Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ՉԻՆՈՎՆԻԿՆ ԱՊԱՇՆՈՐՀ Է

Փետրվար 27,2003 00:00

ԵՐԲ ՉԻՆՈՎՆԻԿՆ ԱՊԱՇՆՈՐՀ Է Սովորաբար ընտրությունների արդյունքների հաշվառման կարճ ժամանակը լի է լինում քաղաքական սադրանքներով ու անկանխատեսելի միջադեպերով, որոնք սկսվելով մի տեղից, զարգացում են ստանում, տարածվում ընտրազանգվածի մեջ, բորբոքում են ընտրազանգվածին ու դառնում երկրում ցնցում առաջացնող ալիք։ Հիշենք 1996թ. նախագահական ընտրությունները։ Սակայն այսօր մեր հասարակությունն ավելի զգոն է ու պատրաստ, քան 96-ին էր, որովհետեւ ունի նաեւ 96-ի փորձը։ Պատմության իմացությունն ընդհանրապես իմաստ չի ունենում, եթե դրանից դասեր քաղելու անհրաժեշտություն չի լինում։ Ի՞նչ դասեր ենք քաղել մենք մեր անցած պատմության 10-12 տարիներից, մանավանդ որ իրադարձություններին ուշի-ուշով հետեւելիս զգացվում է, որ որոշ երեւույթներ հասարակության մեջ կրկնվում են, մի քիչ տարբեր, մի քիչ նման, բայց կրկնվում են։ Գործող նախագահի վերընտրվելը չկասկածող վերլուծաբանները ընտրությունների առաջին փուլում սխալվեցին, իսկ գործող նախագահը առաջին փուլում անհրաժեշտ քանակի ձայն չհավաքեց, ոչ թե իր մեղքով, այլ իրեն «արջի ծառայություն» մատուցողների անշնորհքության պատճառով։ Գործող նախագահին դուր գալու անհագուրդ ցանկությունը տեղական «ավտարիտետներին» մղում էր ամեն ինչի, որը վերածվեց հակաքարոզչության ու հարվածեց գործող նախագահի վստահության քվեին։ Այսպես կատարվեց նաեւ 1996 թվականին Լեւոն Տեր172Պետրոսյանի հետ։ «Ավտարիտետների», հասարակության կողմից մերժված չինովնիկների ապաշնորհ միջամտությունը նախագահական ընտրարշավին՝ ժողովրդին լարեց գործող նախագահ-թեկնածուի դեմ։ Նաեւ այս զայրույթն էր փետրվարի 20-ին, այդ ծանր ու ձյունաթաթախ եղանակին հանրապետության տարբեր վայրերից ժողովրդին բերել Մատենադարանին հարող հրապարակ։ Ժողովուրդը չի ուզում իր գլխին ունենալ «ճոյտերի», «լֆիկների», «մկների» ընտրած նախագահ։ Մենք շարունակ ասում ենք, որ ապրում ենք ժողովրդավարական երկրում, բայց ամեն ինչ անում ենք, որ ժողովուրդը ոչինչ չորոշի։ Իսկ մեր ժողովուրդը ժողովրդավարությունը լուրջ է ընդունում, որովհետեւ ժողովրդավարությունն իրեն հարազատ է։ Եթե նախագահական ընտրությունների առաջին փուլում գործող նախագահը ստացել է 49,8 տոկոս ձայն, նշանակում է ընդդիմությունը ստացել է 50,2 տոկոս ձայն։ Սա իր հերթին նշանակում է, որ ժողովուրդը նախընտրում է ոչ թե գործող իշխանություններին, այլ ընդդիմությանը, ընդամենը խանգարել է 0,8 տոկոսը։ Այս չնչին տարբերությունը կտասնապատկվի ընտրությունների երկրորդ փուլում, եթե գործող նախագահ-թեկնածուն հանրապետությունում ստեղծված նոր բարոյահոգեբանական մթնոլորտում ինքը ուղղակի չշփվի հասարակության լայն զանգվածների հետ, որոնք ընդունում են նախագահին, ոչ թե նրա անունից հանդես եկողներին։ Մեր հասարակության մեջ երկընտրանքն առաջացել է նաեւ նախագահի շրջապատի պատճառով, իսկ նախագահը առայսօր դեռ հասարակության հետ հաղորդակցվում է այդ շրջապատի միջոցով, ուրեմն հասարակության հակակրանքը կխորանա եւ ընտրությունների երկրորդ փուլում կդառնա որոշիչ։ Ընտրությունների երկրորդ փուլում գործող նախագահը պարտավոր է ընդունել անկեղծ ռազմավարություն, ավելի՝ քան ընդդիմության թեկնածուն։ Սա է նրա վերընտրվելու ամենառեալ ճանապարհը։ Նախագահական քարոզարշավի ժամանակ ընդդիմության կողմից հասարակական կարծիքի մշակման մարտավարությունը կառուցված էր այն սկզբունքով, որ գործող նախագահին վարկաբեկելու հետ միաժամանակ մարդկանց գիտակցության մեջ ամրագրվի այն համոզմունքը, թե ընդդիմությունն արդեն հաղթել է եւ մնում է պարզապես ընտրության օրն այն արձանագրվի։ Ընդդիմությունը շարունակ դժգոհում էր, թե գործող նախագահը տեղական իշխանություններին օգտագործում է ընտրարշավին՝ հօգուտ իրեն, սակայն մեր դիտարկումներից երեւում էր եւ ընտրությունների առաջին փուլը ցույց տվեց, որ հակառակը, տեղական որոշ իշխանավորներ իրենց պահվածքով եւ գործունեությամբ բնակչությանը տրամադրեցին գործող նախագահի դեմ։ Ամբողջ քարոզարշավի ժամանակ երկրապահի դիրքորոշմանը սպասող ուժերը այդպես էլ չհասկացան, որ իր երկրում երկրապահը չի ուզում դիմություն կամ ընդդիմություն խաղալ եւ իր կեցվածքով ազդել զանգվածների վրա։ Երկրապահն իր ժողովրդին միայն կայունություն է խոստացել եւ մնաց իր խոստմանը տեր, օգնելով, որ ժողովուրդը հանգիստ գնա ընտրության։ Ըստ հավաստի տեղեկությունների, փետրվարի 19-ին տարբեր տեղամասերում հարկի-անհարկի հայտնված կռվող տղաները բացարձակ կապ չունեին երկրապահի հետ եւ թող ոչ ոք, օգտվելով առիթից, հեռվից մատ թափ չտա երկրապահի վրա։ Երկրապահում արդեն մեկ անգամ թշնամու վրա մատ թափ տված տղերքն են, որոնք չեն հանդուրժում տղամարդկանց կողմից արվող կանացի սեթեւեթանքները։ Ինչ մնում է երկրապահի անունից դիմության թե ընդդիմության շտաբներում արված կոչ-հայտարարություններին, դրանք ոչ միայն կապ չունեն երկրապահի հետ, այլ նաեւ ընդամենը զանգվածներին համոզելու համար են, որ իբր թե իրենց աջակցում է երկրապահը, իսկ երկրապահի համոզմունքը պետության ամրությունն է, երկրի կայունությունը, որին է միշտ պատրաստ աջակցելու։ Նախագահական 4-րդ ընտրությունները ցույց տվեցին, որ մեր հասարակությունը հասել է իր զարգացման այն փուլին, որում իշխանամետ եւ ընդդիմադիր ուժերը գրեթե հավասար են։ Սա այն պահն է, երբ երկրապահին ժողովուրդը վստահում է շանթարգելի դերը, որը ուղենշված է ի սկզբանե երկրապահի հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի կողմից, եւ, փառք Աստծո, նախագահական ընտրությունների այս փուլում էլ երկրապահը մնաց իր այդ դերում։ Սոցիալապես անապահով եւ աղքատ երկրում դժվար է սիրել սեփական իշխանություններին, մանավանդ որ, իշխանությունների տարբեր օղակներում հաճախ հայտնվում են մարդիկ, որոնք իրենց պահվածքով ու հասարակության մեջ ունեցած հեղինակությամբ վարկաբեկում են իշխանություններին։ Նախագահական այս ընտրություններում ընտրազանգվածի վրա ավելի շատ ազդեց բարոյահոգեբանական այս մոտեցումը։ Հասարակությունն ուզում է ընտրել իր նախագահին, ոչ թե իրեն առաջադրվածին։ Ուստի բնական է, որ երկրորդ փուլում կհաղթի այն թեկնածուն, որը ընտրազանգվածի հետ կմտնի անկեղծ եւ չմիջնորդավորված կապի մեջ։ ՇԱՀԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել