Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր պապերն էլ կասեն՝ թոռ ունենք

Փետրվար 27,2003 00:00

Մեր պապերն էլ կասեն՝ թոռ ունենք Պետական տոնացույցից դուրս մղված Կարմիր բանակի օրը՝ փետրվարի 23-ը, շատերը շարունակում են նշել որպես տղամարդկանց տոն։ Իսկ, օրինակ, սննդի հավելումներ ներկրող «Նյու-Վես» ընկերությունն այդ օրն անցկացրեց տոնական բաց դաս՝ «Նյու-Վես»՝ տղամարդկանց համար» թեմայով։ Եթե լեգենդ չէ, ապա հետաքրքիր է, որ հին չինական կայսրերը որդոց-որդի ժառանգել են «Դեղին գիրք» կոչվող բաղադրատոմսերի հավաքածուն։ «Շնորհիվ այդ սննդային հավելումների, կայսրերն ապրել են շատ երկար, շատ առողջ եւ ունեցել են շատ՝ հազարավոր կանայք, եւ դա պատմական փաստ է»,- ասացին Հայաստանում «Նյու-Վես» ընկերության հիմնադիրներ Արիանա Առաքելյանն ու Ստանիսլավ Զագրեվսկին։ «Նրանք ուղղակի շատ փող են ունեցել»,- «պատմական փաստը» կատակով յուրովի գաղտնազերծեց հյուրերից մեկը։ Առաջ անցնելով, հիմնադիր զույգը պատմեց, որ «Դեղին գիրքը» «պեղումների արդյունքում գտնվել է, ուսումնասիրվել եւ այսօր արդեն կայսերական ժառանգությունը մատչելի է դարձել աշխարհի շատ երկրների հասարակ մահկանացուներին»։ Ավելին, ըստ բանախոսների, «թեպետ աշխարհում շատ գումարներ են ծախսվում առողջության պահպանման ցուցանիշների բարձրացման վրա, բայց ավանդական բժշկությունն այսօր կանգնած է տուպիկի (փակուղի- Ռ. Ա.) առջեւ, գնալով անկում է ապրում, եւ առաջադեմ բժիշկներն ընտրում են սննդային հավելումները որպես առողջության պահպանման առավել հուսալի միջոց»։ «Ես կատեգորիկ դեմ եմ այդ կարծիքին, փակուղի չկա, վերջին տարիներին հատկապես բժշկությունն այնպիսի զարգացում է ապրում, որ համեմատելու բան չէ։ Իսկ ամենալավ սննդային հավելումն անգամ եղել եւ մնում է ընդամենը հավելում առողջապահական ընդունված միջոցներին»,- ոչ իր ելույթում, այլ առանձին տրված մեր հարցին պատասխանելով նշեց սրտաբան-վիրաբույժ Ռոբերտ Գրիգորյանը։ Օգտվելով առիթից, որ տոնական միջոցառման հիմնական մասնակիցները «Նյու-Վես»-ի գործընկեր-գնորդներն էին, զեկուցող առաջատար մասնագետները ներկայացրին տղամարդկանց (նույն է թե՝ կանանց) ճաղատությունը, «ցմփորն» ու այլ «բարեմասնությունները» վերացնող պրեպարատներ։ Իսկ մենք օգտվեցինք սեքսապաթոլոգի հետ «սեղանակցելու» առիթից եւ խնդրեցինք ներկայացնել հայ տղամարդկանց գլխավոր խնդիրներն այսօր։ Պատկերը ստացվեց քիչ է, թե ասել՝ տխուր։ Ըստ սեքսապաթոլոգ-անդրոլոգ Հրաչյա Պապյանի 13-ամյա աշխատանքային փորձի արդյունքների, մեր տղամարդկանց սեռական ունակության սահմանագիծն այսօր ձգում է մինչեւ 50 տարեկանը։ «Դա այն դեպքում, երբ մեր պապերի սեռաունակությունը պահպանվում էր մինչեւ 80 տարեկանը»,- ասաց սեքսապաթոլոգը։ Պատճառն, ըստ նրա, վերջին տարիների ծանր սոցիալական պայմաններն են եւ դրանց հետեւանքով առաջացած նյարդային սթրեսները, ինչից ժամանակին ձերբազատված են եղել մեր պապերը։ «Նույն այդ պայմանների պատճառով այսօր լայն տարածում են գտել զանազան ինֆեկցիոն հիվանդություններ, բուժումը թանկ է, մարդիկ բժշկի են դիմում միայն ծայրահեղ վիճակում,- հաջորդ «տղամարդկային» խնդիրը ներկայացրեց բժիշկն իր հետեւանքով,- այսօր ուսումնասիրվող անպտուղ զույգերից յուրաքանչյուր երրորդի ամլության մեղքը տղամարդունն է եւ պատճառը ժամանակին չբուժած ինֆեկցիոն հիվանդությունն է»։ Շարադրելով մի քանի այլ խնդիրներ եւս, Հ. Պապյանը «գուժեց», որ դրանք բնորոշող թվային պատկերը գնալով ավելի տխուր է դառնում եւ որ իրեն դիմող հիվանդների հիմնական մասը երիտասարդ տղամարդիկ են։ «Եվ սեռաունակության կորստի (իմպոտենցիա), եւ ամլության ցուցանիշները մեր տղամարդկանց մոտ գնալով խորանում են, ինչը կատաստրոֆիկ երեւույթ է մեր ազգի համար»,- ասաց Հ. Պապյանը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել