Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ տեղերը՝ երկու անգամ

Փետրվար 26,2003 00:00

Լավ տեղերը՝ երկու անգամ Ազգիս մեծ մասը հիվա՞նդ է Նախորդ օրը լրատվական գործակալություններով իր հայտարարությունը տարածելուց հետո երեկ ՀՆԿԿ-ն (Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցություն) նույն հայտարարությամբ հանդես եկավ Ժուռնալիստների միությունում։ Եվ այսպես, ՀՆԿԿ-ն իր կենտկոմի քարտուղար Յուրի Մանուկյանի բերանով «համոզված է, որ ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը մեր երկրին հնարավորություն կտա միջազգային հանրությանը ներկայանալ անթերի եւ անառարկելի լեգիտիմությամբ օժտված ազգընտիր նախագահով» (նկատի ունեն Ռ. Քոչարյանին), եւ որ այդպես են մտածում ոչ միայն իրենք, այլեւ «մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը կազմող առողջ հատվածը»։ Հետեւեցնենք, որ եթե «ազգի առողջ հատվածը», որն «ազգընտիր նախագահին» ապահովեց 700 հազար ձայնով, կազմում է մեր ժողովրդի մեկ չորրորդը (ըստ վերջին մարդահամարի տվյալների), ապա «հիվանդ» հատվածը գերակշռող առավելություն ունի։ Այդ պարագայում նախագահի «ազգընտիր» որակումն ավելի քան փչոց է։ ՀՆԿԿ-ն, հետեւելով իր ընտրյալի այն բացահայտմանը, որ «ՀՀՇ-ի ականջներն արդեն երեւում են», հայտարարեց, որ «ՀՀՇ-ն տիրապետում է արագորեն ապատեղեկատվություն տարածելու, ժողովրդին թյուրիմացության մեջ գցելու տեխնոլոգիաներին, որի իրականացման համար ունի կազմակերպված կառույցներ, հսկայական ֆինանսներ»։ Միանգամից ասենք, որ այս հարցում գործող նախագահին գերազանցող մինչ այժմ չի եղել, ու Աստված չանի, որ լինի։ Եվ զուր է ՀՆԿԿ-ն «իր խնդիրը համարում եւ կոչ անում լրատվության բոլոր միջոցներով այդ ամենը բացատրել ընտրազանգվածին»։ Քանի որ նույն ընտրազանգվածը ոչ թե ունկնդիրը, այլ ականատեսը եղավ ե՛ւ ընտրախախտումները խիստ կազմակերպված իրականացնող կառույցների «տեսականուն» ու գործելակերպին, ե՛ւ ընտրակաշառքի ու այլ նպատակներով ծախսված ահռելի գումարներին, որոնց իրական չափը երբեք ու ոչ մի մեխանիզմով չի ճշտվի։ Վերջապես, նույն ընտրազանգվածը իր տեսածին ու լսածին բացարձակ չհամընկնող պատկերը տեսավ ու լսեց ապատեղեկատվություն տարածելու իշխանական բոլոր տեխնոլոգիաներով։ Այս ամենից հետո Յուրի Մանուկյանը դեռ նկատում է, որ «ժողովուրդը գնահատական է տալիս ռեալ իրականությանը, ինչը խոսում է Ռ. Քոչարյանի օգտին» (միամի՜տ անտեղյակություն)։ Ընտրակեղծիքների մասին ՀՆԿԿ-ն ունի իր դիրքորոշումը՝ «դրանք կազմակերպել է ընդդիմությունը, որ հետո մեղադրի իշխանությանը»։ Ասել է, թե՝ քվեատուփերի լցոնումն իշխանությունների կողմից կարելի է համարել հարմար ձեւ՝ մի գնդակով երկու նապաստակ խփելու համար։ «Իսկ ովքե՞ր են պաշտպանում Դեմիրճյանին,- հարցրեց ու «պարզաբանեց» Յու. Մանուկյանը,- ես անձամբ եմ տեսել հետին շարքերում հավաքված հարբածների»։ Եթե ընդդիմությունը կարող էր «կազմակերպել» ընտրակեղծիքներ, այն էլ՝ հօգուտ Քոչարյանի, ապա իշխանությունների համար դժվա՞ր էր կազմակերպել ե՛ւ հարբածների, ե՛ւ կարգազանցների առկայություն բաց հանրահավաքում, որ հետո ընդդիմությանը մեղադրելու գոնե մի «կոզըր» ունենա։ Մեր այս հարցին Յու. Մանուկյանը երկար ու խուճուճ պատասխան տվեց, որից ոչ թե հասկացանք, այլ ենթադրում ենք, որ «դա հնարավոր չէ»։ Իսկ միգուցե համատարած ձերբակալությունները նո՞ւյնպես ընդդիմության ձեռքի գործն են։ «Փառք Աստծո՝ «ոչ», իհարկե, բայց ես գտնում եմ, որ ով բողոք ունի կամ եթե առկա են օրենքի խախտումներ, ապա դրանք կարող են լուծվել դատական կարգով»։ Ի դեպ, նախ պարոն Մանուկյանը հայտարարեց, որ «գործող նախագահը ընտրության առաջին փուլում ստացել է ավելի շատ քվե, քան ընդդիմության բոլոր թեկնածուները միասին վերցրած», ապա խիստ անհանգստացած զգուշացրեց. «Եթե մեր ժողովրդի մի մասը ձայն տա ընդդիմության թեկնածուին, կնշանակի հասարակությունը հրաժարվում է անկախ ապրելու ցանկությունից»։ Այսինքն, ըստ նրա, անկախությունն այն է, երբ ողջ ժողովուրդն իր բոլոր «մասերով» ինքնակամ տեղավորվում է մեկ մարդու կրնկի տակ։ Սա ոչ թե նորացված, այլ շատ հին ու հնացված կոմունիստի մտածելակերպ է։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել