Լրահոս
Օրվա լրահոսը

«1996-Ը ԿԿՐԿՆՎԻ»

Փետրվար 27,2003 00:00

«1996-Ը ԿԿՐԿՆՎԻ» Ասում է ԱԺՄ անդամ Վարդուհի Իշխանյանը, որ Արաբկիրի 6-րդ ընտրատարածքային հանձնաժողովի անդամ է – Իշխանության ներկայացուցիչները սկսել են պնդել, թե ընդդիմությունն էլ է կատարել ընտրակեղծիքներ: Ընտրության անցած փուլի Ձեր դիտարկումներից դատելով՝ հիմնավորվա՞ծ պնդում է սա: – Սա ուղղակի ծիծաղելի է եւ անտրամաբանական: Նույնիսկ անհնար է, որ ընդդիմությունը կարողանար իրականացնել խախտումներ, քանի որ հանձնաժողովներն այնպես են ձեւավորված, որ գործնականում 1-2-ն են ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ: Եվ եթե նույնիսկ եղել են նման փորձեր՝ համոզված եմ, որ դրանք իշխանությունն է կազմակերպել, որ կարողանա ստեղծել հավասարակշռության պատրանք: Զարմանալին այն է, որ այս նույն մեթոդը գործադրվել է նաեւ 1995-1996-ին՝ այն ժամանակ էլ էր իշխանությունը մեղադրում, թե հօգուտ ընդդիմության էլ են կատարվել կեղծիքներ: Ես դեռ 90-ականներից եմ շատ ակտիվորեն մասնակցել բոլոր ընտրություններին՝ եղել եմ հանձնաժողովի անդամ, շտաբի պետ: Բայց դեռ չէի տեսել այս կարգի ընտրություններ, որտեղ եղան բոլոր տիպի խախտումներ՝ ընդ որում, 10-պատիկ, 20-պատիկ «կատարելագործված»՝ վատ իմաստով: Օրինակ՝ 1996-ին շատ լավ, բնականոն հունով էին ընթանում ընտրությունները՝ մինչեւ տեսան, որ պարտվում են եւ սկսեցին փոխել արձանագրությունները: Բայց նույնիսկ այդ պարագայում դեռ հասարակության մի զգալի մասին այսքան չէին փչացրել եւ մտցրել ընտրակեղծիքների խաղի մեջ: Իմ կարծիքով՝ այս ընտրությունները բոլոր չափանիշներով չկայացած են եւ պիտի համարվեին անվավեր: Բայց գիտակցում եմ, որ դա, իհարկե, անհնար է: Երկրորդ փուլ գնալն իշխանությունների համար, ինչ-որ տեղ, զիջման ձեւ էր: Նաեւ համոզված եմ՝ եթե չլինեին դիտորդների խիստ գնահատականները, նրանք առաջին փուլում կսարքեին-կավարտեին այդ ամենը: Ընդ որում՝ նույն մարդիկ են ընտրակեղծիքներ կատարողները, ինչ 1995, 1996-ին. Արաբկիրում՝ Շահինյան Հովիկը, Ալրաղացի Լյովիկը… Նրանց գումարած՝ նախկինում ՀՀՇ-ին մոտ կանգնած անձինք, ասենք՝ Գուրգեն Արսենյանը: Ամբողջ խուժանը, տականքը, որ կա Արաբկիրում՝ բոլոր մեթոդներով ապահովում էին Քոչարյանի օգտին ինչ-որ տոկոս: Մեր հանձնաժողովի որոշ անդամներ (անուններն առայժմ չեմ ցանկանում տալ) ղեկավարում էին այդ կեղծարարներին՝ փաստաթղթեր եւ տեղեկատվություն տալով նրանց, որ կարողանան աշխատել մարդկանց հետ: Նախկինում ՀՀՇ-ին ծառայող այդ կեղծարարներին, ցավոք, գումարվեց նաեւ Դաշնակցությունը, որ մեզ հետ միասին ժամանակին պայքարում էր ընտրակեղծիքների դեմ: Ափսոսում եմ, որ նրանք այժմ հովանավորում եւ մասնակցում են այդ կեղծիքներին: Իրենց գործունեությունն արդարացնում են՝ իբր կանխում են ՀՀՇ-ի վերադարձը: Բայց նրանք աշխատում են նրանց հետ, որոնք կեղծիքներ էին անում նաեւ ՀՀՇ-ի օրոք: – Արաբկիրում ընթացած ընտրությունների վերաբերյալ բազմաթիվ էին բողոքները: Ի՞նչ արձագանք ունեցան: – Կեղծիքները համատարած էին, եւ պետք է ավելի շատ լիներ բողոքների թիվը: Բայց դրա դեմն էլ էին առել՝ հանձնաժողովի անդամների մի մասին ահաբեկել էին, մյուսին՝ կաշառել, ուստի աչքերը փակել էին կեղծիքների առջեւ, ու շատ տեղերում չեղան բողոքներ: Իմ կարծիքով, Արաբկիրում առանձին դեպքեր կան, որոնցով պիտի զբաղվի դատախազությունը, եւ պատժվեն որոշ մարդիկ, քանի որ դիմումներ, ձեռագրեր են կեղծվել, եւ այլն: Արաբկիրի 6-րդ ընտրատարածքային հանձնաժողովին հասցեագրված դիմում-բողոքները շուրջ 16-ն էին, եւ հանձնաժողովը նախ որոշեց ստուգել 2 քվեատուփերի պարունակությամբ տոպրակները: Հաջորդ օրը ՀԺԿ ներկայացուցիչը հայտարարեց, թե տեսել է, որ փոխված է այն թուղթը, որով փակվել էր քվեաթերթիկներ պարունակող սեյֆը: Ես էլ կասկած հայտնեցի, թե կարող են փոփոխված լինել տոպրակները եւ առաջարկեցի բացել մյուս 12-ից որեւէ մեկը: Հանձնաժողովի անդամներն, իբր ջգրու, քվեարկությամբ որոշեցին, թե ընդհանրապես չեն կատարելու որեւէ ստուգում: Հետո մենք այդ բոլոր տոպրակները տարանք արխիվ, եւ իմ աչքով տեսա, թե ինչ խայտառակ վիճակում էին դրանք՝ թղթերը վրայից պոկված, շատերը կնքված չէին… Բոլոր հիմքերն ունեմ կասկածելու, որ այդ տոպրակների պարունակության հետ ինչ-որ բան է կատարվել: – Անցած 5 տարիներին Վազգեն Մանուկյանը հանդես չէր գալիս արմատական ընդդիմության դիրքերից, իսկ այժմ, իր շուրջ 12 հազար ձայներով պաշտպանելով Դեմիրճյանին՝ պահանջում է Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը: Ինչպե՞ս եք բացատրում այս փոփոխությունը: – Իմիջիայլոց, անգամ 1995-1996-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ էր Վազգեն Մանուկյանն արտահայտվում շատ չափավոր: Դա նրա բնավորության գիծն է: Եվ այժմ միացել է Ստեփան Դեմիրճյանին ոչ այն պատճառով, որ գտնում է, թե նա է նախագահի միակ արժանի թեկնածուն: Ուղղակի ԱԺՄ-ի եւ հատկապես Վազգեն Մանուկյանի սկզբունքն է՝ եթե ժողովուրդը ձայնը տվել է այս թեկնածուին, ուրեմն պիտի պաշտպանենք ժողովրդի ընտրությունը: Այն, ինչ պատահեց Վազգեն Մանուկյանի ձայների հետ՝ առավել մեր հասարակության պարտությունն է: Ամենաշատը Ռոբերտ Քոչարյանին եմ մեղադրում կատարվածի համար, քանի որ ապագաղափարականացրեց հասարակությունը: Հասցրեց նրան, որ հավաքվեցին մարդիկ, որոնք ամեն կերպ ազատվել էին ցանկանում Քոչարյանից, եւ այստեղ արդեն, ցավոք, ոչ ծրագրերն էին դեր խաղում, ոչ ողջամիտ առաջարկները, այլ միայն ատելությունը գործող նախագահի նկատմամբ: Մինչ սկիզբ առած ձերբակալությունները՝ հակված էի երկու թեկնածուներին էլ քվեարկել «դեմ»: Բայց հիմա, հետեւելով, թե ինչ հակաքարոզչություն են ծավալել Քոչարյանի կողմնակիցները, եւ մերժելով ծավալված բռնությունները՝ կամուկացի մեջ գտնվող բոլոր մարդկանց խորհուրդ եմ տալիս՝ մեկ օր առաջ ազատվել ներկա իշխանություններից: Շատ վտանգավոր է զոռով պահած իշխանությունը, որի ետեւում չկա ժողովուրդ: Ժողովուրդը չի սիրում ներկա նախագահին, ու եթե նա շարունակի մնալ՝ ատելությամբ է լցվելու ժողովրդի նկատմամբ: Նույնը կատարվեց նաեւ 1996-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի պարագայում: Եվ քանի որ տեսել եմ այդ ամենը՝ մեծ կասկածներ ունեմ, որ նույնը կրկնվելու է նաեւ հիմա: 1996-ի հետեւանքներից դասեր չեն քաղում նախագահները: Այդ ժամանակ ուժային նախարարներն ամեն ինչ արեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մնա իշխանության, եւ դրանով նա կախման մեջ հայտնվեց նրանցից, որից հետո Լեւոնին կարողացան հեշտությամբ հեռացնել հեղաշրջմամբ: Հիմա նույն բանն է կատարվում: Համոզված եմ, որ Քոչարյանն առանց կեղծիքների չի կարող մնալ իշխանության եւ, եթե «ընտրվեց» երկրորդ փուլում՝ պիտի պարտական լինի, ասենք, ճոյտերին, շմայսներին կամ Դաշնակցությանը: Եվ որոշ ժամանակ անց կլինի նույնը, ինչ 1996-ից հետո՝ 1998-ին: Եվ ճոյտերից որեւէ մեկը կգա իշխանության: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել