Հայտարարություն Երեկվա հանրահավաքի ժամանակ Ստեփան Դեմիրճյանին սատարող 13 քաղաքական կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. Արձանագրելով, որ ՀՀ նախագահի ընտրությունների քողի տակ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա մերձավոր շրջապատի կողմից տեղի է ունենում իշխանությունը բռնազավթելու անթաքույց փորձ, ինչի արտահայտություններն են. – փետրվարի 19-ի քվեարկության եւ դրանից հետո քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում զանգվածային օրինախախտումները, այդ թվում՝ բռնությունները եւ կեղծիքները հօգուտ Ռ. Քոչարյանի, ինչն արձանագրվել է նաեւ ԵԱՀԿ դիտորդական առաքելության կողմից, – Զինված ուժերի հրամանատարությանը պարտադրված հայտարարությունը եւ բանակի առանձին ստորաբաժանումների տեղաշարժը դեպի Երեւան, որը փորձ է բանակը քաղաքականացնելու եւ օգտագործելու ռեժիմը պահպանելու համար, Փաստելով, որ նշված գործողությունները կոպտորեն ոտնահարում են ինչպես ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները, այնպես էլ ՀՀ միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ 2002 թվականին ՀՀ կողմից վավերացված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ, որ Ռ. Քոչարյանն ի պաշտոնե պարտավոր է հետեւել Սահմանադրության պահպանմանը եւ միջազգային պարտավորությունների կատարմանը. նրանից պահանջում ենք. 1. Պաշտոնանկ անել պաշտոնական դիրքը չարաշահող, ընտրակեղծիքներ եւ բռնություններ կազմակերպող ու հովանավորող նախարարներ Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, Անդրանիկ Մանուկյանին, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանին։ 2. Անհապաղ վերջ տալ քաղաքական հետապնդումներին եւ ազատ արձակել այդ հետապնդումների հետեւանքով վարչական կալանքի տակ գտնվող բոլոր անձանց։ 3. Արդարադատության խորհրդում քննել այն դատավորների լիազորությունների դադարեցման հարցը, որոնք ապօրինի որոշումներ են կայացրել դռնփակ նիստերում՝ առանց փաստաբանի, կամ այդ որոշումները ընդունել են ոստիկանության շենքերում։ 4. Առաջարկել ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանին՝ հրաժարական տալ, իսկ ՀՀ դատախազությանը՝ քրեական գործ հարուցել նրա նկատմամբ՝ օրենքով սահմանված պարտականությունները չկատարելու, հանցավոր անգործություն ցուցաբերելու, ընտրական հանձնաժողովների օրինազանցությունները հովանավորելու եւ ընտրակեղծիքներին մասնակից դառնալու հիմքերով։ 5. Քրեական գործեր հարուցել այն անձանց նկատմամբ, որոնք, խախտելով օրենքը, կազմակերպել եւ իրականացրել են ընտրակեղծիքներ եւ բռնություններ։ 6. Պահանջել, որպեսզի Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Ա. Հարությունյանը հրաժարական տա։ 7. Ռոբերտ Քոչարյանը պետք է հայտարարի, որ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած զանգվածային իրավախախտումները, կեղծիքները եւ բռնարարքներն անընդունելի եւ դատապարտելի են։ Եթե Ռոբերտ Քոչարյանը չիրականացնի վերոհիշյալ պահանջները, նա պետք է հրաժարական տա ՀՀ նախագահի պաշտոնից։