Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻԶՄ-Ը ՄՆԱՑ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄ»

Փետրվար 27,2003 00:00

«ԻԶՄ-Ը ՄՆԱՑ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄ» Վերջացած նկարիչը դառնում է մաեստրո Գեղանկարիչ Վարդան Թովմասյանը միանգամից մի քանի տասնյակ նկարի վրա է աշխատում, ասում է՝ «այդ ժամանակ ոնց որ ուրիշի նկար՝ ամեն ինչ նկատում եմ, ճիշտ եմ տեսնում։ Ամեն օր կարելի է սկսել մեկ, երկու, երեք գործ եւ երկարատեւ աշխատել»։ Ծնվել է Երեւանի կենտրոնում, հայրը դասական ոճի նկարիչ էր։ Նրա մասին արվեստաբան Էդմոնդ Միանսարյանը գրել է. «Նա արտիստ է բառիս ամենաուղղակի ու լայն իմաստով, նրա նկարչությունը արժեք է, որ իր արմատներով հասնում է մարդկային մշակույթի ակունքներին»։ Վարդանի արվեստանոցը մի շարժուն, կենդանի, ապրող աշխարհ է, ընդգծված կերպարներով մարդկանց մի երթ, որոնք ուղղակի գալիս են վրադ։ Գույները վառ չեն՝ աննշմար, նուրբ գույներով՝ հնչեղ ու զրնգուն նկարներ, կոմպոզիցիաներ, դասական պատմություններ՝ ամենաանկեղծ դրսեւորումներով։ Նա մարդկանց մեռյալ, անշարժ վիճակի մեջ չի պատկերում, այլ իրենք իրենց եւ ուրիշ մարդկանց հետ իրենց հարաբերություններում։ Թեմաները՝ կրկես, արվեստանոց, բնորդ ու նկարիչ, նվագախումբ, սալոն, Դոն Կիխոտ ու իր զինակիր, Քրիստոսի ոտնլվա, ընթացք… բոլորը հոսում են, շարժվում, համոզում՝ իրենց տրոփող արյունով, տառապանքով ու պայթուցիկ գեղեցկությամբ։ Աստվածաշնչյան թեմաներում կերպարները խոր մարդեղացված են։ Նկարները, իհարկե, պիտի տեսնվեն։ – Մանկությանդ տարիներին խաղացո՞ղ երեխա ես եղել։ – Ես՝ չէ… – Պատանի հասակում աղջիկներին մոտենալիս կոմպլեքսավորվո՞ւմ էիր։ – Եղել է, դա եղել է։ Դա ճիշտ, նորմալ դաստիարակության արդյունք է։ Հետո ինքը կարող է իր վերադաստիարակությամբ զբաղվի եւ արդյունքի հասնի։ – Այդքան կին եք նկարում, ինչպիսի՞ն պիտի լինի կինը։ – Մի ընկեր ունեմ, ասացին՝ ինչպիսի՞ն պիտի լինի կինը, ասաց՝ խելացի։ Որ խելացի լինի, գեղեցիկ էլ կարող է երեւալ։ – Այնպես «սարսափելի» ուժեղ, բարձրահասակ, ձիակերպ կանայք եք նկարում, կարծես ամեն վայրկյան կարող են վարգել, ցատկել… – Հա, կինը մի քիչ ձի է։ – Նկարներից հե՞շտ եք բաժանվում։ – Սկզբից չէ, բայց հետո, երբ մարդը պրոֆեսիոնալ է դառնում, նորմալ է ընդունում։ – Բացի գեղանկարից ու քանդակից, արվեստի ուրիշ ճյուղով զբաղվե՞լ եք։ – Ինչ-որ ժամանակ, անցյալում, պատմվածքներ էի գրում, բայց դա սուտ բան է, նկարիչը պիտի նկարի կամ հեռանա։ – Դու ի՞նչ իզմ-ի մեջ ես նկարում։ – Իզմ-ը կա, բայց դա կարեւոր չի, դա մնաց 20-րդ դարում, հիմա շատ նկարիչներ, որ նկարչության հետ իսկի կապ չունեն, պատսպարվում են իզմ-ի տակ։ Հիմա նկարիչը մնացել է ինչ-որ տափաստանում, միայնակ նկարում է։ – Քեզ սիրողների՞ն ոնց ես վերաբերվում, Վարդան։ – Աշխատում եմ հեռու մնալ. փափուկ բարձ է։ Պիտի ինչ-որ ուժ լինի դեմս, որ ես դրան հակառակ ստեղծագործեմ։ Էդ բառերը՝ «մաեստրո», «վարպետ», ապրող, արարող նկարիչը չպիտի թույլ տա, որ իրեն ասեն, ոնց որ կամաց-կամաց մեռցնեն։ Ո՛ր օրը նկարիչը վերջացավ, դառնում է իրական մաեստրո։ – Բոհեմ ասածը նկարչի համար ի՞նչ է։ Կարեւո՞ր բան է։ – Բոհեմը կա, ես, իհարկե, մեջը չեմ, որովհետեւ բոհեմը կլանում է, միջից կարող է դուրս գալ մի՛ կազմակերպվածը։ Էն մի հոգին, որ կարողանա դուրս գալ այնտեղից, կդառնա աստղ։ Բոլորս էլ, իհարկե, ինչ-որ ժամանակ եղել ենք բոհեմում։ – Ի՞նչ մեծ մարդու հետ ես հանդիպել-խոսել կամ չխոսել, նայել։ – Ամենատպավորիչը եղել է Փարաջանովի հետ հանդիպումը։ Փողոցում տեսնվել ենք պատահաբար, այն ժամանակ իրար չգիտեինք։ Մոտեցել-բարեւել ենք ու մի կես ժամ խոսել արվեստից, որպես հին ծանոթներ։ Առանց նախաբանի ու ֆինալի։ – Կա՞ մի նկարիչ հայ իրականության մեջ, որ, քո կարծիքով, գնահատված է ավելի քիչ, քան արժանի է։ – Հա, Հակոբ Հովնաթանյանը, համաշխարհային մեծության մի նկարիչ։ ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել