Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է»

Փետրվար 27,2003 00:00

«ԺՈՂՈՎՐԴԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է» Բազմահազարանոց հանրահավաքում հայտարարեց Ստեփան Դեմիրճյանը «Իբր քաղաքակիրթ ընտրություններ ենք անցկացրել, հիմա մնում է գնանք քաղաքակիրթ բանավեճերի։ Ես որեւէ խնդիր չունեմ որեւէ բանավեճի հետ կապված, որովհետեւ վստահ եմ, որ բանավեճերում կհաղթեմ այնպես, ինչպես ընտրություններում։ Բայց ես չեմ կարող գնալ բանավեճի մի մարդու հետ, որը հովանավորում է հանցագործներին, հովանավորում է կեղծարարներին եւ որեւէ մեկին պատասխանատվության չի ենթարկում։ Երբ պատասխանատվության կենթարկի, երբ կպատժի, խնդրեմ, գնանք-բանավիճենք։ (Ստեփան Դեմիրճյանի ելույթը Մատենադարանի մոտ հավաքված ժողովուրդն ընդունում էր ջերմորեն եւ հավանությամբ.- Մ. Ե.)։ Այսօր ամբողջ պետական քարոզչական մեքենան սուտ եւ կեղծիք է տարածում, ես ուզում եմ ասել, որ միեւնույն է, ժողովուրդը շատ լավ հասկանում է ով ով է («այո»- գոռում էր ժողովուրդը.- Մ. Ե.), սեփական ժողովրդի դեմ պայքարող իշխանությունը դատապարտված է։ Միայն հասարակության կամքն ու վճռականությունը կասեցրեց մեկ փուլով Ռ. Քոչարյանին նախագահ հռչակելու ծրագիրը։ Ժողովրդավարությունը Հայաստանում հաղթանակելու է։ Մենք չենք հանդուրժել եւ չենք հանդուրժելու իշխանության բռնազավթման ցանկացած փորձ։ Միասին մենք հաստատելու ենք ժողովրդի իշխանություն, միասին հասնելու ենք նրան, որ օրինական ճանապարհով արդարությունը եւ արժանապատվությունը մեր երկրում հաղթանակեն»։ Մատենադարանի մոտ հավաքված հայ ժողովուրդը միահամուռ եւ համերաշխ արձագանքեց Ստեփան Դեմիրճյանի խոսքին։ Ընդհանրապես կասկածներ կային, որ երկու օր շարունակվող բռնությունները, ձերբակալությունները, մարդկանց ահ ու սարսափի մեջ պահելու փորձերը կկոտրեին ժողովրդին, եւ Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպմանը եկողների թիվը կպակասեր։ Բայց այդ թիվը գնալով աճում է եւ, ակներեւաբար, իշխանությունները պարզապես անելանելի վիճակում են։ Հանրահավաքի մասնակիցները եւ 13 քաղաքական ուժեր հանդես եկան հայտարարությամբ եւ մի շարք պահանջներով, որոնք նախագահ Քոչարյանին հասցնելու նպատակով հանրահավաքի մասնակիցները՝ օգտվելով սահմանադրական իրավունքից, խաղաղ երթով ուղեւորվեցին դեպի նախագահական նստավայր։ Սակայն սեփական ժողովրդից վախեցած իշխանությունները փշալարերով, զորքով, ջուր մղող զրահամեքենաներով եւ զենքով դիմավորեցին ժողովրդին։ Եթե կարգուկանոն հաստատելը սեփական ժողովրդի դեմ զորք հանելն է եւ փշալարերի ետեւում պատսպարվելը, ուրեմն առայժմ գործող իշխանություններին այդ բանը հաջողվում է։ Խաղաղ ցուցարարները «ա՛-մո՛թ, ա՛-մո՛թ», «Քո՛-չա՛ր-յա՛ն, հե՛-ռա-՛ցի՛ր», «Ռո՛-բե՛րտ, հե՛-ռա՛-ցի՛ր» եւ «Դե՛-մի՛ր-ճյա՛ն, նա՛-խա՛-գա՛հ» վանկարկելով՝ ետ վերադարձան Մատենադարան։ Մարդիկ չէին ուզում ցրվել։ Այստեղ Ալբերտ Բազեյանը հայտարարեց, որ ժողովրդի պահանջները նախագահականը չի ընդունել, եւ քաղաքական ուժերը որոշում են կայացրել դրանք ուղարկել Հայաստանում գործող դեսպանատներին։ Հայաստանում ստացվել է մի վիճակ, երբ վերեւները չեն ուզում հեռանալ, ժողովուրդը շարունակում է պահանջել այդ հեռացումը։ Կարծում եմ, ժամանակին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում էր, թե ինքը հեռանում է, եւ իշխանության է գալիս պատերազմի կուսակցությունը, բոլորս մտածում էինք, թե ասվածը արցախյան հիմնախնդրին է վերաբերում։ Բայց երեկ տեսնելով ժողովրդի դեմ դուրս բերված զորքը (ջահել զինվորներ, երեւի իրենք էլ չէին պատկերացնում, թե որտե՞ղ է թշնամին, ո՞ւմ դեմ պետք է կռվել)՝ ակամա հիշեցի «պատերազմի կուսակցությունը» արտահայտությունը։ Շատ կուզեմ սխալված լինել զուգահեռներում։ Շարունակելով զորքի թեման. հանրահավաքի մասնակիցներին տեղեկություն տրվեց, որ Արցախից զորքեր են տեղաշարժվում դեպի Հայաստան. «Հայաստանում զինվորական զորամասեր են տեղափոխվում մայրաքաղաք։ Այդպիսի զորամասեր, ըստ մեր տեղեկությունների, տեղափոխվել են նաեւ Արցախից։ Սա բացարձակ անթույլատրելի երեւույթ է, որովհետեւ Արցախյան ազատամարտը մեր սուրբ հավատն է, եւ հակադրել միասնական էթնիկական հայ ժողովրդի երկու հատվածները որեւէ իշխանության թույլատրված չէ»։ Շավարշ Քոչարյանի առաջարկով հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթի ջարդերի զոհերի (երեկ Սումգայիթյան ջարդերի հիշատակի օրն էր) եւ վերջին տարիների բոլոր նահատակների հիշատակը։ Պրն Քոչարյանն ասաց, որ այսօր հանուն իշխանությունը պահելու Ռ. Քոչարյանը եւ նրա շրջապատը պատրաստ են հակադրելու հայաստանցիներին եւ ղարաբաղցիներին։ «Այն ձեռագիրը, որ այսօր տեսնում ենք, փլուզվող, հոգեվարքի մեջ գտնվող ռեժիմի ձեռագիր է։ Հիշեք ինչքան է նման 88-90 թթ. ժամանակվա ռեժիմի վարքագծին։ Հավաքվում էր ժողովուրդ՝ հարյուր-հազարներով, հայտարարում էին՝ մի խումբ էքստրեմիստներ։ Այսօր փորձում են հեռուստատեսությամբ ներկայացնել, որ հարբած կանայք են հավաքվում, նարկոմաններ են հավաքվում։ Այսպիսին է իշխանության վերաբերմունքը սեփական ժողովրդի նկատմամբ։ Նրանք դարձել են ժողովրդի թշնամի»։ Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ Էմմա Դավթյանը պատմեց հանրահավաքի մասնակիցներին, թե ինչպես են իրենց պահել Ռ. Քոչարյանին սատարող ՀՅԴ եւ «ՕԵ» անդամներն ընտրության օրը. «նրանք որքան էլ ջանացին իրենց կողմից բացեիբաց կատարվող կեղծիքներով ավելացնել Քոչարյանի ձայները, միեւնույն է՝ ժողովրդի քվեն հօգուտ Դեմիրճյանի կրկնակի էր»։ Հնչակյան Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ջորջ Հակոբյանը հայտարարեց, որ սփյուռքի հայությունը եւս վրդովված է նախագահական ընտրությունների խայտառակ ընթացքից. «ինչ խոսք կարող է լինել երկրորդ փուլի մասին, երբ ոչ մի երաշխիք չկա, որ այդ նույն հանցագործությունները չեն կրկնվելու»։ Արամ Սարգսյանը («Հանրապետություն») հայտարարեց, որ այսօրվա իշխանությունները նման են մի հիվանդի, որին նույնիսկ «Արմենիկումը» չի օգնի։ Ըստ Արամ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանը քվե չունի, նրանը քվեաթերթիկ է. «ձեզ խաբել ու խաբում են, որովհետեւ ամենադժվար բանը իշխանավորին ճիշտն ասելն է, իսկ ձեր թիմը ոչ միայն իշխանավորին, իրենց կանանց էլ ճիշտը չի ասում»։ Ալբերտ Բազեյանը ելույթում հայտարարեց, որ իրենց կողմից ներկայացված բազմաթիվ օրինական պահանջները չեն կատարվում իշխանությունների կողմից. «Նա, ում թիկունքին կանգնած է ժողովուրդը՝ անպարտելի է, նա, ումից երես է թեքել ժողովուրդը, այլեւս պարտված է, եւ ոչ մի բռնություն, օլիգարխների ոչ մի աջակցություն կամ պետական լծակների կիրառում չեն կարող փրկել Ռոբերտ Քոչարյանին»։ Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, ժամը 16-ին, Մատենադարանի մոտ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Հանրահավաքի ժամանակ հնչեցին բազմաթիվ որակումներ որոշ նախարարների եւ պատգամավորների հասցեին, որոնք հարմար չենք գտնում հրապարակել։ Հանրահավաքի մասնակիցներից հարթակ էին գալիս նամակներ, որոնցում «նախշված» էին որոշ նախարարներ։ Այդ նամակները հանրահավաքի կազմակերպիչները եւս հարմար չգտան բարձրաձայնել։ Վերոհիշյալ նախարարները եթե ուզում են իմանալ, թե իրականում ի՞նչ է մտածում իրենց մասին ժողովուրդը, կարող են դիմել մեր խմբագրությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել