Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՑՈՒՅՑ ԿՏՐՎԻ ԻՐ ՏԵՂԸ

Փետրվար 27,2003 00:00

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՑՈՒՅՑ ԿՏՐՎԻ ԻՐ ՏԵՂԸ Խոստանում է Ռոբերտ Քոչարյանը «Հասկանում եմ, որ կան մարդիկ, որոնք երկար տարիներ միայն վարժել էին իրենց լեզուն, եւ ուղղակի կառաջարկեի մի քիչ էլ ծանրաբեռնել իրենց ուղեղը: Այդ դեպքում, համոզված եմ, մարդկանց կեցվածքը մեկ ուրիշ կլիներ»,- երեկ իր մամուլի ասուլիսում ընդդիմության ներկայացուցիչների վերաբերյալ հայտարարեց գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ առաջարկելով ժողովրդին վերցնել «մի գրիչ, մի թուղթ» եւ լուծել «մի փոքր» խնդիր: Այսպիսով, Երեւանում ընտրությունների մասնակիցների թիվը եղել է 58 տոկոս, իսկ ընդդիմության բողոքներն, ըստ նրա, հիմնականում վերաբերում են Երեւանի 70 ընտրատեղամասերին: «Ամեն մի տեղամասում կա 1200 ձայն: Եթե նույնիսկ կեղծվի այդ ձայների 50 տոկոսը՝ նախագահի օգտին, իսկ դա ուղղակի հնարավոր չէ, ապա դա ընդամենը կաներ մոտ 30.000 ձայն, այն պայմաններում, որ գործող նախագահն այդ տեղամասերում պետք է հավաքեր «0» կամ «մինուս» ձայներ: Ուրեմն, խոսքն ընդամենը գնում է 30.000 ձայնի մասին, որը պետք է բաշխվեր 2 թեկնածուների՝ Դեմիրճյանի եւ Գեղամյանի մեջ, եւ ամեն մեկի ձայնը կավելանար 15.000-ով՝ 1-ական տոկոս: Սա է հարցի, աղմուկի գինը»,- ընդդիմությանը մխիթարեց Ռ. Քոչարյանն ու հարցրեց. «Պարոնայք, ո՞նց եք դուք ձեզ թույլ տալիս այսպիսի հաշվարկներ ունենալով՝ հավաքել ժողովրդի մի ստվար զանգված եւ հայտարարել ձեզ ընտրված նախագահ եւ դրդել ժողովրդին անօրինական քայլերի՝ ստելով, անպատասխանատվությամբ: Իսկ եթե արյուն թափվե՞ր, ո՞վ պետք է տար դրա պատասխանը»: Ռ. Քոչարյանը նաեւ հայտարարեց, որ հանրահավաքների ժամանակ ձերբակալված մարդիկ, որոնք այսօր գտնվում են վարչական կալանքի տակ՝ խաբված են ընդդիմության կողմից իրենց իսկ «վրեժլուծության» պատճառով: «Հասկանում եմ, որ մարդիկ կորցրել են պաշտոններ, գործարաններ, թալանի հնարավորություններ, բայց այդ ամենի գինը ժողովրդի հաշվին չպետք է փոխհատուցվի: Սա միանշանակ պետք է հասկանան այն մարդիկ, որոնք փորձում են ժողովրդի հաշվին լուծել իրենց հարցերը»,- զգուշացրեց գործող նախագահը՝ ավելացնելով, որ ինքն իրեն թույլ է տալիս խոսել նման տոնով, քանի որ ընտրությունների արդյունքները ցույց են տվել, թե ով ինչ է իրենից ներկայացնում, ու նաեւ, ինչպես հարիր է գործող նախագահին, համբերել ու սպասել այդ արդյունքներին՝ ի տարբերություն մի շարք թեկնածուների, որոնք «7 ամսականի» նման վազեցին ասուլիսների՝ մինչ վերջնական արդյունքների հրապարակումը՝ փորձելով նման ճանապարհով լուծել իրենց հարցերը: Այնուհետեւ իր զարմանքն արտահայտեց, թե ինչպես են նման անպատասխանատու մարդիկ մասնակցում ընտրություններին ու հավակնում իր պաշտոնին: «Եթե դուք չեք տիրապետում թվաբանությանը կամ կալկուլյատորով հաշվել չգիտեք, ապա կարող եք հրավիրել մասնագետների, որոնք կհաշվեին ու կասեին, որ ձեր ամբողջ բողոքը, այսպես ասած, նման է նրան, որ սարը մուկ է ծնում»,- համեմատություն արեց Ռ. Քոչարյանը: Ըստ նրա, քարոզարշավի ընթացքում ինքը փորձել է առավելագույնս քաղաքակիրթ քարոզչություն վարել, այնինչ ընդդիմադիր շատ թեկնածուների նպատակն իր դեմ հակաքարոզչություն տանելն է եղել, որի ընթացքում մի շարք թեկնածուներ, ինչպես նշեց Ռ. Քոչարյանը, անցել են բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի էթիկական նորմերը: Անդրադարձավ քարոզարշավի ընթացքում ընդդիմության հայտարարություններին, թե կեղծվելու են ընտրությունների արդյունքները՝ հավաստելով, որ դրանով նրանք «հող էին պատրաստում» այսօրվա հանրահավաքներին ակցիաներ կազմակերպելու համար: Նաեւ նշեց, որ եղել են խախտումներ թե՛ հօգուտ իրեն, թե՛ ընդդիմության, սակայն դրանց ծավալները՝ անցումային շրջանում գտնվող երկրների համար, թույլատրելի սահմաններում են եղել, որոնք չէին կարող առաջացնել այնպիսի «հիստերիկ» դրսեւորումներ, ինչպիսին առկա է ընդդիմության մոտ: Դա վերաբերում էր 28 տոկոս ձայն հավաքած ընդդիմության թեկնածուին ընտրված նախագահ հռչակելուն եւ հանրահավաքների ժամանակ «ագրեսիվ» ու հակասահմանադրական կոչեր անելուն: Եվ հայտարարեց, որ իշխանության արձագանքը պետք է ադեկվատ լիներ այդ ամենին, եւ նա պետք է միջոցներ ձեռնարկեր երկրի կայունությունը պահպանելու համար: Իսկ ինչ վերաբերում է երկուստեք կազմակերպված ընտրակեղծիքներին, որի պատասխանատուն այնուամենայնիվ իշխանությունն է, նշեց, որ իրենք առաջին փուլում «մեղմ» են եղել, ինչը թույլ չեն տա երկրորդ փուլում եւ կընտրեն ավելի «խիստ» ճանապարհ: Եթե ընդդիմությունը կարողանում է ընտրակեղծիքներ անել, արդյոք դա չի՞ նշանակում, որ իշխանությունը չափազանց թույլ է: Լրագրողներից մեկի այս դիտարկմանն ի պատասխան, Ռ. Քոչարյանն ասաց. «Դա ցույց է տալիս, որ իշխանությունը հանդուրժողական է, որ չի կիրառել իր վարչական ռեսուրսը, որը կարող էր կիրառել այդ ընդդիմությանն իր տեղը ցույց տալու համար, ոնց որ արվում էր նախկինում: Դա նշանակում է, որ իշխանությունն ընտրել է ժողովրդավարական ճանապարհ, ընդդիմությանն առաջարկել է քաղաքակիրթ ընտրություններ, ինչը ցույց է տալիս, որ ընդդիմությունն այդ առաջարկին պատրաստ չէ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ երկրորդ փուլում թույլ չեն տալու մի շարք «հիստերիկ, էկզոտիկ պատգամավորներով մտնել, հայհոյել մարդկանց, ահաբեկել, մինչեւ անգամ լույս անջատել, կռիվ-բան սարքել»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել