Ընդդիմությունն էլ է «միասին աշխատում» Ասուլիսը վերածվեց դռնփակ հանրահավաքի Օրերս Վանաձորի ընդդիմադիր կուսակցությունների (ՀԿԿ, ՀԺԿ, ՍԻՄ, ԺՀԿ, «Ազգային միաբանություն», «Հայրենիք եւ պատիվ», «Հանրապետություն», ՍԴՀԿ) ներկայացուցիչները համատեղ ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելու իրենց գնահատականը նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Գրեթե բոլոր ելույթ ունեցողները բոյկոտի ենթարկեցին ընտրությունները, իսկ «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Սպարտակ Եսայանն ընտրությունները բնորոշեց «հանցագործություն՝ ընտրական պրոցես անվան տակ»։ Նա նշեց, որ զինվորները շարասյունով քվեարկել են մի քանի անգամ՝ տարբեր տեղամասերում։ Բուռն քննադատության ենթարկելով Լոռու մարզպետին՝ նախընտրական ճնշումներ կիրառելու համար, եւ պարբերաբար փաստեր ներկայացնելով բռնությունների ու կեղծիքների վերաբերյալ, Ս. Եսայանը քննադատության սլաքն ուղղեց ՀՀ նախագահի արտաքին քաղաքականությանը. «Ի՞նչ է նշանակում Կոբզոնին բերել էստեղ ու կոբզոնություն անել։ Էդ ինչի՞ ես քեզ էդպես պայթեցնում, ա՛յ մարդ»։ Վերջինս նախընտրական կաշառք համարեց այն, որ գործող նախագահը դպրոցներին համակարգիչ է նվիրում։ Երբ ելույթ էր ունենում «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ներկայացուցիչը, Ս. Եսայանը նրան խնդրեց հիշատակել, որ որպես նախընտրական կաշառք՝ գազի բաժանորդներին առաջարկվել է 40 հազար դրամ կանխավճարի փոխարեն մուծել 20 հազար, այն պայմանով, որ ձայնը տան գործող նախագահին։ «Ուսանողին տվել են քվեաթերթիկ՝ նշումն էլ հետը»,- իր ելույթում նշեց ՀԺԿ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ֆրունզե Թադեւոսյանը, իսկ ՀԿԿ Վանաձորի քաղկոմի 1-ին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանն էլ ավելացրեց. «10 դոլարն էլ հետն են տվել»։ (Ի դեպ, Ֆ. Թադեւոսյանը նաեւ վիրավորված էր, որ երկրի նախագահն արհամարհանքով է վերաբերվում քննադատությանը, քանի որ մի առիթով նշել էր, որ «իմունիտետ» է ձեռք բերել քննադատության հանդեպ։ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Վաղինակ Ֆռանգյանին էլ հատկապես մտահոգում էր այն, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի գյուղապետը բռնակալական դրսեւորումներ ունի, թույլ չի տվել գյուղում Դեմիրճյանի նախընտրական շտաբ բացել, ասելով. «Քաղաքից եկել եք՝ մասնատում կատարե՞ք»։ Իսկ ընտրողների մասին էլ արհամարհանքով է արտահայտվել, թե «Ես գյուղի տերն եմ, իրանք էլ իմ հավերն են»։ «Դե հիմի ընտրություններից հետո կտեսնենք, թե ովքեր են հավերը»,- սպառնաց Ֆռանգյանը եւ ամփոփեց. «Իրա գործը տված ա դատախազություն»։ Ինչպես միշտ, Ա. Ղուկասյանի ելույթը շնչում էր պաթոսով։ «Ընտրություններն անցել են վախի մթնոլորտում։ Գործադրվել են տարբեր միջոցներ՝ սկսած կաշառքից»։ Նա նշեց, որ ընտրակեղծիքները Լոռու մարզում կազմել են 20-30 տոկոս։ Ելույթ ունենալ ցանկացողներն այնքան շատ էին, որ ասուլիսը, որին ներկա էին նաեւ հիշյալ կուսակցությունների շարքային անդամներ, վստահված անձեր, վերածվեց դռնփակ հանրահավաքի։ Իսկ երիտասարդ մի կոմունիստ ասուլիսից հետո դժգոհեց, թե՝ ինչո՞ւ «Առավոտի» այն համարները, որտեղ Լոռուց «վատ բան» է տպվում, կրպակներից անհետանում են. «Շաբաթ օրը ասին՝ էսօր թերթ չենք ստացել, կիրակի օրն էլ հարցրինք, ասին՝ արդեն ծախել ենք»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ