանակցել հնարավոր լինի։ – Իսկ ո՞վ է Հրաչ Կապրիելյանը։ – Ֆեդերացիային հասցեագրված նամակը որպես ակումբի նախագահ նա է ստորագրել։ Կարգապահական կոմիտեի նիստին, դրանից մեկ շաբաթ հետո հրավիրված գործկոմի նիստին նա չներկայացավ։ Հետաքրքրվում էինք, թե ակումբի նախագահն այստե՞ղ է, տեղում պատասխանում էին՝ չգիտենք։ Այնուամենայնիվ, տեղյակ էինք պահել գործկոմի նիստի օրվա ու ժամի մասին՝ հույս ունենալով, որ այդ Կապրիելյանը կգա, կպաշտպանի թիմի շահերը։ Բայց իզուր։ Չկարողացանք գտնել, մի բան, որ չեմ կարողանում պատկերացնել։ Եթե այդ անձը անգամ Շվեյցարիայում էր, պետք է որ մտահոգվեր, մեկ շաբաթում գար Երեւան ու պաշտպաներ իր ակումբի շահերը։ Այդպիսի բան տեղի չունեցավ։ Հետո էլ դեկլարատիվ հայտարարություններ են անում, մարդկանց ապակողմնորոշում, թե ֆեդերացիան կանխակալ է գործել ու ակումբի համար ոչինչ չի արել։ Ահա սա է իրողությունը։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Ռ. Դալլաքյանի հետ զրույցը բավականին երկար ու հանգամանալից էր, որի ընթացքում նա պատմեց նաեւ բազմաթիվ այլ մանրամասներ, որոնք զավեշտի ժանրից են։ Բայց նպատակահարմար չգտանք (նաեւ ծավալի առումով) դրանք ներկայացնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել